“Արամ Խաչատրյան” համերգասրահում երեկ` մայիսի 19-ին, թեւածում էր “Հայաստանի ձայնը”:). կայացել է “The Voice” երաժշտական նախագծի հայկական տարբերակի տոնական գալա համերգը:
Նարեկ Մակարյանը եւ Մաշա Մնջոյանը
Շուրջ երեք ժամ տեւած համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել “Հայաստանի ձայնը” նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, երկրորդ տեղը զբաղեցրած Նարեկ Մակարյանը, Գրիգոր Կյոկչյանը, Ջեմմա Կարապետյանը, Ֆրիկ Ռոստոմյանը, Ալինա Կիրակոսյանը, Իսկուհի Հովհաննիսյանը, Աիդա Քալանթարյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Գայա Արզումանյանը, Մարտ Բաբայանը, Հովհաննես Անդրեասյանը, Այդին Դավուդին` “ArtA” բենդով, որոնց կատարումներն ուղեկցվել են կենդանի նվագակցությամբ:
Միջոցառումը վարել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, որը հանդիսատեսին նաեւ անեկդոտներ է պատմել, հարցուփորձի միջոցով պարզել դահլիճում ներկա սիրահարվածների թիվը, որը հետզհետե աճել է:):
Նազենի Հովհաննիսյանը
Նազենիին հաջողվել է պարզել, որ մասնակիցների շրջանում դեռեւս ազատ է Նարեկ Մակարյանի սիրտը, ով, ի դեպ, հանդես է եկել պրեմիերայով` ներկայացրել է “Երազանքի գրկում” երգը, որի երաժշտության համահեղինակն է ԴերՀովայի հետ, իսկ խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:
Սրբուհի Հովհաննիսյանը
“Երկրորդ եթերաշրջանին ընդառաջ` սա “Հայաստանի ձայն”-ի մասնակիցների երեւանյան առաջին ոչ մրցութային համերգն է: Նմանատիպ համերգով հանդես ենք եկել նաեւ Գյումրիում, իսկ հունիսի 8-ին նախատեսում ենք հանդես գալ նաեւ Վանաձորում”,-BRAVO.am-ին ասել է նախագծի երաշտական պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը` հավելելով, որ այս համերգները կազմակերպվում են մրցույթի մասնակիցների երկրպագուների եւ նրանց աշխատանքին հետեւող հեռուստադիտողի համար, ինչը նաեւ կազդարարի երգիչների անհատական կարիերայի սկիզբը:
Գրիգոր Կյոկչյանը, Մաշա Մնջոյանը, Մարտ Բաբայանը եւ Ալեքսանդր Մհերյանը
Նախագծի մասնակիցներից Գրիգոր Կյոկչյանը մեզ հետ զրույցում կոչ է արել երիտասարդ կատարողներին մասնակցել “Հայաստանի ձայն”-ի երկրորդ եթերաշրջանին.“Եզակի նախագծերից է, որին արժի մասնակցել: Այն հնարավորություն է տալիս ներկայացնել քո երաժշտականությունը, ճանաչում եւ ոգեւորություն ձեռք բերել”:
Այդին Դավուդին
Նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը, որը համերգից ընդամենը մի քանի ժամ առաջ էր վերադարձել Մոսկվայում կայացած “Տաշիր” մրցանակաբաշխությունից եւ չէր հասցրել անգամ հանգստանալ, նախքան իր ելույթը BRAVO.am-ին ասել է, որ բարձր տրամադրությամբ է բեմ բարձրանալու: “Հույս ունեմ, որ հանդիսատեսը գեղեցիկ համերգ կվայելի, իսկ կատարողներին ջերմ կընդունի, ինչը մեզ համար շատ կարեւոր է”:
Երեկոյի ընթացքում անհատական կատարումներից բացի, մասնակիցները ներկայացել են նաեւ դուետներով: Համերգային ծրագիրն ուղեկցվել է հանդիսատեսի բուռն ծափողջյուններով ու BRAVO-ներով:):
Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: