Նարինե Դովլաթյանի վերջին երկու օրերն անցել են ուրախ, բայց փոքր-ինչ փշոտ միջավայրում:): Նա նկարահանվել է իր նոր երգի տեսահոլովակում: Էթնո-ջազ ոճի անգլալեզու “Կակտուս”-ը ուղիղ եւ փոխաբերական իմաստներով փշոտ սիրո մասին է.“Այն սիրո, որը թանկ է, բայց կակտուսի նման երբեմն ծակում է: Կարծում եմ` շատերին հայտնի զգացողություն է: Երգի թեմային համահունչ տեսահոլովակում կլինեն շատ կակտուսներ, որոնց փշերն ինձ անընդհատ ծակծկում էին. մատներիցս մանր փշեր էի հանում”:
Նարինե Դովլաթյանը
Կակտուսները նկարահանող խմբի հետ երկար ճանապարհ են անցել` հասնելով մինչեւ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղ, որտեղ էլ ծնվել է Նարինեն: Երգչուհու հայրական տան նկուղում էլ ընթացել են առաջին օրվա նկարահանումները. “Վաղուց նման մտադրություն ունեի եւ այս անգամ օգտագործեցի հարմար առիթը: Մեր թիմը շատ էր հավանել գյուղի մաքուր օդը, ծիրանը, ազնվամորին եւ այլն: Նույնիսկ ուզում էին մնալ, բայց ես էլ վերջին տարիներին չեմ հասցնում երկար ժամանակով մնալ ու հանգստանալ: Տեսահոլովակի հաջորդ հատվածները նկարահանվել են Երեւանում ”:
Ի դեպ, տեսահոլովակի գլխավոր հերոսի դերում Նարինե Դովլաթյանի սիրելին է` չինական Վինգ Չուն մարտարվեստի 3-րդ կարգի վարպետ Հովհաննես Մուշեղյանը.“Նա հանդես է գալիս սիրահարված տղայի հումորային կերպարում”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է երգչուհին եւ հավելել.“Քանի որ երգում առկա են Միքայել Ոսկանյանի թառի հնչյունները, նա եւս նկարահանվել է տեսահոլովակում”:
Նարինե Դովլաթյանն ընկերոջ` Հովհաննես Մուշեղյանի հետ
“Կակտուս”-ի հեղինակը Կարեն Գրիգորյանն է, որը նաեւ մասնակցել է նկարահանումների ընթացքին.“Այս երգն իմ ոճին այնքան էլ նման չէր, եւ իմ առաջարկով փոփոխություններ կատարեցինք: Նա որպես հեղինակ ինձ դուր է գալիս, քանի որ թույլ է տալիս, որ երգը կատարես քո ձեւով, հարմարեցնես քո ոճին, մինչդեռ կան հեղինակներ, որ կատարողին այդ ազատությունը չեն տալիս”:
Տեսահոլովակը նկարահանել է երիտասարդ ռեժիսոր Հռիփսիմե Խոջայանը, որը Նարինեի փոխանցմամբ` մասնագիտացել է Լոնդոնում եւ մի քանի ֆիլմի հեղինակ է.“Ծանոթացանք Կարենի միջոցով ու որոշեցինք միասին աշխատել: Կարծես թե իմ տեսահոլովակը նրա առաջին փորձն է”:
Նարինե Դովլաթյանը
Երգչուհին շնորհակալական խոսք ունի ասելու Դավիթ Այվազյանին` տեխնիկա տրամադրելու, ինչպես նաեւ գյուղի հարեւաններին` նկարահանումների ընթացքում իրեն աջակցելու համար:):
22-ամյա Նարինե Դովլաթյանը պարբերաբար ներկայացնում է նոր ֆոտոշարքեր, որոնցից վերջինն իրականացրել է լուսանկարիչ Լիլիթ Մուրադյանը` Բուսաբանական այգում: Ինչպես տեսահոլովակի, այնպես էլ ֆոտոշարքի զգեստների հեղինակը Քրիստինե Անանյանն է, դիմահարդարը` Անի Վաղունին.“Այս անգամ ինձ համար նորություն էր արտահայտիչ ու վառ դիմահարդարում ունենալը. միշտ սկզբում տատանվում եմ` արժե արդյոք ռիսկի գնալ, բայց վստահում եմ պրոֆեսիոնալներին, հետո հասկանում, որ ինձ համար անսովոր ոճը հետաքրքիր է նայվում, թեեւ կարեւոր է չկորցնել սեփական դեմքը”:
Նարինե Դովլաթյանն իր ընկերոջ` Հովհաննես Մուշեղյանի եւ տեսահոլովակի ռեժիսոր Հռիփսիմե Խոջայանի հետ
Երգչուհին նաեւ նշել է, որ հանգստի կարիք ու ցանկություն ունի, բայց արձակուրդի փոխարեն դեռ միայն աշխատանքային պլաններ կան. պատրաստվում է մասնակցել բարեգործական համերգների, ակումբային մենահամերգներով հանդես գալ, միգուցե նաեւ շարունակի իր երգացանկը համալրել Կարեն Գրիգորյանի հեղինակած նոր երգերով:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Լիլիթ Մուրադյանի եւ Նարինե Դովլաթյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: