“POP հանրագիտարան”-ի հեղինակ Մհեր Բաղդասարյանը մոտ կես տարի է, ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում: Օվկիանոսից այն կողմ BRAVO.am-ի հետ ունեցած բացառիկ զրույցում դեռ մի քանի ամիս առաջ էմիգրանտի կարգավիճակում հայտնված հաղորդավարը ներկայացրել է ոչ միայն հայրենիքը լքելու դրդապատճառները, այլեւ լոսանջելեսյան նոր կյանքի բոլոր մանրամասները:
Մհեր Բաղդասարյանը
Առաջին անգամ եմ համարձակվում պատմել իմ նոր կյանքի պատմությունը: Ես առաջինն ու վերջինը չեմ, ով մեծ փոփոխությունների ընթացքում անմարդկային դժվարությունների միջով է անցել: Ավելին` կարծում եմ` բախտս բերել է, որ կարողացել եմ շարունակել աշխատել իմ մասնագիտությամբ, ինչը նման դեպքերում հազվադեպ է պատահում: Չեմ ուզում, որ մարդիկ ինձ խղճան, դրա կարիքը չկա, բացի այդ էլ, իմ որոշումների համար ինքս եմ պատասխանատու:
Լքել եմ հայրենիքս, քանի որ Հայաստանում սպասվելիք ապագան այն չէ, ինչի համար ես կարող եմ շարունակել ապրել: Գուցե մեծամիտ հնչի, սակայն մոտ ութ տարի աշխատելով հայկական մեդիա ոլորտում՝ տպագիր մամուլից մինչեւ հեռուստատեսություն, ինչ-որ տեղ հպարտությամբ կարող եմ ասել, որ Հայաստանի պայմաններում ու հնարավորություններիս սահմաններում արել եմ հնարավոր ամեն բան. աշխատել եմ որպես լրագրող, գլխավոր խմբագիր, կրեատիվ տնօրեն, PR մասնագետ, սցենարիստ, հաղորդավար...
Ցավոք, առաջին մարդը չեմ, ով փոքր երկրում փակուղու առաջ է կանգնում: Մինչեւ տեղափոխվելը, երբ փորձում էի պատկերացնել, թե մի քանի տարի հետո ինչ է փոխվելու կյանքումս, հասկանում էի, որ լավագույն դեպքում պետք է ինչ-որ հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն դառնամ: Ժամանակի ընթացքում հասկացա, որ հայաստանյան պայմաններում որեւէ հեռուստաընկերության ծրագրերի բաժնի տնօրեն դառնալու ցանկություն ես պարզապես չունեմ:
Մհեր Բաղդասարյանը
Շատ էի ճանապարհորդում Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եւ այլուր: Յուրաքանչյուր ուղեւորությունն ինչ-որ կարեւոր բան էր փոխում իմ կյանքում: Հասկանում էի, որ մի օր պետք է քաջություն հավաքեմ` ամեն ինչ զրոյից սկսելու, իսկ դա ինձ նման մարդու համար ամենասարսափելին է:
Օրինականանալու տարբերակը բնակության արտիստական արտոնագիր ստանալն էր: Իրավաբանի օգնությամբ էմիգրացիոն կենտրոն ուղարկեցի աշխատանքային պորտֆոլիոս ու այնպես ստացվեց, որ որպես լրագրող-հաղորդավար հնարավորություն ունեցա ընդամենը մեկ շաբաթում ստանալ աշխատանքային մուտքի արտոնագիր: Բայց անգամ դա կյանքս չհեշտացրեց, քանի որ իրավունք ստացա աշխատել միայն իմ մասնագիտությամբ, իսկ տեղական հայկական հեռուստաընկերությունները ցանկություն չունեն գումար ծախսել սեփական ծրագրեր ունենալու համար եւ անվճար վերահեռարձակում են հայաստանյան հաղորդումները, օրինակ՝ “POP հանրագիտարան”-ը վերահեռարձակվում է տեղական երկու հեռուստաալիքով, ինչի մասին, ի դեպ, ես տեղյակ չէի:
Մհեր Բաղդասարյանը
Երկար ժամանակ աշխատանք չունենալով, ծայրահեղ վատ օրերի միջով անցնելով, որոնք սովորաբար մարդիկ սոված են համարում, եւ առհասարակ անորոշ վիճակում գտնվելով, երբ չգիտես, թե հաջորդ օրը քեզ ինչ է սպասվում, ի վերջո կենտրոնացա, հավաքեցի ուժերս, դուրս եկա դեպրեսիայից եւ որոշեցի ցանկացած աշխատանք գտնել: Միակ մարդը, որն այդ հարցում ինձ օգնեց, Շպռօտն էր: Վերջինիս օգնությամբ սկսեցի աշխատանքի հայտարարություների հետքերով գնալ: Ժամերով քայլում էի, որպեսզի հասնեմ նշված հասցեները: Եվ միշտ չէ, որ ընդունելությունը, մեղմ ասած, ջերմ էր լինում. հատկապես հայ գործատուները աչքի են ընկնում ծայրահեղ ճորտատիրական ձգտումներով:):
Իսկ ամենասարսափելին վերջին օրն էր, երբ Սուրբ Վալենտինի տոնին որոշեցի ծաղկի խանութում աշխատանք գտնել. զանգահարեցի, պայմանավորվեցի, մոտ քառասուն րոպե քայլեցի, մեկ ժամ տասը րոպե հանրային տրանսպորտով ուղեւորվեցի, եւս քսան րոպե քայլեցի, հասա ծաղկի խանութ, սակայն ոչ ոք այնտեղ ինձ չդիմավորեց: Երբ արդեն ոչինչ անել չէի կարող, եւ ուժերս պարզապես սպառվել էին, մի քանի ժամ հետո հեռախոսազանգ ստացա, որն ինչ-որ չափով կյանքս փոխեց. առաջարկում էին զբաղվել համահայկական մի մեծ միջոցառման PR-ով, որի մասին մի քանի ամսից բոլորը կտեղեկանան: Իհարկե, ընդունել եմ աշխատանքի առաջարկը եւ այսօր արդեն գործազուրկ չեմ:): Հիմա արդեն ինձ երջանիկ եմ զգում:
Ճիշտ է, այս ամենն, ինչի միջով անցնում եմ, այն երազանքը չէ, ինչի հետեւից եկել եմ Միացյալ Նահանգներ, բայց վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ի վերջո աշխատելու եմ ամերիկյան հեռուստատեսությունում, ունենալու եմ իմ շոուն եւ բոլորը դրան ականատես են լինելու:
Մհեր Բաղդասարյանը
Որոշ ժամանակ առաջ հայտնվել էի NBC հեռուստաընկերության լուրերի գլխավոր թողարկման նկարահանումներին: Այդ օրը, երբ տեսա, թե ինչ հնարավորություններ ունի աշխատակազմն ու ինչպես է դրանք օգտագործում, հասկացա, որ նախ հայկական մեդիա իրականության լավ յուրաքանչյուր մասնագետի պետք է մեդալ շնորհել, եւ հետո, որ սա հենց այն վայրն է, որտեղ աշխատելու եմ: Այնքան էի ոգեւորվել, որ երեխայի նման տաղավարից տաղավար էի ցատկոտում ու դիպչում հնարավոր ամեն բանի. այդ պահին, հավանաբար, գիտակցությունս կորցրել էի:
Կարողացել եմ նաեւ գրանցվել ամերիկյան CBS հեռուստաալիքի երկու ամիս տեւողությամբ դասընթացներին, ինչն ինձ համար մինչեւ հիմա ամենամեծ ձեռքբերումն է. մարտի 1-ից պետք է սկսեմ հաճախել այդ դասերին:
Նշեմ նաեւ, որ հաշվի առնելով լրագրող, հաղորդավար Արա Ղազարյանի խորհուրդը եւ օգտագործելով նրա տեխնիկան, կապը հայաստանյան մեդիայի հետ չեմ խզել: Երբ ATV-ի տնօրեն Վահագն Խաչատրյանին խաբելով ու հավատացնելով, որ հետ եմ վերադառնալու, եկա Միացյալ Նահանգներ եւ այստեղից նամակ գրեցի՝ տեղեկացնելով, որ լքել եմ անվերդարձ ու խնդրեցի փակել “POP հանրագիտարան”-ը, նա, հավանաբար շատ վիրավորված, պատասխանեց, թե այդ քայլին դիմել չի ցանկանում: Այսպիսով, մինչ օրս հաղորդումը ամեն շաբաթ շարունակում ենք նկարահանել եւ հեռարձակել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներում:
Մհեր Բաղդասարյանը
Այս օրերին կյանքումս երկու ծայրահեղություն էր տիրում. ես հանրային դեմքի եւ սեփական ապագայի մասին պատկերացում չունեցող մարդու խառնուրդն էի: Սակայն վստահ եմ, որ այս փորձություններն ինձ համար Աստված է պատրաստել, որ դուրս գամ մեր սերիալային տաղավար թվացող կյանքից ու հասնեմ իմ ամերիկյան երազանքին:
“Այն ինչ մեզ չի սպանում, ավելի ուժեղ է դարձնում”. միշտ այս կարգախոսով եմ ապրել, որն էլ այսօր ինձ համար առավել քան ակտուալ է:
Տեքստը՝ Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am-ի սեփական թղթակիցը ԱՄՆ-ում/
Լուսանկարները՝ Նարբեհ Խոդավերդիի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: