×


Նաիրա Մովսիսյան.«Ես եւ երեխաս փորձաշրջան ենք անցնում»

BRAVO.am-ի հարցազրույցների նոր շարքի հերոսուհիները հայտնի կանայք են, որոնք իրենց երեխաներին միայնակ են մեծացնում: Նաիրա Մովսիսյանն ամենայն անկեղծությամբ խոսել է բոլոր այն ապրումների եւ դժվարությունների մասին, որոնք միայնակ է հաղթահարում՝ շեշտելով, սակայն, որ երեխան կյանքի մեծ պարգեւ է համարում: Դերասանուհին խորհուրդ ունի նաեւ այն կանանց, ովքեր ուզում են մայրանալ, բայց վախենում են հասարակական կարծիքից:

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


-Նաիրա, ինչպիսի՞ մայր ես:
-Միանշանակ չեմ կարող ասել, որովհետեւ հիմա փորձաշրջան ենք անցնում թե՛ ես, եւ թե՛ բալիկս:

-Պատմիր դստերդ մասին:
-Նա նոր աշխարհ է եկել եւ փորձում է ադապտացվել, իսկ ես էլ առաջին անգամ մայր եմ դարձել եւ ամեն բան անում եմ նրա խնամքը կատարյալին մոտեցնելու համար: Ընկերներս ասում են, թե նվիրված մայր եմ, բայց միեւնույն ժամանակ՝ խիստ: Աղջիկս հանգիստ բնավորություն ունի, երեւում է՝ նպատակասլաց է:

-Ինչպիսի՞ն էր կյանքն առանց նրա եւ ի՞նչ փոխվեց նա քո կյանքում:
-Շատ բան փոխվեց: Ես սկսեցի արժեւորել կյանքս ու ավելի պատասխանատու դառնալ քայլերիս ու բալիկիս հարցում:

-Որքա՞ն տեւեց ամուսնությունդ:
-Շատ քիչ:

-Բաժանվելը էմոցիոնա՞լ, թե՞ գիտակցված քայլ էր:
-Հանկարծակի, էմոցիոնալ ու ոչ ցանկալի, հատկապես, որ հղիությանս ընթացքում էր:

- Այժմ հետհայացք նետելով՝ կդիմեիր արդյոք այդ քայլին, թե՞, այնուամենայնիվ, հնարավորություն կտայիր ձեր հարաբերություններին:
-Նույն քայլը կանեի մինչ ամուսնությունը… Եթե հնարավոր է, թեման փոխենք, որովհետեւ ինձ հաճելի չէ երեկվա օրը հիշելը:

- Երբ հասկացար, որ մենակ ես մեծացնելու դստերդ, ի՞նչ մտքեր ունեցար:
- Միայն ներողություն խնդրեցի երեխայիցս, որ դեռեւս կատարյալ ընտանիք չեմ կարող նրան տալ:

-Իսկ ինչպիսի՞ն ես պատկերացնում կատարյալ ընտանիքը:
-Անհոգ, անկեղծ հարաբերություններ, լիարժեք հայրիկ, մայրիկ եւ բալիկ: Եվ, կարեւորը, առանց կեղծիքի ու միմյանց հաշվին ինքնահաստատման:

- Քո կյանքի ամենաթանկ մարդկանցից մեկը՝ մայրդ, ինչպե՞ս արձագանքեց երեխային մենակ մեծացնելու որոշմանդ:
-Գուցե ներքուստ ցավ ապրելով, ափսոսելով, թե ինչու է այսպես, բայց միշտ կողքիս է, օգնում ու քաջալերում է երեխայի հետ կապված որոշումներ կայացնելու հարցում:

Նաիրա Մովսիսյանը՝ մայրիկի եւ դստեր հետ


- Ի՞նչ վարվելակերպ ես սովորել մորիցդ, որը փախանցում ես դստերդ:
-Երեխային ազատ թողնելը, եսասեր չմեծացնելը, կամակոր չլինելն ու մարդկանց նվիրվելը: Կրթվելն ու յուրաքանչյուր հարցում անհատական մոտեցում ունենալը: Մի խոսքով՝ մարդ մնալ:

-Ո՞րն է ավելի վատ՝ միայնակ մայր լինելը, թե՞ բարդ ամուսնական կյանք ունենալը:
-Երկրորդը:

-Միայնակ մայր լինելը կնոջ ինքնագնահատականի վրա ազդում է արդյո՞ք:
-Ավելի շատ ես սկսում ինքդ քեզ գնահատել, լիարժեք զգալ, նաեւ որ կարեւոր ես բալիկիդ համար:

-Հասարակության վերաբերմունքն ադեկվա՞տ է: Տարիներ առաջ միայնակ մայրերին մատնացույց էին անգամ անում:
-Այսպես թե այնպես, յուրաքանչյուր կին ստեղծված է մայրանալու համար՝ միայնակ, ամուսնու, թե զուգընկերոջ հետ: Իհարկե, ցանկալի եւ հաճելի է, որ կողքիդ տղամարդ լինի, բայց երբ զգում ես, որ քո առաքելությունը Երկիր մոլորակի վրա պետք է իրագործվի, ապա ոչ մի հասարակական կարծիք չի կարող ստիպել, որ մինչեւ կյանքիդ վերջ մայրության բերկրանքը չզգաս:

- Ի՞նչ խորհուրդ կտաս կանանց, ովքեր ուզում են մայրանալ, բայց հասարակական կարծիքից վախենում են:
-Եթե Աստված նրանց տվել է հնարավորություն եւ առողջություն, միանշանակ պետք է ունենան բալիկներ, այն էլ՝ շատ… Ցավոք, այսօր, նույնիսկ կատարյալ ընտանիքներում բալիկներ չեն ծնվում, հետեւաբար, մայրանալուց գերագույն հաճույք, բերկրանք չկա աշխարհում: Եթե հայտնվի սիրող տղամարդ, նա կընդունի կնոջն այնպիսին, ինչպիսին, որ կինը կլինի՝ երեխայով, թե առանց… Նույն հասարակությունը չի մնալու այդ կնոջ կողքին ծանր, դժվար պահերին եւ չի կիսելու նրա վիշտը: Մեր օրերում մարդիկ փորձում են ապրել այնպես, ինչպես իրենց համար է լավ՝ առանց վնասելու դիմացինին:

-Ամենածանրը ի՞նչն է միայնակ մայրերի համար:

-Վստահ լինել, որ երեխայիդ համար կարող ես լինել կատարյալ մայր, ուժ ունենալ, որպեսզի նրա հետ կապված ցանկացած խնդիր հաղթահարես:

-Ամենահրաշալի բանը ո՞րն է միայնակ մայրերի համար:

-Առհասարակ, կանանց համար ամենահրաշալի բանը ո՞րն է, եթե ոչ՝ մայրանալը:

-Կնոջ լիարժեքության բանաձեւը:

-Լիարժեքություն …

Զրուցեց Անի Կարապետյանը/Bravo.am/
Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW