Նախորդ աշնանն ամուսնացած դերասաններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանը ծնողներ են դարձել: Առաջնեկը լույս աշխարհ է եկել հուլիսի 12-ին: Երեխայի ծնունդը տեւական ժամանակ չբարձրաձայնելուց հետո նրանք լուսաբանումը վստահել են BRAVO.am-ին:
Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանը
“Քառասունքի ավանդույթին հետեւել ենք` ոչ թե վախենալով չար աչքից, այլ երեխային ընտելանալու համար. միայն վերջերս ենք սկսել տանը հյուրեր ընդունել: Քառասուներորդ օրը նշեցինք մեր առաքելական եկեղեցում, իսկ մկրտությունը նախատեսում ենք իրականացնել նրա առաջին տարեդարձի օրը, քանի որ հիմա մեր ծնողներն արտերկրում են”,-մեզ հետ զրույցում հայտնել է Յուրին:
Դերասանը որդուն իր հոր պատվին անվանակոչել է Սերգեյ.“Տղաս մեզ շատ է երջանկացրել: Երբ ծնվեց, մեր բժիշկը` Անահիտ Սիրունյանը, ասաց, որ իմ պատճենն է` շեկ մազերով եւ կապույտ աչքերով, որոնց գույնը հագուստի հետ երբեմն փոխվում է: Անուշի եղբորն ու հայրիկին էլ նմանություն ունի. ոչ մեկիս չի նեղացրել:): Ձգտում եմ ավելի շուտ տուն հասնել ու նրան գրկել: Գործուղումից վերադառնալիս Մոսկվայի օդանավակայանում արդեն չէի համբերում, օդաչուներին ուզում էի խնդրել արագացնել ընթացքը, որ շուտ տեղ հասնենք”:
Անուշ Սարգսյանը
Ամուսիններն առաջնեկի լուսանկարները դեռ չեն հրապարակում, փոխարենը ծննդաբերությունից առաջ գունեղ ֆոտոշարքում են լուսանկարվել, որն էլ ներկայացնում ենք մեր ընթերցողներին.“Դեմ եմ նորածինների լուսանկարները սոցիալական ցանցերում տեղադրելուն, նաեւ չէի ցանկանում, որ հրապարակվեր կնոջս հղիության լուրը”,-ասել է Յուրին:
Նորաթուխ ծնողները միասին են խնամում իրենց որդուն.“Միշտ վախեցել եմ գրկել նորածին երեխաներին, բայց Սերգեյի դեպքում այդպես չէ: Անուշը նրա լացից հասկանում է` սոված է, քնել է ուզում, թե գազիկներ ունի:): Բոլոր հարցերում կնոջս օգնում եմ, նույնիսկ գիշերները արթնանում եմ, չնայած` ոչինչ չեմ կարող անել, բայց հոգեպես օգնում եմ”:
Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանը
Յուրի Իգիթխանյանը, հեռանալով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնից, այժմ որպես հաղորդավար կորպորատիվ միջոցառումներ է վարում, իսկ Անուշը շարունակում է աշխատել նույն թատրոնում, սակայն, պայմանավորված երեխայի ծննդով, այժմ դադար է վերցրել.“Նպատակ ունենք հիմնադրելու մեր ընկերությունը, որը կաշխատի երկու ուղղությամբ` հանդիսությունների կազմակերպում եւ ֆիլմերի ստեղծում: Անուշը հունվարից կվերադառնա թատրոն, ես էլ կողմ եմ, որ կրկին բեմ բարձրանա եւ իր մասնագիտությամբ աշխատի”:
BRAVO.am
Լուսանկարները` Պարգեւ Էջուրյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: