×


Մնջախաղի թատրոնի զարգացում եւ տարածում՝ փառատոնի միջոցով

Օգոստոսի 11-ին Ծաղկաձորում մեկնարկեց Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 7-րդ փառատոնը։ «Թուղթ որսացողները», «Աստղային անձրեւ», «Օտարացում», «Կինը» եւ մի շարք այլ բեմադրություններ օգոստոսի 12-14-ը կներկայացվեն Ծաղկաձոր քաղաքի Ծաղկունյաց եւ Օրբելիների հրապարակների բացօթյա բեմերում։ Օգոստոսի 13-ին մնջախաղի թատրոնը կայցելի նաեւ Դիլիջան։

Փառատոնը թատրոնի քարոզչություն է

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, փառատոնի գլխավոր պրոդյուսեր Ժիրայր Դադասյանը կարծում է, որ յուրաքանչյուր փառատոն պետք է ունենա իր քաղաքականությունն ու հստակ խնդիրները։

«Մեր փառատոնի քաղաքականությունը նրանում է, որ մենք փորձում ենք հնարավորություններ ստեղծել սովորական, ոչ թատերասեր հանդիսատեսի համար՝ փորձելով նրան որսալ մի պահի, երբ նա կանգնած ներկայացում կդիտի։ Գուցե նա պարզապես չգիտի, որ ինքը թատերասեր է»,- նշում է նա։

Ժիրայր Դադասյանը


Փառատոնի պրոդյուսերը հավելում է, որ մնջախաղի փառատոնը յուրօրինակ քարոզչություն է՝ ստեղծված ոչ թե մասնագետների, հետաքրքրված անձանց, այլ Ծաղկաձորի հյուրերի, քաղաքի եւ հարակից գյուղերի բնակիչների համար։

Ընդլայնելով աշխարհագրությունը

Ժիրայր Դադասյանի խոսքով, այս տարի փառատոնի մասնակցության հայտ ներկայացրել են 20-ից ավել թատերախմբեր, որոնցից ընտրվել են 6-ը։ Մասնակցող թատերախմբերի երկրներն են Ռուսաստանը, Իրանը, Արգենտինան, Ֆրանսիան, Ճապոնիան, Լեհաստանը, եւս 3 խումբ եւ մեկ անհատ մասնակցում են Հայաստանից։


«Մասնագիտական իմաստով շատ կարեւոր էր, որ մենք կարողացանք այս տարի ընդգրկել Վրոցլավի Հենրիխ Տոմաշեւսկու անվան մնջախաղի թատրոնը, որը լեգենդար է։ Այն ստեղծել է հենց Հենրիխ Տոմաշեւսկին, որ ոչ միայն մնջախաղի ավեստի, այլ առհասարակ՝ համաշխարհային թատրոնի բարեփոխողներից մեկն է՝ Ե․ Գրոտովսկու հետ միասին։ Հետո նա մասնագիտացավ զուտ մնջախաղի ժանրում։ Մասնակիցները հանդես կգան ներկայացմամբ, որը բեմադրված է Կաֆկայի «Դղյակի» մոտիվներով։ Կարծում եմ՝ ներկայացման նյութն ինքնին բավականին հետաքրքիր է»,- մանրամասնում է նա։

Իրանը ներկայացնող «Սոնար» թատերախմբի «Օտարացում» բեմադրության ռեժիսիոր Ղոնչեհ Շոկուհինան Bravo.am-ի հետ զրույցում նշում է, որ փառատոնին մասնակցելը շատ կարեւոր է դերասանների համար մասնագիտական հմտությունների կատարելագործման տեսանկյունից։


«Իրանում գրեթե չկան նմանատիպ փառատոններ, այնպիսի հարթակներ, որտեղ մեր տաղանդավոր դերասանները կարողանան ցույց տալ իրենց կարողությունները: Նրանք հիմնականում ինքնուրույն են կատարելագործվում՝ տեսնելով ու սովորելով այլ դերասաններից ճանապարհորդությունների ընթացքում, ինչը փոքր-ինչ դժվարեցնում է նրանց աշխատանքը: Այս փառատոնը հրաշալի հնարավորություն է մեր մասնակիցների համար ցույց տալու իրենց ուժերը եւ հաղորդակցվելու այլ երկրների դերասանների հետ»,- մանրամասնում է նա։

Ղոնչեհ Շոկուհինան


«Օտարացում» ներկայացումը տղամարդու եւ կնոջ մասին պատմություն է։ Նրանք մտավոր եւ ֆիզիկական հասունացման ճանապարհն անցնում են, որպեսզի հանդիպեն միմյանց, սիրահարվեն եւ սկսեն սիրո իրենց պատմությունը։ Սակայն որոշ ժամանակ անց միմյանց ճշմարիտ էությունը չընդունելով՝ նրանք սկսում են փոխել միմյանց եւ քննադատել այնքան, մինչեւ դառնում են բոլորովին օտար մարդիկ։

Կարծիք

«Փառատոնը հանրահռչակում է մնջախաղը։ Դրա շնորհիվ հերթական անգամ խոսում ենք Լեոնիդ Ենգիբարյանի մասին: Աշխարհի տարբեր կետերից իրենց ներկայացումներն են բերում մեր գործընկերները, եւ, առհասարակ, ձեւավորվում է նոր մշակույթ, որտեղ մենք առնչվում ենք տարբեր երկրների նմանատիպ թատրոնների հետ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Արայիկ Հարությունյանը


Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը կարեւորում է այն հանգամանքը, որ փառատոնն անցկացվում է Ծաղկաձորում՝ այդ կերպ խրախուսելով միջոցառումների կազմակերպումը Երեւանից դուրս։ Նա նաեւ առանցքային է համարում հայ եւ օտարազգի դերասանների միջեւ մասնագիտական հաղորդակցումը։

«Մշակույթն ընդհանարպես նման է արյան անոթների։ Արյունը պետք է շատ արագ շրջանառվի, եւ մեկը մյուսին հարստացնի։ Ընդհանրապես, միջազգային փառատոնների արդյունքն է, որ Հայաստանում այժմ շատ հեաքրքիր ներկայացումներ են ստեղծվում եւ հիմնականում՝ երիտասարդների միջոցով։ Հնարավոր չէ փակ տարածքում ապրել, պետք է հանգիստ դուրս գալ բաց դեմքով, քանի որ մշտապես կա սովորելու բան։ Նա, ով չի սովորում, արվեստում անելիք չունի»,- նշում է Ռուբեն Բաբայանը։

Ռուբեն Բաբայանը


Փառատոնին մասնակցելու համար երեւանաբնակները կարող են օգտվել անվճար երթուղուց․ մեկնումը՝ ամեն օր ժամը 15։00-ին Մատենադարանի հարակից տարածքից, վերադարձը՝ 23։00-ին։

Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ եւ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի նախաձեռնությամբ։

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport