×


Միքայել Ոսկանյանի նոր տեսահոլովակի երկու տարի տեւած ոդիսականը

«Անքնության պարը»՝ այսպես է կոչվում «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի (MVF Band) նոր երգը, որը յուրօրինակ համագործակցություն է «Հովեր» կամերային երգչախմբի հետ: Ժողովրդական եւ դասական ժանրերի միաձուլման արդյունքում ստացվել է գեղեցիկ ու տարբերվող մի ստեղծագործություն, որը, ինչպես պարզվում է, միակը չէ երկու խմբերի համատեղ աշխատանքում: Թառահար Միքայել Ոսկանյանը եւ նրա կինը՝ ռեժիսոր, պրոդյուսեր Լուսին Արցախին, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել են, թե որքան են տեւել հոլովակի նկարահանման աշխատանքները, ինչ հետաքրքիր վայրերում են եղել եւ ինչ նորություններով են պատրաստվում հանդես գալ եկող ամսվա ընթացքում:

Մեր զրույցում Միքայելն ասաց, որ վերջին երեք տարվա ընթացքում իրենք զբաղված էին նոր ալբոմի թողարկման աշխատանքներով, եւ հիմա այն գրեթե պատրաստ է: Շնորհանդեսը տեղի կունենա մոտ մեկ ամսից, իսկ մինչ այդ` մարտի 16-ին, «MVF Band»-ը մենահամերգով կնշի իր հիմնադրման 8-ամյակը: Երաժշտի խոսքով` «Հովեր» երգչախմբի հետ վեց համատեղ ստեղծագործություն է ընդգրկված նոր ալբոմում, որը կոչվում է «Nightology» (Գիշերաբանություն): «Հովեր»-ի հետ համագործակցության գաղափարն իրենն է եղել, ավելին՝ մի շարք երգեր գրվել են հենց երգչախմբի հետ կատարելու նպատակով:

«Անքնության պարը» տեսահոլովակի նկարահանումներին


«Կինս՝ Լուսինեն, ով նաեւ մեր խմբի մենեջերն է, որոշեց, որ պետք է «Անքնության պարը» տեսահոլովակ ունենա: Եվ մենք մոտ երկու տարի է արդեն, ինչ զբաղվում էինք հոլովակի նկարահանման աշխատանքներով: Փոքր-ինչ երկար տեւեց, քանի որ բարդ նկարահանումներ էին. մոտ 12 տարբեր վայրերում ենք եղել, տաղավարում չենք աշխատել: Նկարահանումներն իրականացրել ենք «Սեւան» ազգային պարկում, Ջրաբերի ավազի հանքում, Երեւանի տարբեր հատվածներում, հին, լքված գործարաններում եւ այլ վայրերում»,- պատմեց թառահարը:

Տեսահոլովակի պրոդյուսերը Լուսին Արցախին է: Վերջինս նաեւ հոլովակի երկրորդ ռեժիսորն է՝ Նելլի Օսիպյանի հետ: Միքայելի խոսքով՝ նկարահանումների հիմնական բարդությունը եղանակային պայմանների հետ է կապված եղել, քանի որ հիմնականում աշխատել են դրսում: «Երբեմն շատ ցուրտ էր լինում»,-նշում է երաժիշտը ու հավելում, որ մյուս դժվարությունն էլ բյուջեի հետ են կապված եղել, քանի որ ամբողջ հոլովակը նկարահանել են իրենց միջոցներով՝ առանց կողմնակի ֆինանսավորման:

Լուսին Արցախին


Նա ընդգծում է՝ իրենց նպատակներից մեկն էլ Հայաստանի երաժշտական կյանքում նորություն մտցնելն է՝ նման կոնցեպտուալ աշխատանքներ ներկայացնելով: Միքայելի կինը՝ Լուսին Արցախին, այս առումով նշեց, որ ցանկանում են փոփոխություն բերել թե՛ հայկական երաժշտության, եւ թե՛ տեսահոլովակների մասին պատկերացումներում.«Փորձում ենք վիզուալ եւ լսողական նոր միտք ձեւավորել երաժշտասերների շրջանում: Մեր թիմով չենք հենվում ձեւավորված այն պատկերացումների վրա, թե ինչպիսին պիտի լինի երաժշտական ճաշակը, թե ինչն է նորաձեւ, առավել պահանջված: Մենք մտածում ենք, թե մեր տեսանկյունից դա ինչպես ներկայացնենք: Ցանկանում ենք ցույց տալ, որ Հայաստանում նաեւ այս տեսակի երաժշտություն է ստեղծվում, եւ որ այս տեսակի արվեստ կա իրականում»:

Մեր զրույցում նա տեղեկացրեց, որ մարտի 16-ին կայանալիք միջոցառումը նույնպես դուրս է լինելու ստանդարտ պատկերացումներից. համերգը ձայնագրվելու է հանդիսատեսի ներկայությամբ: «Բենդը կենդանի երաժշտություն է նվագելու ստուդիայում, իսկ այդ ընթացքում հանդիսատեսը բոլոր կատարումները լսելու է ականջակալներով՝ բարձրորակ ձայնային հնչողությամբ: Համերգի այս ձեւաչափը նորություն է Հայաստանում»,- նկատեց Լուսինեն:

«Անքնության պարը» տեսահոլովակի նկարահանումներին


Մեր զրույցի ավարտին Միքայել Ոսկանյանն ասաց նաեւ, որ շուտով եւս մի նոր տեսահոլովակ են ներկայացնելու՝ իր ստեղծագործություններից մեկի հիման վրա: Այն կոչվում է՝ «Արի լռենք»: Նոր հոլովակի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտվել են, եւ մեկ ամսվա ընթացքում այն կհանձնեն երաժշտասերների դատին. «Մենք շապիկի համար մրցույթ էինք հայտարարել եւ սպասում էինք վերջնական արդյունքներին: Հետաքրքիր նախագծեր ենք մտածել շնորհանդեսի հետ կապված՝ ցուցահանդես, համերգ եւ այլն: Ի դեպ, մեր նոր ալբոմն առաջինն է լինելու Հայաստանում, որը նաեւ վինիլային թողարկում է ունենալու»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Միքայել Ոսկանյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport