Օգոստոսին պսակադրված Նարեկ Բավեյանն ու բալետի պարուհի Քրիստինե Սարգսյանը Նոր տարին կնշեն հետաքրքիր ձեւաչափով, իսկ մինչ այդ լուսանկարվել են BRAVO.am-ի տոնական շնչով ֆոտոշարքում եւ պատմել համատեղ կյանքի, սերն արտահայտելու միջոցների մասին: Երգիչը կարեւոր ուղերձ ունի սիրահար զույգերին:
Քրիստինե Սարգսյանը եւ Նարեկ Բավեյանը
Հաճելի բացահայտում :)
Քրիստինե. Դեռ փոքրուց մեր տանն ավանդույթ էր տոնածառը զարդարել դեկտեմբերի 25-ին, ինչն ինձ համար մեծ տոն էր, իսկ բարձր տրամադրությունս գագաթնակետին էր հասնում Ամանորի գիշերը: Հունվարի 1-ն արդեն իմ ամենաչսիրած օրն էր, քանի որ սկսում էինք շրջայցերը:
Նարեկ. Համաձայն եմ: Փաստորեն այս հարցում էլ համակարծիք ենք, պարզապես խոսելու առիթ չէր եղել: Սա առաջին Նոր տարին է, որ միասին ենք նշելու: Ինքս էլ չեմ սիրում պարտադրված շրջայցերը: Իսկ մեր ընկերներին եւ բարեկամներին տարին մեկ չէ, որ պետք է հիշենք, միշտ էլ այցելում ենք նրանց եւ լավ ժամանակ անցկացնում: Այնպես որ, ուրախ եմ, որ չենք շրջելու: Կարծում եմ` մենք` երիտասարդներս, հատկապես պետք է փոխենք տոնական սեղանի պարունակությունը, թեթեւացնենք մեր կանանց եփել-թափելու հոգսը, ֆինանսական առումով տղամարդկանց համար էլ է դժվար: Պարզապես պետք է լինի ուրախ տրամադրություն:
Քրիստինե Սարգսյանը եւ Նարեկ Բավեյանը
Քրիստինե. Եկեք տան հարսին պատրաստելու հարցում ոչինչ չվստահենք:): Երեւի թե կօգնեմ, բայց մի քիչ կասկածում եմ, որ ինքս կպատրաստեմ:
Նարեկ. Ես էլ:):
Քրիստինե. Տպավորություն կստեղծվի, թե ոչինչ չեմ կարողանում պատրաստել: Պարզապես բարդ բաներ չեմ պատրաստում, բայց երբեք Նարեկին սոված չեմ թողնում:
Նարեկ. Ես ու կինս սիրում ենք թեթեւ սնունդ: Պահանջկոտ չեմ այդ հարցում, եւ Քրիստինեի բախտը բերել է: Համեղ են ստացվում նրա պատրաստած աղցանները:
Ո՞վ ունի Նարեկի հնարավորությունները :)
Նարեկ. Քանի որ աշխատում եմ Ամանորին, որոշել ենք այսպես` որտեղ ես, այնտեղ էլ Արուսը:): Շատ հետաքրքիր կանցնի. երկուսով կայցելենք միանգամից մի քանի ռեստորան, ո՞վ ունի մեր հնարավորությունները:): Ես կերգեմ, իսկ Քրիստինեն կուրախանա:
Քրիստինե. Նրա կողքին ինձ շատ երջանիկ եմ զգում: Տխուր կլիներ մնալ տանը եւ առանց նրա: Համաձայնել եմ եւ շատ ուրախ եմ:
Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը
Ամանոր, որ երբեք չեն մոռանա
Նարեկ. Միշտ հիշում եմ իմ ծառայության տարիները. մասնակցում էինք հետաքրքիր շոու-ծրագրերի եւ ուրախացնում մեր զինվորներին: Զորամասի հրամանատարը հենց Նոր տարվա գիշերը մեկ անգամ մեզ ազատություն տվեց, եւ քանի որ Երեւանում էի ծառայում, զանգահարեցի ընկերներիս, հավաքվեցինք եւ միասին նշեցինք:
Քրիստինե. Վեց տարեկանում իմացա, որ Ձմեռ պապիկ գոյություն չունի, եւ այդ Նոր տարում հեքիաթն ինչ-որ չափով ավարտվեց: Իսկ մինչ այդ այնքան էի հավատում եւ սպասում… :):
Ամենացանկալի նվերը
Քրիստինե. Մի նվեր կա, որ շատ-շատ եմ ցանկանում: Նարեկը փնտրում է, բայց դեռ չի գտել: Դրան անհամբերությամբ եմ սպասում. խոսքը երաժշտական զարդատուփի մասին է` պարող բալերինայով:
Նարեկ. Ամեն տարի ցանկանում եմ, որ լավ աշխատանք ունենամ. դրանից լավ նվեր չի կարող լինել: Դա ինձ հնարավորություն կտա հաջորդ տարի լավ նվերներ մատուցել հարազատներիս: Կարծում եմ` Քրիստինեն էլ կցանկանա, որ լավ աշխատանք ունենամ:):
Քրիստինե Սարգսյանը եւ Նարեկ Բավեյանը
Սերն արտահայտելու Նարեկի տարբերակը
Նարեկ. Կինս հաճախ ասում է` այնպես եմ նայում իրեն, կարծես, առաջին անգամ եմ տեսել:): Այնքան հաճելի է ամեն օր տեսնել նրա գեղեցկությունը: Նա միշտ խնամված է, իրեն ճիշտ է մատուցում, դրա համար էլ ամեն անգամ նոր զգացողություններ է առաջանում:
Քրիստինե. Փորձում եմ բնական լինել, կարծում եմ` դա է գաղտնիքը: Ձգտում եմ նրա համար լինել այնպիսի կին, որ երբեք ուշադրության պակաս չզգա:
Նարեկ. Սերս արտահայտում եմ նրան խանգարելով նույնիսկ տնային գործեր անելիս: Բոլորին խորհուրդ եմ տալիս երբեք չզսպել պոռթկումները. եթե ուզում եք գրկել եւ համբուրել ձեր կնոջը, այդպես էլ արեք: Կգնամ եւ շատ պինդ կհամբուրեմ, կգրկեմ հենց այն անհարմար պահին, երբ մազերն է հարդարում: Վերաբերմունքը բառերից կարեւոր է:
2014-ը զույգի համար հաջողակ էր
Քրիստինե. Բուռն եւ առանձնահատուկ տարի էր: Կատարվեցին բաներ, որոնք հեղաշրջեցին իմ կյանքը` ամուսնություն, աշխատանք Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում, համերգային շրջագայություններ:
Նարեկ. Միասին ենք ապրում, ունենք սիրելի աշխատանք, աջակցում ենք իրար: Սա համարում եմ շատ մեծ ձեռքբերում:
Նարեկ Բավեյանը եւ Քրիստինե Սարգսյանը
Բարեմաղթանքներ
Նարեկ. Ցանկանում եմ, որ երիտասարդները լավ ընտանիքներ կազմեն, կայանան եւ հաջողություններ գրանցեն:
Քրիստինե. Համամիտ եմ: Թող զույգերն առողջ լինեն, իրար հասկանան եւ գնահատեն:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Charles” ռեստորանում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: