Այս ամիս ավարտվել է “ATV”-ի “Կյանքից առավել” սերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Նարեկ Մակարյանը: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը խոսել է իր կերպարի, նկարահանումներին ունեցած դժվարությունների, ստեղծագործական այլ նորությունների եւ համացանցում տարածված հարսանեկան լուսանկարների մասին:
Նարեկ Մակարյանը եւ Տաթեւ Մկրտչյանը` "Կյանքից առավել" սերիալի նկարահանումներին
Սերիալում խաղալու առաջարկն ընդունելուց առաջ շատ եմ մտածել: Պրոֆեսիոնալ դերասան չեմ, չունեմ մասնագիտական կրթություն, սակայն ունեի մեծ ցանկություն ինձ փորձել նաեւ այս բնագավառում: Պատկերացում չունեի, թե ինչպես եմ կերտելու գլխավոր հերոսի կերպարը, հակված էի մերժել գործնական առաջարկը: Մտերիմներիս հետ խորհրդակցելուց հետո ի վերջո համաձայնեցի նկարահանվել: Ուժերիս ներածին չափով արեցի ամեն ինչ, որպեսզի լավ ստացվի. դերասանական ունակություններ ժառանգել եմ տատիկիցս:
Դժվարություններ ունեցա նկարահանման առաջին իսկ օրվանից: Անքուն գիշերներ, վաղ առավոտյան նկարահանումներ: Դժվար էր սցենարը սովորել եւ մտապահել: Կային այնպիսի արտահայտություններ, մասնագիտական տերմիններ, որոնք անծանոթ էին ինձ: Սկզբնական շրջանում իսկապես քաոսային վիճակում էի:
Նկարահանման հրապարակում զավեշտալի դեպքեր պատահում էին գրեթե ամեն օր: Հաճախ էի տեքստը մոռանում, եւ ստիպված հուշում էին: Երբեմն էլ տեքստից դուրս իմպրովիզներ էի անում խաղընկերոջս հետ, ինչն այնքան էլ դուր չէր գալիս նախագծի պրոդյուսեր Աբել Աբելյանին: Նրան ես համարում եմ դերասանական արվեստում իմ առաջին ուսուցիչը:
Խաղընկերս` Տաթեւ Մկրտչյանը, հրաշալի անձնավորություն է: Անկեղծ ասած, առաջին հայացքից չհավանեցի նրան, ինչի մասին նաեւ իրեն եմ ասել: Հետագայում, երբ ճանաչեցի, կարծիքս լիովին փոխեցի: Տաղանդավոր, մեծ ներուժով դերասանուհի եւ հրաշալի հումորի տեր անձնավորություն է:
Նարեկ Մակարյանը` "Կյանքից առավել" սերիալի նկարահանումներին
Համացանցում տարածված հարսանեկան նկարները շատերին են շփոթեցրել: Ինձ մինչեւ հիմա շնորհավորում են: Չեմ հասցնում բոլորին պատասխանել, որ նկարները ֆիլմից են:
Հերոսս`Միքայելը, հետաքրքիր կերպար էր: Նրան փորձել եմ կերտել իմ պատկերացումներով: Կարծում եմ`ճիշտ եմ մարմնավորել: Ի տարբերություն ինձ` Միքայելն ավելի զուսպ է, լուրջ եւ միամիտ: Ես իրականում ավելի կատակասեր եմ:
Սերիալը շատ ժամանակ էր խլում: Դա է հիմնական պատճառը, որ երգարվեստում որոշակի դադար տվեցի: Իսկ ասել, որ նկարահանումները խանգարել են ինձ, սխալ կլինի:
Գործընկերներս այդքան էլ չէին հավատում սերիալի հաջողությանը: Առաջին սերիայից հետո կարծիքները կտրուկ փոխեցին: Աստիճանաբար ավելի բնական եւ լավ էր ստացվում խաղս:
Նարեկ Մակարյանը եւ Տաթեւ Մկրտչյանը` "Կյանքից առավել" սերիալի նկարահանումներին
Երգ էի գրել, որը պետք է լիներ սերիալի սաունդթրեքը, սակայն խնդիրներ առաջացան: “Քեզ հետ, առանց քեզ”-ը առաջիկայում կներկայացնեմ տեսահոլովակով, եւ սերիալի հետ այն կապ չի ունենա: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերինը` Գայանե Ավետիսյանը:
Փետրվարի 9-ին ելույթ կունենամ Ռուսաստանում, իսկ 15-ին` Միացյալ Նահանգներում:
Երազում եմ գեղարվեստական ֆիլմում նկարահանվել: Առաջարկ արդեն ստացել եմ: Աստծո կամոք, ամռանը կսկսենք նկարահանումները: Կտրամադրեմ ողջ ժամանակս եւ հնարավորություններս կերպարը լավ մարմանվորելու համար:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մակարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: