Նելլին այս օրերին զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանումներով, որի պրեմիերան շատ չի ուշանա: “Մի, մի արի” երգը փոփ ոճում է, գրվել է հենց երգչուհու առաջարկով: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ երկարատեւ դադարից հետո որոշել է ներկայանալ ռիթմիկ երգով, որն իր երգացանկում նորություն է:
Նելլին
“Միշտ փորձել եմ ցածրորակ երգեր չկատարել, այդ պատճառով հաճախ տեսահոլովակ չեմ նկարահանել: Միգուցե սա այն գործը չէ, որ կցանկանայի մշտապես երգել, բայց հիթային է եւ ժամանակակից: Երբեմն պետք է հասկանալ, թե երիտասարդ սերունդն ինչ նախասիրություններ ունի ու նրանց ճաշակով շարժվել”,-նշել է երգչուհին:
Նրա խոսքով` տեսահոլովակի սյուժեն հիմնված է երգի խոսքերի վրա.“Մի աղջկա մասին է, ում լքել է ընկերը: Նա անընդհատ իրեն համեմատում է նախկին ընկերոջ նոր սիրելիի հետ, փնովում նրան, թե վատն է եւ դատարկագլուխ: Այս իրավիճակը հաճախ է պատահում երիտասարդ աղջիկների հետ, երգը լսած ծանոթներս էլ են հաստատում, որ հայտնվել են նման իրավիճակում”:
Նելլին շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի
“Մի, մի արի” երգը հեղինակել են Աննա եւ Ժակլին Թադեւոսյանները. “Նրանց անունները հանրությանը ծանոթ չեն, բայց մի շարք երգեր են հեղինակել: Իմ առաջարկով քույրերն այս թեմայի մասին գրեցին: Կարծում եմ՝ ռիթմիկ երգն ավելի շատ կսիրվի դեռահասների կողմից. իրենց հարազատ խոսքեր կգտնեն: Մի ժամանակ բոլորը երգում էին կորցրած սիրո մասին տխուր երգեր, բայց այժմյան երիտասարդությունը զվարթ ու պայծառ է, այլ մտածելակերպ ունի, եթե մեկի հետ չի ստացվում, ասում են՝ ցտեսություն եւ ուրիշի հետ հանդիպում”:
Տեսահոլովակի ռեժիսուրայով եւ ոճաբանությամբ զբաղվում է Վահան Խաչատրյանը, նրան միացել է օպերատոր Արտյոմ Աբովյանը: Հերոսուհուն մարմնավորում է հենց Նելլին, մի դրվագում նկարահանվել է նաեւ նրա ամուսինը՝ Րաֆֆին.“Նախատեսում ենք պարային գունեղ տեսահոլովակ: Հերոսուհին անընդհատ կերպարանափոխվում է, ինչպես հիմա շատ տարածված է, սելֆի անում ու հաղորդագրություններ ուղարկում”:
Նելլի տեսահոլովակի նկարահանումներին
Նկարահանումներն իրականացրել են սրճարանում, փողոցում, խանութում եւ այլ վայրերում: Նելլին այս տեսահոլովակում նաեւ պարում է երկու պարուհու հետ. նկարահանումներից առաջ հաճախել է պարի դասերի, իսկ բեմադրությամբ զբաղվել է “In Step” ստուդիայի ղեկավար Դինա Սուջյանը.“Վաղուց ընկերներ ենք, բայց տեսահոլովակի համար երբեւէ աշխատելու առիթ չէր եղել: Շնորհակալ եմ նրան, որ ինձ տանջելով փորձում էր պարուհի դարձնել, ինչը դժվար էր ստացվում, քանի որ երկար ժամանակ պարով չէի զբաղվել”:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: