«Kami»-ում նախօրեին Միշոյի նոր` «Բծախնդիր» ձայնասկավառակի շնորհանդեսն էր: Ռեփերն իր արվեստի սիրահարներին նոր ալբոմի երգերը ներկայացրել է բենդով կենդանի կատարմամբ: CD-ում նա ներառել է 14 նոր եւ 4 արդեն լսված երգ.«Այդ գործերն ալբոմ չունեին: Ինչպես ես եմ ասում` իրենց տունը չունեին»:
Միշոյի նոր ձայնասկավառակի շնորհանդես-համերգին
«Բծախնդիր»-ը լույս աշխարհ է եկել 4 տարի դադարից հետո: Միշոն BRAVO.am-ի հետ զրույցում նկատել է, որ նախորդ տարի թողարկվել է «Մի քանի հոգի» նախագծի ալբոմը, որը նույնպես դասում է իր ալբոմների շարքին: Իսկ անհատական ալբոմ թողարկելու դադարը ռեփերը բացատրում է այսպես. «Կյանքի հաճույքներին ես տրվում. քեզ պետք է մի քիչ առանձնանալ, բայց միշտ սրա պակասն ունեմ, ու ինձ թվում է` միշտ կանեմ, որքան էլ դժվար լինի»:
Նա նշել է, որ ինչպես իր բոլոր ձայնասկավառակները, այնպես էլ «Բծախնդիրը» տարբեր է ստացվել.«Ինքս էլ կձանձրանամ, եթե արդեն եղածից անեմ: Որքան էլ էգոիստաբար հնչի, ես առաջինն անում եմ իմ եւ իմ հարազատների հաճույքի համար, հետո արդեն հանրությունը թող որոշի գնահատել, թե` ոչ: Երբեք չեմ ֆիքսվում` այնպես գրեմ, որ մարդկանց որեւէ հատվածը սիրի, կամ էլ որեւէ ունկնդրի ոճով լինի: Առաջինը հաշվի եմ առնում, թե ես ինչպես կուզեի լսել ու ինձ ինչպես դուր կգար: Այնպես որ, այս ձայնասկավառակն էլ ինչ-որ ուրիշ ձեւ ստացվեց, որովհետեւ ինքներս էլ մեծանում, հասունանում ենք, աշխարհացքն էլ փոխվում է»:
Միշոյի «Բծախնդիր» ձայնասկավառակը
Ալբոմի անվան շուրջ Միշոն երկար է մտածել.«Ընդհանուր կոնցեպտ չկա, որ կապեի: Դա, հավանաբար, լավ էլ է, որովհետեւ երգերը մի ոճի չեն: Իմ աշխատանքի հանդեպ ավելի բծախնդիր եմ դարձել, եւ ինձ թվում է` այդ անվանումն ալբոմին սազում է, խոսում եմ այն բաներից, որոնք ինձ դուր են գալիս կամ դուր չեն գալիս, բայց կուզեի, որ դուր գար»:
Ալբոմից որեւէ երգ ռեփերը չի առանձնացրել, իսկ որպես անձնական ու ամենամոտը նշել է կնոջը նվիրված երգը.«Ասել, թե որն է ինձ ավելի հոգեհարազատ կամ ավելի մոտ, չեմ կարող. բոլորն էլ իմ ներսից դուրս եկած բաներ են»:
Ֆելիքս Խաչատրյանը` կնոջ հետ` Միշոյի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին
DJ Սերժոն, ով նոր ձայնասկավառակի ստեղծման մասնակիցներից է, մեզ հետ զրույցում ասել է.«Որպես կողքի մարդ կարող եմ նշել, որ Միշոն շատ որակյալ հայկական հիփ-հոփ, ռեփ է ներկայացնում, որում մասնակցություն են ունեցել տաղանդավոր երաժիշտներ, բիթմեյքերներ: Որակյալ ալբոմ է ստացվել, որն ունի նոր ասելիք: Տարիների ընթացքում մենք միասին աշխատել ենք, այս CD-ի ստեղծման ընթացքում էքսպերիմենտալ վիճակներում ինքս էլ ինձ համար նորություններ եմ բացահայտել: Ամեն մեկս մեր էվոլյուցիան ապրել ենք ու հանդիպել ենք նորից»:
Համերգը մեկնարկել է «Կորել ա կարելի» երգով, այնուհետեւ հնչել է արդեն սիրված «Ժամանակը» ստեղծագործությունը, որը, ինչպես Միշոն է նշել, նվիրված է այն աղջկան, ով արդեն իր կինն է:
BRAVO.am-ի հետ զրույցում Միշոյի կինը` Սոնա Հովհաննիսյանն, ասել է.«Ես շատ հպարտ եմ իր աշխատանքով եւ սիրում եմ հետեւել այդ ստեղծագործական ընթացքին ամեն օր»:
Միշոն` կնոջ հետ
Ինչ վերաբերում է անձնական կյանքին ու հարցին, թե որքանով է կինը հանդիսացել իր ներշնչանքի աղբյուրը, Միշոն ասել է.«Դե, պատկերացրեք՝ գտել ես մի մարդ, ով քեզ առանց որեւէ բառի հասկանում է, ընկեր, ումից կարող ես խորհուրդ հարցնել եւ պարզապես վստահել: Դրանից մեծ ներշնչանք ու հանգստություն չկա»:
Խոսելով ապագա պլաններից` Միշոն նշել է, որ բենդով կենդանի կատարումներն իրեն դուր են գալիս ու մտադիր է մինչեւ տարեվերջ մեծ համերգ ունենալ: Բացի մենահամերգից, սպասվում են նաեւ նոր տեսահոլովակներ եւ տարբեր նախագծեր, որոնց փակագծերը ռեփերը չի բացել:
Տեքստը` Մարի Թարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: