BRAVO.am-ն օրեր առաջ նոր ֆոտոշարք է իրականացրել Զվարթնոցի տաճարի ավերակների մոտ` որպես հերոսուհի առաջարկելով հանդես գալ Նարինե Սուլթանյանին: Հաղորդավարուհի-դերասանուհին առաջին անգամ էր լուսանկարվում վաղմիջնադարյան ճարտարապետական այս հուշարձանի մոտ, որը 1989 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում: Փոքրիկ գեղեցկուհի Միլայի մայրիկի հետ նաեւ հետաքրքիր զրույց ենք ունեցել:):
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
-“Մետեո TV-եղանակի տեսություն”, “Որակի նշան”, “Նամականի”, “Գանձապետական պահառու”, “Սրճենք”, “Երբ պարում են աստղերը”, “Բլից”, “Հայսուպերսթար”, այժմ էլ “Նանե” հեռուստածրագիր. ո՞րն է Ձեզ համար այս աշխատանքներից ամենաարժեքավորը:
-Չեմ կարող ասել, քանի որ յուրաքանչյուր հաղորդում կամ նախագիծ այդ պահին ինձ համար ամենակարեւորն է: Այս պահին զբաղված եմ “Նանե”-ով, որում առկա են կնոջը վերաբերող շատ կարեւոր հարցեր, եւ քանի որ խորագրերը տարբեր են, ինձ, որպես կին, հետաքրքիր է բազմակողմանի ուսումնասիրել կնոջ էությունը:
- Հաղորդավարական գործում ո՞րն է Ձեզ համար ամենահաճելի եւ ոչ սիրելի պահերը:
- Երբեւէ չեմ կենտրոնացել չսիրած պահերի վրա, նույնիսկ լուրջ չեմ մտածել այդ ուղղությամբ, իսկ սիրած պահերի վերաբերյալ կարող եմ ասել` հաճելի է ամեն ինչը՝ սկսած վարսահարդարումից ու դիմահարդարումից մինչեւ բուն նկարահանման գործընթացը: Չեմ կարող չսիրելով աշխատել կամ անել չսիրած աշխատանք: Կարծում եմ` հանրային մասնագիտություններն առանձնակի մոտեցում եւ լուրջ վերաբերմունք են պահանջում, քանի որ ցանկացած տրամադրության տատանում հեռուստադիտողը կամ հանդիսատեսը անմիջապես տեսնում է այն պարզ պատճառով, որ տեսախցիկը “ռենտգեն” է ու արտացոլում է քո իրական վերաբերմունքն աշխատանքի հանդեպ:
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
- Որակական ի՞նչ հատկանիշներ են անհրաժեշտ արհեստավարժ հաղորդավարին:
- Էներգետիկա (ցանկալի է դրական:)), ինֆորմացիայի տիրապետում, մտքի ճկունություն, արագ կողմնորոշվելու հմտություն: Իհարկե, նաեւ արտաքին խնամվածություն հաղորդման ձեւաչափին համապատասխան, կոկիկություն ու ճաշակ: Կուզեի, որ մեր եթերում ավելի շատ լինեին ուսուցողական հաղորդումները:
-Որքան գիտեմ, ցանկանում եք գեղարվեստական ֆիլմերում կամ ֆիլմաշարերում նկարահանվել, նաեւ թատրոն վերադառնալ, սակայն վերջերս որպես դերասանուհի հանդես չեք գալիս: Ո՞րն է պատճառը:
- Նշեմ, որ առաջարկներ եղել են, սակայն հրաժարվել եմ` ինձ համար կարեւոր հանգամանքներից ելնելով: Ցավոք, ժամանակի սղության պատճառով չեմ կարող համատեղել թատրոնը, կինոն եւ հեռուստատեսությունը, բայց ֆիլմում կցանկանամ հետաքրքիր կերպար մարմնավորել: Հիմա որպես մայր նախընտրում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել դստերս ու ընտանիքիս հետ:
-Ըստ Ձեզ` որոնք են Հայաստանում ճանաչված լինելու դրական ու բացասական կողմերը:
- Ուշադրության կենտրոնում հայտնվելու գերխնդիր երբեւէ չեմ ունեցել, բայց նաեւ չեմ տառապել ուշադրության պակասից: Ինչ խոսք, հաճելի է, երբ ճանաչում են, դրական արձագանքներ ես ստանում: Բայց ես այս ամենին վերաբերվում եմ որպես աշխատանք ու փորձում եմ չկենտրոնանալ բացասականի վրա, առավել եւս, որ բնույթով լավատես եմ:
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
- Խնամված եւ նորաձեւ լինելու Ձեր բանաձեւը:
- Անկախ մասնագիտությունից` յուրաքանչյուր կին պետք է խնամված լինի: Իհարկե, միշտ տարանջատում եմ հեռուստատեսությունն ու կյանքը, որովհետեւ կյանքում ավելի հանգիստ վիճակ եմ սիրում ինչպես հագուստի, այնպես էլ դիմահարդարման հարցում: Հմայքի կարեւոր պայմանը հոգեվիճակն է. եթե ներքուստ խաղաղ ու ներդաշնակ ես, լարվածություն չկա, նույնիսկ փոքրիկ շտրիխն էլ բավարար է կերպարն ամբողջականացնելու համար:
- Ձեզ համար ո՞րն է կազմվածքը պահպանելու լավագույն տարբերակը :):
-Օրիգինալ պատասխան չեմ կարող տալ. առողջ սնունդ եւ սպորտ: Միշտ չէ, որ պահպանում եմ առողջ սննդակարգի կանոնները, բայց աշխատում եմ ամեն ինչ կիրառել չափի մեջ, շատ հեղուկ եմ խմում:
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
- Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են որոշ կանայք բարդույթավորվում առանց դիմահարդարման: Ո՞ր դեպքերում կարող եք առանց շպարվելու տնից դուրս գալ:
- Իմ կյանքում եւս եղել է շրջան, երբ առանց շպարի դուրս չէի գալիս տնից: Բայց դա տարիքային մաքսիմալիզմ էր, որը, բնականաբար, ժամանակի հետ անցնում է: Հոգեբանական տեսանկյունից ինքնաբավ կանայք, որպես կանոն, շատ շպար չեն օգտագործում առօրյայում: Կարծում եմ` իսկական տղամարդը կնոջը սիրում է բնական վիճակում, տիկնիկային կերպարն ուղղակի պայմանականություն է: Ամուսինս նախընտրում է իմ բնական հարդարումը, ես էլ ինքս ինձ սիրում եմ բնական վիճակում, իսկ հեռուստատեսությունը պահանջում է լինել ավելի խնամված: Եթե հայտնվում ես էկրանից այն կողմ, պետք է տիրապետես եթերային էթիկային. չեմ կարող ինձ թույլ տալ եթերում լինել վատ տեսքով:
- Կնշե՞ք այն անցանկալի սովորույթը, որից մեկընդմիշտ կուզեիք ազատվել:
- Արեւածաղիկ եմ սիրում: Եթե սեղանին դրված լինի, ապա ափսեն իմ ձեռքով դատարկվում է մինչեւ վերջին հատիկը:):
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
- Ձեր դուստրը` Միլան, արդեն 3,5 տարեկան է: Ինչպե՞ս է օրը սկսվում երեխայի հետ, ի՞նչ նախասիրություններ ունի:
- Երեխաս շատ է սիրում պարել, առհասարակ, շատ արտիստիկ է: Նույնիսկ բոլորիս կրկնօրինակում է: Օրը սկսում ենք նախաճաշով` մուլտֆիլմի կամ հեքիաթի ներքո:
- Քանի որ Միլան ծնվել է Միացյալ Նահանգներում, արդյո՞ք նրա ապագան տեսնում եք օվկիանոսից այն կողմ:
- Դստերս ապագան տեսնում եմ այնտեղ, որտեղ ինքը կցանկանա: Նրան ապագայում ազատ ընտրության հնարավորություն կտամ:
Նարինե Սուլթանյանը Զվարթնոցի տաճարում
- Ի՞նչ հարցերի շուրջ եք տարաձայնություններ ունենում Ձեր ամուսնու հետ: Հաշտության առաջին քայլն ո՞վ է անում:
- Բոլոր ընտանիքներում էլ տարաձայնություններ լինում են, մերը բացառություն չէ: Բայց ես չեմ սիրում բարդացնել ու նույնիսկ չեմ էլ մտածում, թե ով առաջին քայլը կանի: Ամուսնուս ընկալում եմ որպես ինձ ամենահարազատ մարդու, իսկ հարազատներից չեն նեղանում: Ընտանիքում վատ մթնոլորտ չպետք է լինի, կարող եմ փոքրիկ հումորով հարթել իրադրությունը:
- Եվ վերջում չեմ կարող չհարցնել. որքանո՞վ էր հետաքրքիր Ձեզ համար այս ֆոտոշարքը :):
- Լուսանկարվելու ընթացքն ինձ համար շատ հետաքրքիր էր. հանգիստ միջավայր ու հաճելի եղանակ էր, տրամադրող էր նաեւ նման վայրում գտնվելը: Շատ եմ սիրում ֆոտոխցիկի առջեւ կերպարի մեջ մտնել: Կարծում եմ` լուսանկարչի առաջարկած ֆոտոշարքը ստացվել է: Արդյունքը դիտելով` հաճելիորեն ուրախացա:): Անկեղծ ասած, վերջին ժամանակահատվածում նման ֆոտոշարք չէի ունեցել, իմ ակնկալածից ավելին էր:
Զգեստը` Ֆաինա Հարությունյանի
Վարսահարդար` Քրիստինա Հակոբյան/"Ռատինա” գեղեցկության սրահ/
Դիմահարդար` Էմմա Մանուկյան/Make-up Studio/
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: