×


Մեկ հովանոցի ներքո ընթանում է 4-րդ “ReAnimania”-ն :)

Մինչեւ նոյեմբերի 9-ը ներառյալ “Մոսկվա” եւ “Նաիրի” կինոթատրոններում, Հենրիկ Մալյանի անվան թատրոնում, “Նարեկացի” մշակութային կենտրոնում, Խնկո Ապոր մանկական գրադարանում, “Թումո” ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, “Այբ” դպրոցում, ինչպես նաեւ “Bourbon St.” ակումբում հասցրու դիտել անիմացիոն մի շարք ֆիլմեր, որոնց մուտքն, ի դեպ, անվճար է:):

"ReAnimania 2012"-ը մեկնարկել է հովանոցներով ֆլեշմոբով


“ReAnimania” անիմացիոն միջազգային 4-րդ կինոփառատոնի մեկնարկը տրվել է նոյեմբերի 3-ին` Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած հովանոցներով ֆլեշմոբով. հովանոցներով, քանի որ այս տարի “ՌեԱնիմանիա”-ի խորագիրը “Մեկ հովանոցի ներքո”-ն է (“Under One Umbrella”): 

““ReAnimania”-ն նպատակ ունի բոլոր անիմատորներին ու կինոյի սիրահարներին համախմբել մեկ հովանու ներքո` կինոյի հովանու ներքո”,- BRAVO.am-ի հետ  զրույցում նշել է փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին:

Արթուր Իսպիրյանը եւ Վրեժ Քասունին` "ReAnimania"-ի բացմանը

 
Այնուհետեւ “Մոսկվա” կինոթատրոնի դահլիճում փառատոնի արտիստիկ սկիզբն է ապահովել կրկին հովանոցով դերասանական գեղեցիկ խաղը, որին հաջորդել է  ֆրանսիացի ռեժիսոր Ժան Ֆրանսուա Լագիոնի “Նկարը” (“Le Tableau”, 2011) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը:

Ինչպես փառատոնի հանդիսավոր բացման արարողության ողջույնի խոսքում նշել է հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը, “ReAnimania”-ի շրջանակում ներկայացվելու են անիմացիոն այնպիսի ֆիլմեր, որոնք շուկայական ոչ մի հարաբերությունների մեջ դեռ չեն մտել. “Այս ֆիլմերը բացառիկ են եւ զերծ շուկայական որեւէ հարաբերությունից”:

"ՌեԱնիմանիա" անիմացիոն միջազգային 4-րդ կինոփառատոնի հանդիսավար Հերմինե Ստեփանյանը


Փառատոնի երաժշտական մասով ժյուրի, երգիչ Արթուր Իսպիրյանի փոխանցմամբ` “ReAnimania”-ն իր համար տոն է. “Ես շատ ուրախ եմ, որ նման փառատոն է կազմակերպվում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում երիտասարդ հայ անիմատորներին մոտիկից ծանոթանալ միջազգային անիմացիային եւ, իհարկե, ի ցույց դնել իրենց կարողությունները”: 

Հիշեցնենք, որ այս տարի “ReAnimania” փառատոնին, որի միջազգային խորհրդի անդամ է դարձել ֆրանսիական անիմացիոն “Annecy” կինոփառատոնի տնօրեն Տիցիանա Լոսքին, ներկայացվել է 400 ֆիլմ 40-ից ավելի երկրից: 

Միքայել Պողոսյանը եւ Հովհաննես Գալստյանը


Բացի անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններից, կկազմակերպվեն նաեւ վարպետության դասընթացներ, որոնք կվարեն արտերկրից Հայաստան ժամանած մասնագետները: Ի դեպ, առաջին անգամ փառատոնի շրջանակում մեկնարկել է “Work in Progress” ծրագիրը, որը հնարավորություն կտա հայ անիմատորներին ներկայացնել իրենց անավարտ աշխատանքները մասնագետներին, պրոդյուսերներին, ովքեր էլ, գուցե, կօգնեն, կֆինանսավորեն, որպեսզի աշխատանքները ամբողջական տեսքի բերվեն:

“ReAnimania” անիմացիոն միջազգային 4-րդ կինոփառատոնն ունի մրցութային 6 ծրագիր` լիամետրաժ, կարճամետրաժ, ավարտական, երաժշտական, գովազդ, ինչպես նաեւ մանկական ընտրություն: Փառատոնային օրերի ընթացքում ժյուրին կդիտի ֆիլմերը եւ նոյեմբերի 9-ին կհայտարարի հաղթողների անունները: 

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW