Երեւանի կենտրոնական փողոցներում այս օրերին ընթանում են Նարեկ Մակարյանի նոր տեսահոլովակի նկարահանումները, որոնց ընթացքին հետեւել է BRAVO.am-ը: Երգիչն առաջին անգամ հանդես է գալիս պրոգրեսիվ-հաուս ոճում, փորձարկման հեղինակները ռեժիսոր Սերժ Գաբյանն ու երաժիշտ Ամասն են։
Նարեկ Մակարյանը եւ Նաստասյա Գոլովկոն
Պարզվում է՝ երաժշտության հիման վրա խոսքերը գրել է Սերժ Գաբյանն ու Նարեկին առաջարկել այն կատարել, այժմ էլ նկարահանում է տեսահոլովակը: Երգչի խոսքով՝ այն փորձարարական է.«Ինձ համար շատ լավ հնարավորություն է ներկայանալ նոր ժանրում։ Սերժն այնպիսի ձեռագիր ունի, այնպիսի գաղափարներ է մոգոնում, որ վստահ եմ՝ կտարբերվի մեր մյուս աշխատանքներից»։
Սերժ Գաբյանը տեղեկացրել է, որ երգի նախնական վերնագիրն է՝ «Հավատա», սակայն կլիշեներից խուսափելու համար, հավանաբար, այն դեռ կփոխեն։ Մեզ հետ զրույցում նա հայտնել է, թե ինչու է հենց ինքը գրել երգի տեքստը.«Վերջերս հաճախ է ստացվում, որ երգի բառեր գրեմ, բայց չեմ բարձրաձայնել։ Երգ գրելու հոբբիս մեկ-մեկ արթնանում է»:
Նարեկ Մակարյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակը նվիրված է ռեժիսորի ամենասիրելի նկարչի՝ բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտի արվեստին.«Ոչ թե առաջնորդվում եմ հոլովակ նկարահանելու կանոններով, այլ փորձում եմ գեղարվեստական լուծումներով վերարտադրել նկարչի ոճը մեր օրերում ու միջավայրում։ Նկարում ենք Երեւանի փողոցներում, բայց քաղաքը մեզ համար ուղղակի տաղավար է, նույն հաջողությամբ կարող էինք նկարել ցանկացած քաղաքում։ Գրաֆիկական լուծումներով կավելանան ֆուտուրիստական կառույցներ: Կարծրատիպերից դուրս ենք մտածում, մեր ասելիքը նկարում ենք եւ դրանից հաճույք ստանում, բայց չգիտենք՝ ինչ կստացվի եւ ինչ արձագանք կլինի»։
Նարեկը նշել է, որ երգն ազատության մասին է.«Պետք է ազատվել բարդույթներից` այն ամենից, ինչը մեզ խանգարում է կյանքը լիարժեք ապրել։ Մեր թիմը հույս ունի այս ասելիքը տեղ հասցնել։ Ժամանակակից երգ է, հայկական ստանդարտից դուրս: Երբ համաձայնեցի կատարել, չեմ էլ մտածել կոմերցիայի մասին. մեր սրտի ցանկությունն է»:
Սերժ Գաբյանի փոխանցմամբ՝ ցանկանում է տեսահոլովակից հետո նույն կադրերով պատրաստել փառատոնային կարճամետրաժ ֆիլմ եւ ներկայացնել միջազգային կինոփառատոններում:
Նարեկ Մակարյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին
Տեսահոլովակում նկարչի «ես»-երը մարմնավորում են դերասաններ Արամ Կարախանյանն ու Նաստասյա Գոլովկոն։ Նկարահանումներին մասնակցում է նաեւ երաժիշտ Ամասը, որի խոսքով՝ իր գրած ակումբային գործերից առաջինն այս մեկն է տեսահոլովակ ունենալու.«Երբ այն Սերժին ցույց տվեցի, ասաց` ինքն էլ անգլերենով կգրի բառերը։ Իրականում ամեն ինչ շատ արագ ու արդյունավետ ստացվեց։ Կարծում եմ՝ հետաքրքիր լուծումներով տեսահոլովակ կլինի»։
Նկարահանումները դեռ շարունակվում են, պրեմիերան տեղի կունենա ապրիլին։ Նարեկը զրույցի վերջում նաեւ հայտնել է, որ առաջիկայում կմեկնի Միացյալ Նահանգներ, սպասվող համերգի ընթացքում կկատարի նաեւ նոր երգը.«Այս հոլովակը դեռ չենք ավարտել, բայց հաջորդի սյուժեն ենք մտածում։ Սերիալում նկարվելուն զուգահեռ ակտիվ աշխատում եմ եւ հերթով կներկայացնեմ նոր երգերս»:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: