Մեկ տարի առաջ ստեղծված “Բարի մամա” ՀԿ-ն աջակցում է մանկատան երեխաներին եւ հաշմանդամություն ունեցող փոքրիկների ընտանիքներին։ Ինչպես նախորդ տարի, այս անգամ եւս Ամանորին ընդառաջ նախաձեռնության անդամներն իրականացնում են “Դարձիր բարի” բարեգործական նախագիծը, որի մասնակիցները կարող են բարի գործ կատարել` ուրախացնելով վերոնշյալ երեխաներին:
Մկոն եւ բարեգործական միջոցառման մասնակիցները
Եվ ահա, “Երեւան մոլ”-ում բացվել է “Սանտայի տուն”, իսկ կենտրոնական տոնածառի մոտ տեղադրված է մեծ արկղ, որի մեջ հավաքվում են նվերները։ BRAVO.am-ը ներկա է եղել ամանորյա միջոցառման մեկնարկին, որին մասնակցել են կազմակերպության անդամները, կամավորները, նաեւ Շուշաննա Թովմասյանը, Մկրտիչ Արզումանյանը, Աստղիկ Սաֆարյանը, Աստղիկ Ալավերդյանը եւ Նարբե Պողոսյանը, Մենչի կինը՝ երեխաների հետ, Աբել Աբելյանի կինը՝ երեխայի հետ եւ ուրիշներ։ Ներկա չեն եղել, սակայն նվերներ են փոխանցել նաեւ Գոհար Հարությունյանն ու Դալիթան։
Շուշաննա Թովմասյանը` “Բարի մամա” ՀԿ-ի բարեգործական միջոցառմանը
“Բարի մամա”-ի հիմնադիր Մարինա Ադուլյանը հայտնել է, որ “Սանտայի տուն”-ը մինչեւ հունվարի 13-ը բաց կլինի բոլոր ցանկացողների համար։ Հեքիաթային անկյունն առաջնահերթ կաշխատի մանկատան սաների, հաշմանդամություն ունեցող փոքրիկների եւ անապահով ընտանիքների երեխաների համար, իսկ երեկոյան ժամերին հասանելի կլինի արդեն բոլոր փոքրիկների համար.“Երեխաներն այստեղ կհանդիպեն Սանտային, հետաքրքրաշարժ խաղերի միջոցով կփորձենք նրանց իսկական տոն պարգեւել։ Հուսով ենք` մանկատան երեխաների համար շատ-շատ նվերներ կհավաքվեն”։
Բացմանը մասնակիցներին դիմավորել են էլֆերը, ուղեկցել ներս, առաջարկել հետեւել պատուհանից այն կողմ գտնվող Ձմեռ պապին։ Հյուրերը նաեւ մասնակցել են “Ձմերուկ”-ի կազմակերպած միջոցառումներին եւ ինքնուրույն պատրաստել են տոնածառի խաղալիքներ Սանտայի խաղալիքների գործարանում, այնուհետեւ խորհրդանշական գումար հանգանակել եւ խաղալիքը վերցրել որպես հուշ։
Նարբե Պողոսյանը` կնոջ եւ որդու հետ
Ողջ հասույթը կուղղվի հաշմանդամության պատճառով լքված ու մանկատանն ապրող առողջական խնդիրներով փոքրիկների կարիքներին: “Բարի մամա”-ի անդամները հանդիպում են նաեւ երեխաներին լքած ծնողների հետ, առաջարկում հոգեբանական ու նյութական աջակցություն, զրուցում հնարավոր ռիսկերի եւ դրանք կանխելու մասին: Կազմակերպությունն արդեն 11 փոքրիկի է տուն վերադարձրել ու շարունակում է խնդիրները հաղթահարել:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: