×


Նարինե Գրիգորյան.“Երեք անգամ հարցրեց, ծիծաղեց, բայց միանգամից վիզաս խփեց:)”

Երեւանի Համազգային թատրոնի անձնակազմը հոկտեմբերի 13-ին հյուրախաղերով մեկնել է Միացյալ Նահանգներ` Լոս Անջելեսում բնակվող հայերին ներկայացնելու “44 աստիճանի վրա”, “Sale” եւ “Անբան Հուռին” բեմադրությունները: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում ուղեւորությունից առաջ հայտնել է ռեժիսոր, դերասանուհի Նարինե Գրիգորյանը:

Նարինե Գրիգորյանը


“Ես զբաղված եմ միայն “Անբան Հուռին” մանկական ներկայացման մեջ եւ մարմնավորում եմ հավիկի: Անկեղծ ասած` չէի ուզում, որ դեսպանատանն ինձ հարցնեն, թե ինչ եմ խաղալու: Երբ աշխատակցի այդ հարցին պատասխանեցի, չգիտեմ ինչու` չէր հավատում, երեք անգամ հարցրեց, ծիծաղեց, բայց միանգամից վիզաս խփեց:)”,-պատմել է Նարինեն, որը նախկինում եղել է Նյու Յորքում, Բոստոնում, Լաս Վեգասում, իսկ այս` 3-րդ ուղեւորության ժամանակ գործընկերների հետ կշրջի Լոս Անջելեսում:

Մոտ 16 հոգուց բաղկացած պատվիրակությունը նաեւ կներկայացնի համերգային շոու.“Բեյրութի հայերը շատ էին հավանել երգով, ասմունքով, էտյուդներով համեմված մեր համերգը եւ նրանց խորհրդով ամերիկահայերին էլ կներկայացնենք այն: Մեզ արդեն տեղեկացրել են, որ բոլոր տոմսերը սպառված են, անհամբեր սպասում են եւ պատասխանատվությամբ վերաբերվում ելույթին: Հատկապես “44 աստիճանի վրա”-ն ամերիկահայերին մտածելու տեղիք կտա. հայրենադարձության մասին է: Եղել են մարդիկ, որոնք, նայելով ներկայացումը, Հայաստանից չեն հեռացել: Ինձ համար մեծագույն հաճույք կլինի, որ իմ ժողովուրդը հայրենիքում ապրի”:

Նարինե Գրիգորյանը խաղում է “Թռիչք քաղաքի վրայով” ներկայացումը


Թատրոնի անձնակազմը Հայաստան կվերադառնա Համազգային թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը` հոկտեմբերի 24-ին.“Քանի որ վարպետի տարեդարձի օրը դեռ ճանապարհին կլինենք, նոյեմբերի 5-ին թատրոնում մեծ միջոցառում կլինի. խաղալու ենք Սոս Սարգսյանի բեմադրած “Ծննդյան տոները սենյոր Կուպելլոյի տանը” ներկայացումը”,-նշել է Նարինեն:

“Թռիչք քաղաքի վրայով”-ը` Քարդիֆում

Այս տարվա մայիսին ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացած դերասանուհին հաճախ է ճամփորդում եւ տարբեր ներկայացումներով մասնակցում միջազգային փառատոնների: Վերջին թռիչքը դեպի Մեծ Բրիտանիա էր, որտեղ “World Stage Design” փառատոնի շրջանակում հանդես է եկել “Թռիչք քաղաքի վրայով” բեմադրությամբ:

Նարինե Գրիգորյանը Մեծ Բրիտանիայում մասնակցել է “World Stage Design” փառատոնին


Նարինե Գրիգորյանն ու Սերգեյ Թովմասյանը սեպտեմբերին Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունեցած թատերական ոչ մրցութային փառատոնին երկու անգամ խաղացել են “Թռիչք քաղաքի վրայով”-ը, որի պիեսի հեղինակն Անուշ Ասլիբեկյանն է, նկարիչը` Անժելա Գալստյանը. “Այն ներկայացումն արդեն դիտել են Ռուսաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Կոստա Ռիկայում, եւ, իհարկե, Հայաստանում”:

Դերասաններից բացի, Քարդիֆ են մեկնել Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, թատրոնի միջազգային գծով մենեջեր Վիկտորիա Բագոյանը, նաեւ ձայնային ռեժիսորն ու լուսավորողը.“Բոլոր ներկայացումների մուտքը տոմսով էր, այսինքն` մասնակիցները պետք է մյուսների տոմսերը գնեին: Երկրորդ խաղով փակեցինք փառատոնը, կարծում էի` երկրորդ անգամ քիչ մարդ կգա, բայց առաջին անգամ դիտողները մյուսներին խորհուրդ էին տվել բաց չթողնել: Շատ հաճելի էր իմանալ, որ հայ համայնքը 30 տոմս էր գնել ու հատուկ եկել էր մեր ներկայացումը դիտելու: Առնչվելով տարբեր երկրների հայ համայնքների հետ` գիտեմ, որ ոչ բոլոր տեղերում են հետաքրքրված հայկական թատրոնով”:

Նարինե Գրիգորյանը խաղում է "Դզին" մոնոներկայացումը


Ի դեպ, փառատոնային օրերի ընթացքում նրանք հասցրել են լինել Լոնդոնում եւ Փարիզում.“Երկու օրով ավտոբուսով “փախանք” տեսնելու Անգլիան, վերադարձանք խաղալու ներկայացումը, հետո մեկնեցինք Փարիզ: Այնքան քիչ ժամանակ ունեինք, որ պարզապես վազքի մեջ էինք. երբ հասանք Էյֆելյան աշտարակի մոտ, արեւային եղանակ էր, բարձրանալիս` անձրեւ, Շանզ-Էլիզե փողոցն անձրեւի տակ վազելով ենք անցել, բայց կարճ ժամանակահատվածում այդքան վայրեր այցելելը տպավորիչ էր”:

“Դզին”-ը` Վառնայում

Օգոստոսին էլ դերասանուհին իր նոր մոնոներկայացմամբ, որը կոչվում է “Դզին”, մասնակցել է Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացված մոնոներկայացումների միջազգային փառատոնին.““Արմմոնո” փառատոնից հետո հրավեր ստացանք եւ մեկնեցինք: Մոնոներկայացումը ջրի կաթիլի մասին է, որը խոսում է թռչունների հետ. հետաքրքիրն այն էր, որ ծովի ափին թռչող ճայերի բնական ձայնը շատ էր համապատասխանում մեր բացօթյա ներկայացմանը, մինչդեռ ոմանք կարծում էին` այդ ձայները նախապես ձայնագրված էին: Ռուբեն Բաբայանն այն բեմադրել է Նատալի Ֆիլյոնի ռուսերեն “Դզին” բանաստեղծության հիման վրա: Ուրիշ փառատոններից եւս հրավերներ ունենք, առջեւում դեռ Կոստա Ռիկան է”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` Նարինե Գրիգորյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW