×


Նարգիզի երեւանյան համերգին

Նարգիզ.«Ցավդ տանեմ, Հայաստան, ուզում եմ այստեղ տուն գնել»

Էքսցենտրիկ կերպարով Նարգիզ Զակիրովայի առաջին երեւանյան մենահամերգը ռոքային ռիթմերով էր ու Հայաստանին ուղղված ջերմ խոսքերով։ Արմատներով ուզբեկ երգչուհին ելույթ ունեցավ Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում՝ «Երկուսով» խորագիրը կրող համերգային ծրագրով։

Թեպետ մենահամերգը սկսվեց մոտ մեկ ժամ ուշացումով, երկրպագուներն անհամբեր սպասում էին կենդանի հնչողությամբ ունկնդրելու սիրելի երգերը։ Նարգիզը հայերենով ողջունեց ներկաներին, այնուհետեւ ռուսերեն պատմեց, որ առաջին անգամ Երեւանում եղել է 4 տարեկանում, երբ իր մայրը հյուրախաղերի ժամանակ իրեն եւս բերել է այստեղ։ Մայրը՝ Լուիզա Զակիրովան, խորհրդային տարիներին էստրադային երգչուհի էր, հիմնականում հանդես է եկել եղբոր հետ զուգերգերով։ Նարգիզի ընտանիքն ավելի քան երաժշտական է. պապիկը՝ օպերային երգիչ, տատիկը՝ ազգագրական երգերի կատարող, հայրը եւս երաժիշտ էր։

Նարգիզի երեւանյան համերգին


Համերգի սկզբից երկրպագուները ծաղիկներով մոտենում էին բեմին, նա էլ համբուրում ու շնորհակալություն էր հայտնում։ Երիտասարդ մի աղջկա նվերն էլ անսպասելի էր Նարգիզի համար, պարզվեց՝ իր դիմանկարն է։

Օրեր առաջ 47 տարեկան դարձած երգուհին բեմից հաճոյախոսում էր հայերին ու Հայաստանը.«Ինձ համար ամենահուզիչ ու հրաշալի նվերն է, որ բեմից տեսնում եմ ձեզ։ Ուրախացա, երբ տեղեկացրին, որ տոմսերը լավ են վաճառվել։ Ինձ համար մեծ պատիվ է, որ այսքան մարդ է հավաքվել, շնորհակալ եմ, որ ձեր անկեղծ սերն եք տալիս, հավատացել եք ու այնպես արել, որ հիմա կանգնած եմ այս հրաշալի բեմին։ Այսօր համերգի փոխարեն կլինի հայկական իսկական երեկույթ։ Գիտեմ, որ 99 տոկոսով պատրաստ եք, գիտեմ, որ ջերմ ու տաք ժողովուրդ եք։ Առաջարկում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր կողքին նստած մարդուն գրկի ու համբուրի, նույնիսկ եթե անծանոթ եք:)»։

Նարգիզի երեւանյան համերգին


Յուրահատուկ կերպարով ու դաջվածքներով երգչուհին շուրջ 18 տարի ապրել է Միացյալ Նահանգներում, որտեղ ելույթ է ունեցել ժամանցի վայրերում, թողարկել է էթնո ոճի ալբոմ։ Նաեւ աշխատել է դաջվածքների սրահում որպես տատուի վարպետ, ինքն էլ տարվել է դաջվածքներով։ Նա 2013 թվականին հաղթահարել է ամերիկյան «X Factor»-ի առաջին երեք փուլերը, սակայն չանցնելով մյուս փուլ, որոշել է մասնակցել «Ռուսաստանի ձայնը» նախագծին։ Լինելով Լեոնիդ Ագուտինի թիմում՝ Նարգիզը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականն ու նախագծից հետո լայն ճանաչում ունի Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։

Ռոք երգչուհին երեք անգամ զգեստափոխվեց, կատարեց իր պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեեւի հեղինակած երգերը, մեծ մասամբ իր վերջին՝ «Шум сердца» ալբոմի գործերը՝ «Я не твоя»,» «Ты - моя нежность», «Я не верю тебе», «Я буду всегда с тобой», «Белый снег», իսկ նրա եւ Մաքսիմ Ֆադեեւի հանրահայտ՝ «Вдвоём» զուգերգի ժամանակ ձայնակցում էր հանդիսատեսը։

Լուսինե Թովմասյանը մայրիկի հետ՝ Նարգիզի երեւանյան համերգին


«Тишина» երգն ավելի քան աղմկոտ էր. Նարգիզ Զակիրովան իր պլանավորածի համաձայն բեմից իջավ՝ ողջագուրվելու հանդիսականների հետ, ինչից հետո ներկաներն ավելի ակտիվ էին ծափահարում ու ձայնակցում նրան։ Կենդանի նվագակցությունն ապահովում էին նրա բենդի երաժիշտները, որոնց եւս չմոռացավ անդրադառնալ։

Երկու ժամ տեւողությամբ համերգի ավարտին երգչուհին նկատելիորեն հուզված էր. «Զգում եմ ձեր սերը: Երեւան, միշտ քեզ հետ կլինեմ: Իմ քույր Հայաստան, ցավդ տանեմ։ Ես այստեղ ուզում եմ տուն գնել։ Մենք նորից կհանդիպենք, մինչ այդ գնամ տուն գնելու»։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport