×


Նելլիի ընտանիքը

Նելլին` դստեր արարքի, մանկատուն այցելության եւ ծրագրերի մասին

Նելլիի համար տոներն անցնում են ընտանեկան միջավայրում եւ կեզրափակվեն հունվարի 13-ին՝ իր տարեդարձով։ Հին տոմարով Նոր տարին եւ ծննդյան օրը նշելուց հետո նա կրկին կանցնի աշխատանքի.«Տոնածառը միշտ հավաքում ենք տարեդարձիցս հետո։ Մեծ աղջիկս՝ Անահիտը, արդեն բացիկներ է պատրաստում ու գումար հավաքում, որ նվեր գնի։ Մյուսներին էլ հարցնում է՝ «Ինձ կօգնե՞ք մամայի ծնունդին նվեր առնենք:)»։ Չգիտեմ՝ ֆիզիկական, թե ֆինանսական օգնություն է ակնկալում, բայց ինձ խնդրում է, որ չխառնվեմ»։

Նախորդ տարեվերջը Նելլիի համար լեցուն է անցել. նա եւ Իրինա Թովմասյանը միասին են աշխատում՝ որպես մանկական հեռուստածրագրերի պրոդյուսերներ, Ամանորից առաջ իրականացրել են բարեգործական միջոցառումներ.«Իրինան արդեն մի քանի տարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար կազմակերպում է ամանորյա միջոցառում, եւ երեխաները նախապես նամակ են գրում իրենց ցանկությունների ու երազանքների մասին։ Մեր ընկերները սիրով միացան, 120-ից ավելի նամակ կարդալով՝ հավաքեցինք նվերներն ու այցելեցինք մանկատուն։ Չեմ կարող բացատրել՝ ինչ ուրախություն ու երջանկություն էր մեզ համար»։

Նելլիի դուստրերը


Երգչուհու փոխանցմամբ՝ փոքրիկների ցանկալի նվերները որքան տարբեր, այնքան էլ նման են.«Ցավալի է, բայց հիմնականում գրել էին տաք հագուստ, գլխարկ, գուլպա, ձեռնոց, դրանից բացի, այնպիսի իրեր, որ հասկանում էինք երեխայի երազանքն է՝ փայլուն պայուսակ, մանկական աքսեսուարներ, լեգո եւ այլն»։

Մեկ այլ օր էլ «Օրրան»-ի երեխաների համար կազմակերպել են բարեգործական համերգ եւ կավագործ սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք.«Իմ առաջարկով պատանի երեխաները զուգերգ կատարեցին նոր սերնդի երգիչների հետ։ Ընտրելով լավագույն ձայնային տվյալներով սաներին՝ նրանց հետ պարապում էինք, բեմական կեցվածքից, վոկալից մինչեւ հագուստի ընտրություն։ Փոքրիկների բեմ բարձրանալու երազանքը կատարելուց բացի, մեզ միացան ընկերություններ, որոնք ոչ միայն այդ օրը, այլեւ ողջ տարվա ընթացքում նրանց նվերներ կմատուցեն։ Ուրախալի է, որ սաների ձեռագործ աշխատանքները գրեթե ամբողջությամբ վաճառվեցին, իսկ այդ գումարի մի մասը տրվում է երեխաներին»։

Նելլիի ընտանիքը


Նելլին ընտանիքի հետ է իրականացնում նախաձեռնությունները, մասնակցում է նաեւ հինգուկես տարեկան Անահիտը, ում արարքի մասին պատմել է BRAVO.am-ին. «Սկզբում աղջկաս համար մանկատան երեխա արտահայտությունն անհասկանալի էր թվում, բայց մեր ընտանիքում այնպիսի անցուդարձ էր, որ իր խաղալիքներից ու իրերից տալիս էր՝ ասելով՝ «Մամ, տանենք մանկատան երեխաներին»։ Ուրախ եմ, որ աղջիկներս իրենց ունեցածն ուզում են կիսել մյուս բալիկների հետ, ոչ թե մեծանում են սմարթֆոնների տեսակների մասին խոսակցություններով։ Երեխաներին աջակցելն ուղղակի լավ գործ չէ, այլ պարտավորվածություն պիտի ունենանք ապրել ոչ միայն սեփական եսի, այլեւ շրջապատին օգնելու համար»։

Նա արդեն գծագրել է 2018-ի անելիքները.«Նոր նախագծեր ունեմ, նոր երգ ու տեսահոլովակ կներկայացնեմ, նոր գործեր կնախաձեռնեմ։ Այս տարին մեզ համար նաեւ առանձնահատուկ է, քանի որ Անահիտը սեպտեմբերին դպրոց կհաճախի»։

BRAVO.am    
Լուսանկարները՝  Արման Սարգսյանի եւ Նելլիի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport