×


Նաիրա Մովսիսյանն առաջին անգամ խոսում է բաժանության եւ հղիության մասին

Նաիրա Մովսիսյանն այս տարվա ապրիլին ամուսնացավ, սակայն կարճ ժամանակ անց ամուսնալուծվեց։ Դերասանուհին հրաժարվում էր հարցազրույցներ տալ իր անձնական կյանքի թեմայով, եւ ահա BRAVO.am-ի բացառիկ հարցազրույցում առաջին անգամ խոսել է իր բաժանության ու հղիության մասին: Մայրանալ պատրաստվող Նաիրան նաեւ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:

Նաիրա Մովսիսյանը


Այս շրջանում նախընտրում եմ վայելել հղիությունս ու հեռու մնալ իրադարձություններից։
Բազմիցս առաջարկել են հարցազրույցներ ու նկարահանումներ, բայց այս մասին որոշեցի խոսել միայն BRAVO.am-ի հետ։ Առավոտյան ոգեւորված արթնացել ու նախապատրաստվել եմ ֆոտոշարքին։

Երբ իմացա, որ հղի եմ, ինքս ինձ հարցրի՝ բայց ինչու հիմա։ Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ հոգեբանորեն պատրաստ չէի, թեեւ միշտ ասում էի, որ ուզում եմ մայրանալ, որովհետեւ այս կյանքում երջանկանալու համար միայն դրա պակասն ունեի։ Ես վերացական էի ասում, բայց Աստծո կամքով կատարվեց։ Միգուցե շատերին թվում է` դե, հա, իրեն երեխա է պետք, ամուսնացավ, հղիացավ, բաժանվեց, բայց եթե ցանկությունս շատ մեծ լիներ, ավելի շուտ կմայրանայի։

Ինքս եմ ամուսնանալու որոշում կայացրել ու սխալվել եմ
: Մարդիկ սխալական են, ես էլ բացառություն չեմ։ Ես այդ սխալիցս նվեր ստացա ու հիմա միայնակ առաջ եմ գնում։ Ինչպես մեկ րոպեում որոշեցի ամուսնանալ, այդպես արագ էլ բաժանվեցի։ Ճանաչելով նախկին ամուսնուս` վստահ եմ, եթե շարունակեինք միասին ապրել, ապա կզոհեի երեխայի երջանիկ մանկությունը։ Իմ ծնողներն էլ առանձին են ապրում, բայց երկուսին էլ պաշտում եմ, կերազեմ, որ իմ երեխան էլ ճիշտ դաստիարակություն ստանա:

Նաիրա Մովսիսյանը


Բոլորն ասում են՝ աղջիկ է ծնվելու, բայց ես զգում եմ, որ տղա եմ ունենալու։ Դեռ չեմ պատկերացնում՝ ինչպիսի մարդ է լույս աշխարհ գալու, այլ հղիների նման զգացմունքային չեմ, բանականորեն տրամադրվում եմ իմ պարտականություններին, թե ինչպես եմ խնամելու, ինչ կարող եմ տալ երեխային... Հիմա ավելի շատ կարդում եմ նորածիններին վերաբերվող գրականություն։ Ուրախ եմ, որ հղիությունս անցնում է բնականոն, ոչ մի շեղում չկա։ Բացահայտել եմ, որ արդեն նա է թելադրում, թե ինչ տրամադրություն ունենամ։ Չնայած` բժիշկս ասում է, որ արդեն դաստիարակում եմ նրան, բայց մինչեւ չշոշափեմ ու չտեսնեմ, չեմ կարող հստակ պատկերացում կազմել:

Հղիությանս մինչեւ 5-րդ ամիսը թատրոնում բեմ եմ բարձրացել։
Շատ հաճելի էր, որ գործընկերներս զգույշ էին վերաբերվում։ Չգիտեմ, թե երբ նորից կանցնեմ աշխատանքի, քանի որ երեխայիս ինքս եմ խնամելու, միայն մայրիկիս կվստահեմ։ Ոչինչ չեմ բարդացնում, բժշկիս՝ Նորայր Ղուկասյանի շնորհիվ ամեն ինչին փորձում եմ թեթեւ նայել։

Պատասխանատվությանս զգացումը մեծացել է,այն սկսվում է երեխայի անունն ընտրելուց: Մտածում եմ՝ ինչ անուն ընտրել, որ շնորհակալ լինի։ Իմ կյանքում պատասխանատու լուրջ քայլ չեմ արել, միայն շատ ռիսկային քայլեր եմ արել, որովհետեւ իմ տեսակն է այդպիսին։ Ես երբեւէ չեմ մտածել` վայ, ամուսնանալիս կամ սեր կորցնելիս պետք է սթրես ապրեմ։

Նաիրա Մովսիսյանը


Գնումներ գրեթե չեմ արել։ Մանկական խանութներ մտնելիս առաջինը հարցնում եմ, թե մամաների համար ինչ հագուստ կա, երեւի դեռ չեմ գիտակցում, որ հիմա միայն ես չեմ։ Գուցե պատճառն այն է, որ ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ ինքս ինձ ամբողջովին նվիրվելու ժամանակ չունեցա։

Ես չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում, բայց շնորհակալ եմ այն մարդուն, որին կայացրել եմ, նվիրել է երեխա, եւ բաց եմ թողել։ Կյանքը մեկ ամուսնությամբ չի ավարտվում. եթե այդպես լիներ, կդոփեի տեղում, ես նույնիսկ երկար ժամանակ նույն սանրվածքով չեմ լինում։ Կյանքի ամեն օրը պետք է սովորենք վայելել, պետք է ամեն մեկը հաշվի նստի իր սեփական, ոչ թե հանրային կարծիքի հետ։ Հասարակությունը մեզ տեսնում է այն պատյանով, որով մատուցում ենք… Իմ մասին վերջերս այնքան բաներ են քննարկվում, որ ուղղակի ծիծաղելի է։ Թող ներեն այդ մարդիկ, բայց իրենց կարծիքն ինձ չի նյարդայնացնում, թող իմ կյանքի գոնե մեկ տոկոսն ապրեն, հետո իրավունք վերապահեն կարծիք հայտնել։ Մայրս առաջ այդ կարծիքներից նեղսրտում էր, բայց հիմա հասկացել է` երբ ես վատ էի, ո՞ւր էին այդ մարդիկ։

Ես ունեմ այսպիսի սկզբունք` անցյալիս վրա ժամանակ չեմ ծախսում, այլ ժամանակս տրամադրում եմ ապագան կառուցելուն։
Ինձ հաճախ ասում են, որ ոչ մի տղամարդու հետ չեմ կարողանում երկար մնալ, ուրեմն շնորհակալություն եմ հայտնում անցյալիս այն տղամարդկանց, որոնց հետ տարիներով շփվել եմ։ Թող բոլորը երջանիկ լինեն։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Նկարահանումն իրականացվել է “Park Hotel” հյուրանոցում
Վարսահարդարումը՝  Անահիտ Գալստյանի/Aida Melkonyan Studio/
Դիմահարդարումը՝ Ագապի Մանուկյանի/Aida Melkonyan Studio/   

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW