Հայ կանանց ու երիտասարդ աղջիկներին խորհրդատվությամբ աջակցելու նպատակով Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իրականացնում է Կանանց մենթորական ծրագիրը։ Երեկ՝ մարտի 30-ին, կազմակերպված ընդունելությանը հրավիրված էին ծրագրի նոր՝ 4-րդ շրջափուլի մասնակիցները` ուսանողուհիներ եւ առաջադեմ կին գործիչներ, որոնք համաձայնել են հանդես գալ որպես խորհրդատու-ուղղորդող կամ մենթոր:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ազդարարել է Կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլի մեկնարկը` նշելով, որ խորհրդատուները տարբեր ոլորտներից են՝ հասարակական, կրթական, մշակույթի, բիզնեսի, պետական կառույցների եւ այլն. «Հայաստանին անհրաժեշտ են հայ գործունյա կանայք, որոնք կզբաղվեն հասարակությանը հուզող արդիական հարցերով։ Մենթորներից շատերին ճանաչում եմ. աշխատասեր եւ խելացի կանայք են, նրանց խորհուրդները ոչ մի գրքում չեք կարող կարդալ։ Տաղանդը հաճախ բավարար չէ հաջողության հասնելու համար, իսկ մենթորները կամավոր սկզբունքով պատրաստ են աջակցել, բայց ձեր փոխարեն ձեր ճանապարհը չեն անցնի։ Կարծում եմ՝ կանանց ներուժն անհրաժեշտ է օգտագործել»,- դիմելով ներկաներին՝ ասել է դեսպանը։
Այս շրջափուլում 61 կին մենթոր՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ու փորձով կօգնեն տարբեր բուհերի բակալավրիատի եւ մագիստրատուրայի 62 ուսանողուհիների, նաեւ «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի ու «Մեր տուն» կազմակերպության սաներին:
Մեկնարկել է ԱՄՆ դեսպանության Կանանց մենթորական ծրագրի 4-րդ շրջափուլը
Դեսպան Միլսը, սեղանից սեղան անցնելով, զրուցել է մասնակից մենթորների եւ ուսանողուհիների հետ՝ քննարկելով կանանց առաջնորդող դերին վերաբերող հարցեր ու ծանոթանալով մասնակիցների նպատակներին, ինչպես նաեւ մենթորական ծրագրից ունեցած ակնկալիքներին:
BRAVO.am-ի հետ զրույցում մենթորի փորձառություն ունեցող Արաքսյա Մարտիրոսյանը հայտնել է, որ մասնակիցներին ուղղորդում են մասնագիտական հարցերում.«Ծրագրին կարող են դիմել այն ուսանողուհիները, որոնք կարծում են` խորհրդատուի կարիք ունեն։ Այսօրվա միջոցառման ձեւաչափն այնպիսին է, որ ներկաները հնարավորություն ունեն ծանոթանալ եւ շփվել հնարավորինս շատ մարդկանց հետ ու քննարկել ծրագրերը։ Փորձառու մենթորները օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիների համար, միասին հետաքրքիր հարցեր են քննարկում, օրինակ՝ արդյոք Հայաստանում կանանց համար գոյություն ունեն «ապակե առաստաղներ» կամ նոր մասնակիցներին հետաքրքրող այլ թեմաներ»։
Ծրագրի մասնակիցներից Հրանուշ Միքայելյանը եւ մենթոր Նազենի Հովհաննիսյանը
Երիտասարդ մասնակիցներից Մանե Գեւորգյանը առիթ ունեցել է մասնակցել ԱՄՆ դեսպանատան կազմակերպած մենթորական ծրագրերին, այս անգամ եւս ցանկություն ունի ստանալ խորհրդատվություն փորձառու մասնագետներից.«Իմ փորձով կարող եմ ասել, որ ծրագրի շնորհիվ նոր կապեր եմ հաստատել, հետաքրքիր մարդկանց հետ ծանոթացել, երբեմն մենթորը դառնում է լավ ընկեր եւ գործընկեր։ Նրանք պատրաստակամ կիսվում են իրենց անձնական փորձով ու անցած դժվարություններով։ Ես հետաքրքրված եմ հանրային կապերով եւ լրագրությամբ, այժմ հնարավորություն ունեմ նոր մարդկանց հետ ծանոթանալ, ինչն էլ իմ ակնկալիքներից մեկն է»։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ու Հայաստանի ամերիկյան համալսարանը մենթորական ծրագիրն իրականացնում են 2010 թվականից: Ի դեպ, Մենթորը Ոդիսեւսի իմաստուն ու վստահելի խորհրդատուն էր, ինչպես նաեւ նրա որդու` Տելեմակուսի ուսուցիչը: Երբ Հոմերոսի “Ոդիսական”-ում Ոդիսեւսն իր հայտնի ճամփորդությանն է գնում, պետությունը ու որդու խնամքը վստահում է Մենթորին: Անգլերենում Մենթորի անունը դարձել է հասարակ գոյական ու սահմանվում է որպես վստահելի խորհրդատու եւ ուղեկցող:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: