×


Նազենին, Սոֆին, Արսենը, Արմինկան, Գոհարը եւ մյուսները` “Օրրան”-ի բարեգործական ընթրիքին

Հոկտեմբերի 23-ին կայացել է “Օրրան” բարեգործական կենտրոնի 7-րդ ամենամյա ընթրիքը: Հայաստանի կարիքավոր ընտանիքների երեխաներին օգնության ձեռք մեկնելու գաղափարի շուրջ էին հավաքվել 250-ից ավելի հյուրեր` քաղաքական գործիչներ, դեսպաններ, սփյուռքահայեր, տեղական գործարար ընկերությունների եւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Գոհար Հարությունյանը, Արմինե Հովհաննիսյանը եւ Սոֆի Մխեյանը


“Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում կազմակերպվող նվիրատվությունների երեկույթն այս տարի վարել են հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը: Ներկա հյուրերը Տեր Հոր օրհնությունը ստանալուց եւ տերունական աղոթքն ասելուց հետո ճաշել են, ունկնդրել “Օրրան”-ի երեխաների “Աներես հավիկը” երգը:):
 
Բարեգործական ընթրիքի ընթացքում իրականացվել է ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, որի համար ցանկացողները վճարում են 5000 դրամ, երեկոյի հաջորդ հատվածն էլ նախատեսված էր աճուրդի ու դրամական նվիրատվությունների համար, ինչի նպատակով էլ հավաքվել էին ներկաները:

Րաֆֆի Հովհաննիսյանը, Նադեժդա Սարգսյանը եւ երեկույթի մյուս հյուրերը


“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը շուրջ 6 տարի համագործակցում է “Օրրան”-ի հետ. “Մենք այստեղ հավաքված համեղ ճաշեր կերանք, բայց իրականում մեր երկրում շատ երեխաներ նույնիսկ չեն երազում այսպիսի բաներ. այս պատճառով է, որ չպետք է անտարբեր լինենք եւ ինչքան կարող ենք, պետք է վերացնենք մեր շուրջը տիրող աղքատությունը: Հիշենք, թե տարվա մեջ ինչքան ենք ծախսում ճաշկերույթների, այսպես ասած` “կայֆերի” վրա, փորձենք մեկ ճաշկերույթի գումարը տանք այս գաղափարին:)”, - ասել է նա եւ հավելել. “Մենք չենք կարող օգնել բոլորին, բայց կարող ենք օգնել մեկին: Ամենամեծ երջանկությունն ուրիշներին օգնել կարողանալն է”:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ


“Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը փաստել է, որ տարեցտարի աջակիցների թիվն ավելանում է. “Դրանից ավելի ուրախալի բան չեմ կարող պատկերացնել: “Օրրան”-ի կյանքում միշտ իմ երեսն եք տեսնում, բայց երեք տղամարդիկ կարեւոր ներդրում ունեն` կազմակերպության ֆինանսական տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ իմ ամուսինը` Րաֆֆի Հովհաննիսյանը”, - նշել է նա եւ ներկայացրել սուղ պայմաններում ապրող մի աղջկա սոցիալական պայմանները, որին Ռալֆ Յիրիկյանը գալա ընթրիքի ժամանակ բնակարան է նվիրել:

Նազենի Հովհաննիսյանը եւ Գոհար Հարությունյանը


Ի դեպ, նույն օրն առավոտյան “Օրրան”-ի հիմնադիրներն ու բարերարները Վանաձորում մասնակցել են կենտրոնի եռահարկ նոր շենքի բացմանը, որը կրկին ծառայելու է որպես ցերեկային խնամքի կենտրոն:

Երեկոյի հաջորդ հատվածում “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Միկել Կռանցը եւ հաղորդավարուհի Հերմինե Ստեփանյանը աճուրդի են հանել տարբեր ընկերությունների ապրանքներ՝ կոնյակից, կահույքից մինչեւ հյուրանոցում գիշերելու համարներ, նաեւ նկարիչների պատկերազարդ պնակ, մետաքսի վրա նկարված աշխատանք: Թավջութակահար Արամ Թալալյանի երաժշտության ներքո նկարիչ Լեւոն Վարդանյանի կողմից ինքնաբուխ ստեղծված կտավը եւս վաճառվել է աճուրդին:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Ջեյմս Էյվսը եւ Գոհար Գասպարյանը


Նշենք, որ երեկույթի ընթացքում հավաքվել է 290.000 դոլար, որից 220.000-ը տրամադրել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը: Իսկ ընթրիքի ավարտին Քեթրին Մանասյանի եւ ընկերների ներկայացրած շոուն պարացրել է հյուրերին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW