×


Մհեր Մկրտչյան.«Ուղղակի պետք է չլինել անտարբեր»

Ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանը BRAVO.am-ի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ է պատմել բանկային ոլորտից կինոարվեստ անցման կարեւոր պատճառի, հեղինակած ֆիլմերի, նոր նախագծի եւ այն մասին, թե, ըստ իրեն, ինչն է պակասում Հայաստանին:  

Մհեր Մկրտչյանը


-Պարոն Մկրտչյան, լինելով ճանաչված սցենարիստ Էդուարդ Վոլոդարկու սանը, կփաստե՞ք, որ լավ ուսուցիչն իր ազդեցությունը թողնում է:
- Երեւի թե այն ժամանակ ես չէի հասկանում իմ դասախոսների արժեքը եւ գինը, երեւի ուսանողի հոգեբանություն էր կամ ջահել էի: Միայն տարիներ հետո ես կարեւորում: Երբ սկսում ես մասնագիտությամբ աշխատել, նրանց տվածը, ասածը, անկախ քեզնից, գալիս եւ սկսում են քեզ օգնել։

-Ձեր դեպքում գեներով եկած ժառանգությունը նույնպես իր գործն արել է, համամի՞տ եք:
-Դժվար է խոսել մի բանի մասին, որին չես մասնակցել. կամ ստանում ես, կամ չես ստանում: Եթե ես ժառանգել եմ ինչ-որ տաղանդ, շնորհք, երջանիկ եմ եւ շնորհակալ դրա համար, բայց կրկնում եմ, որ դա մի բան է, որտեղ դու մասնակից չես, եւ դժվար է վերլուծել մի բան, որում դու չկաս։ 

-Ավարտելով Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը, սկսեցիք աշխատել բանկային ոլորտում: Ինչպե՞ս եղավ:    
-Ինստիտուտն ավարտելուց հետո դժվար էր գտնել մասնագիտական աշխատանք, եւ ստիպված պետք է զբաղվեի նրանով, ինչ կար. կյանքը բերեց ինձ եւ ընդգրկեց բանկային ոլորտ: Տարիներ անց դառնալով հաջողակ մարդ բիզնես ոլորտում, ապրում էի ինձնից գոհ ու երջանիկ, բայց ամբողջ հարցը նրանում է, որ դու կարող ես ապրել այդպես մեկ, երկու կամ հինգ տարի, իսկ երբ արդեն տասը տարի զբաղվում ես նույն գործով՝ շարունակ եւ անընդմեջ, հասկանում ես, որ այն քեզ բացարձակ չի կարող պարգեւել ուրախություն, հաճույք։ Դառնում ես քեզ համար անհասկանալի եւ դժբախտ մարդ: Սա էր պատճառը, որ որոշում կայացրի զբաղվել նրանով, ինչն ինձ հետաքրքիր է, ինչից հաճույք եմ ստանում։ Եվ արդյունքում, կա այն, ինչ որ կա։

-2007թ.-ին եղել եք «Երեքը եւ Սնեժինկան» ֆիլմի եւ ռեժիսորը, եւ սցենարի հեղինակը, եւ պրոդյուսերը: Սրանցից նույնիսկ մեկի աշխատանքը, գիտեմ, խլում է մեծ էներգիա, ժամանակ եւ պահանջում հսկայածավալ աշխատանք: Երեքը միաժամանակ դժվա՞ր չէր:                                                                                                         
-Դա իմ առաջին ֆիլմն էր: Սարսափելի դժվար էր, քանի որ համատեղում էի հիմնական՝ բանկային աշխատանքի հետ։ Ես մտադրություն չունեի դառնալ ֆիլմի ռեժիսորը. սցենարն էի գրել եւ գլխավոր պրոդյուսերն էի, հրավիրել էի ռեժիսոր, որը մի փոքր շեղվեց ճանապարհից՝ խմիչքը չարաշահելով, չկարողանալով ավարտել արտադրությունը, այնուհետեւ հրավիրեցի երկրորդ ռեժիսորին, այդ դեպքում էլ երեւի իմ պրոդյուսերական սխալն էր. նա շատ երիտասարդ էր գեղարվեստական ֆիլմ նկարելու համար, դեռ փորձ չուներ։ Ֆիլմը «քանդվելու» ճանապարհին էր, եւ հրավիրել արդեն երրորդ ռեժիսոր, ինձ թվում է՝ մեծ սխալ կլիներ: Ստացվեց այնպես, որ ես ինքս ինձ նշանակեցի ռեժիսոր եւ ավարտին հասցրի ֆիլմը։ Արդյունքը բավական անհաջող էր: Այն ինձ համար վառ օրինակ է, թե ինչպես կարելի է լավ սցենարով նկարել վատ ֆիլմ, բայց ամեն դեպքում ստացա մեծ փորձ՝ հետագայում նույն սխալները չկատարելու համար:

-Հաջորդաբար հեղինակել եք մի շարք ֆիլմեր՝ «Взрослая дочь или тест на…» (2010թ.), «Дед 005» (2013թ.), «Дед 005» (10 հեռուստասերիա 2015թ.), նախորդ տարի էլ ծնվեցին «Կյանք ու կռիվ», «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմերը: Ինչպե՞ս եք ընտրություն կատարում: 
-Գաղափարներ լինում են միշտ, բայց նկարահանելու համար լավ ֆիլմ միշտ պետք են ֆինանսական պայմաններ: Եթե ընտրությունը չնկարել կամ նկարելն է էժանագին մի բան, գերադասում եմ չաշխատել։  

-25 տարի բնակվելով Մոսկվայում եւ ավելի շատ ծանոթ լինելով ռուսական կինոյին, քան՝ հայկական, ինչը շատ բնական է, ինչպիսի՞ խնդիրների եք բախվել այստեղ: 
-Եվ Ռուսաստանում, եւ Հայաստանում կան լավ եւ վատ մասնագետներ, ուրիշ ոչնչով շուկաներն իրարից չեն տարբերվում: Երեւի միակ տարբերությունը միգուցե այն է, որ Ռուսաստանի շուկան մեծ է եւ լավ մասնագետները շատ են, Հայաստանում դեռ փոքր շուկա է եւ քանակը լավ մասնագետների քիչ է, իսկ երկրորդ խնդիրը, որին առնչվեցի, լավ դերասաններ փնտրելն էր՝ ոչ հայտնի. ինձ համար սկզբունքային էր չնկարել աստղերի, մանավանդ, երբ Հայաստանում աստղ լինելը բացարձակապես չի նշանակում, որ նա պետք է լինի տաղանդավոր, պրոֆեսիոնալ… Գուցե շատ ուրիշ բացատրություններ ունի այս երեւույթը, որի պատասխանները չեմ կարող տալ, բայց համենայն դեպս, ինձ հաջողվեց, իմ ընտրած դերասաններից ես գոհ եմ եւ հպարտ, որ մենք միասին անցանք այդ ճանապարհը։

-Մի առիթով ասել եք, որ ֆիլմերի նկարահանումների ժամանակ միշտ առաջին դժվարությունը ֆինանսական մասն է եղել, ինչը լուծվել է լավ գործընկերների եւ ընկերների շնորհիվ: Այդուամենայնիվ, ֆինանսապես լիովին կայուն լինելու համար ի՞նչ է հարկավոր: 
-Հայաստանում ընդունված է, որ լավ պրոդյուսերը նա է, ով կարողանում է նկարել է մյուսներից էժան, ով քիչ աշխատավարձ է տալիս, ով կարողանում է այդկերպ խնայել։ Իրականում այդպես չէ. լավ պրոդյուսերը նա է, ով կարողանում է ստեղծել թանկ արտադրանք եւ թանկ վաճառել: Ֆիլմարտադրությունում սա է կարեւորը, եւ ինչքան շատ լինեն այս կարգի պրոդյուսերներ, այնքան կշատանան որակով ֆիլմերը, ավելի շատ կվարձատրվեն այս ոլորտի մասնագետները՝ սկսած դերասաններից։

-Ի՞նչը կամ ո՞վ կարող է ոգեշնչել Ձեզ: Ի՞նչը կարող է «ստիպել», որ ֆիլմի սցենար գրեք:
-Ուղղակի պետք է չլինել անտարբեր. ուշադիր լինես այն ամենին, ինչ կատարվում է քո շուրջը, ամենաանծանոթ, ոչ հայտնի, սովորական մարդը կարող է դառնալ քո ֆիլմի պերսոնաժը, իսկ եթե մի քիչ էլ հետեւես եւ փորձես տեսնել իր միջի, չեմ ուզում պոետիկ հնչի, գույները, հոտը, խորությունը, հանգիստ կարող է դառնալ մի հերոս, որն իր շուրջը կկառուցի ֆիլմ։ Ուղղակի պետք է լինել ուշադիր, չլինել անտարբեր։

Մհեր Մկրտչյանը


-Կա՞ն ռեժիսորներ, որոնց ֆիլմերը Ձեզ վրա ազդեցություն են թողել:
-Ազդեցություն շատ բան կարող է թողնել: Ֆիլմերը կարող են ազդեցություն թողնել՝ սկսած 1972 թ.-ի «Կնքահայր» ֆիլմից, վերջացրած «Ես Սեմն եմ» ֆիլմով՝ գլխավոր դերում Շոն Պենը։ Ամբողջ հարցը նրանում է, որ քո մեջ կարողանալով քամել, կուտակել այդ ամենը, այսինքն՝ քեզ վրա ազդեցություն թողածը, վերարտադրել, կստացվի շատ խեղճ, կոպիտ ասած, գողացած մի երեւույթ, որն արել ես պահի ազդեցության ներքո: Շատ կարեւոր է, որ քո մեջ եփելուց հետո դուրս գա լրիվ մի ուրիշ բան, ուրիշ էմոցիա, ուրիշ գույն, ուրիշ իմաստ։ Սա է ամենակարեւորը ռեժիսորի համար։ 

-Ինչպիսի՞ն է ներկայիս Ձեր զբաղվածությունը. նոր գաղափարներ, ծրագրեր կա՞ն:  
-Ծրագրեր կան: Իմ երազանքն է, որ երկար տարիներ ուզում եմ անել, ստեղծել լավ, բարձր որակի հայկական կոմեդիա: Նկատի ունեմ մի ֆիլմ, որը կհետաքրքրի ոչ միայն հայերին։ Աշխատում եմ այդ ուղղությամբ եւ հուսով եմ, որ ամեն բան կստացվի։

-Եթե ոչ` ռեժիսոր, պրոդյուսեր, ապա ո՞վ:  
-Հիմա արդեն չգիտեմ, երեւի թե հինգ-յոթ տարի առաջ, երբ աշխատում էի բանկային ոլորտում, ինձ ավելի հեշտ կլիներ պատասխանել այս հարցին, կլինեին տարբերակներ, բայց հիմա, երբ արդեն որոշում եմ կայացրել զբաղվել կինոյով եւ միայն սրանով, չեմ պատկերացնում, որովհետեւ արդեն չեմ էլ ուզում։

- Ի՞նչ է պակասում Հայաստանին:   
-Եթե խոսում ենք Հայաստանի մասին որպես երկիր, ապա լավ կլիներ, որ երկիրը ունենա լավ տնտեսություն, բացակայի կոռուպցիան, ժողովուրդը ապրի երջանիկ, իսկ եթե խոսենք կինոյի ոլորտի մասին, առաջին հերթին պետք է օգնել ուսանողներին դառնալ լավ մասնագետներ, պետք է փրկել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտը՝ տասն անգամ կրճատելով ե՛ւ դասախոսներին, ե՛ւ ուսանողներին, թողնելով այն քչերին, որոնք ավարտելով կդառնան լավ մասնագետներ: Իհարկե, նրանց ոչ ոք հեշտությամբ չի ցույց տա այն տեղը, որ պետք է զբաղեցնեն այս ոլորտում, բայց ինձ թվում է` ջահելները կգտնեն ճիշտ ճանապարհը՝ դաշտից հեռացնելով անտաղանդը, ժանգոտածը եւ տալով որակ, դուրս կշպրտեն անորակ ֆիլմեր ստեղծող ռեժիսորներին։ Պետք է շատ չոր մրցակցություն, ինչը Հայաստանում բացակայում է: Ստեղծելով մի հիմարություն՝ շարունակում են ստեղծել նորերը: Միայն այդ մրցակցությամբ կարող ենք հասնել որակի, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես պատրաստ եմ նման մրցակցության։

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Մհեր Մկրտչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport