×


Նոնա եւ Դավիթ. ինչի շուրջ է վիճում զույգը :)

Դերասան-ամուսիններ Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկի լույս աշխարհ գալուն: Սիրո տոնի առթիվ ապագա ծնողները նկարահանվել են BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, իսկ անկեղծ զրույցի ընթացքում խոսել ոչ միայն փոքրիկի, այլեւ իրենց հարաբերությունների մասին, ինչպես նաեւ սեր են խոստովանել միմյանց:):

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


Երեխա ունենալու որոշում

Նոնա. Ամուսնությունից անմիջապես հետո երեխա ունենալու միտքը Դավիթինն էր եւ նա ամեն կերպ համոզեց ինձ թողնել թատրոնի հետ կապված բոլոր երազանքներս ու մայր դառնալ: Հիմա շնորհակալ եմ նրան, որ օր առաջ պիտի ծնվի մեր բալիկը:

Բարի լուր

Նոնա. Երբ իմացա հղիությանս մասին, վաղ առավոտ էր, սկսեցի ուժգին լացել: Դավիթին միանգամից չհայտնեցի, իսկ նա ամեն պահ հարցնում ու սպասում էր այդ լուրին, եւ հերթական հարցին պատասխանեցի` այո: Դավիթը կարծես ուզում էր ամբողջ աշխարհին պատմել:):

Դավիթ. Երբ իմացա` հայր եմ դառնալու, համբուրեցի կնոջս: Հուզմունքս մեծ էր, քանի որ նման զգացողություն չէի ապրել:

Նոնա Թելոյանը


Առաջնեկի սեռը

Նոնա. Սեռի մասին չէինք մտածում ու չէինք էլ շտապում իմանալ: Երկու դեպքում էլ պիտի ուրախանայինք: Ես կուզեմ ավելի հասուն տարիքում աղջիկ ունենալ, քանի որ նրան դաստիարակելու համար պետք է ինքս էլ սխալներ թույլ չտամ: Դավիթին էլ ասել եմ`շատ մի ուրախացիր. տղաները մամաներին են շատ սիրում:):

Դավիթ. Երբ իմացա` տղա ենք ունենալու, ուրախությունս կրկնապատկվեց. ցանկացած տղամարդ տղա ունենալու երազանք ունի: Փառք Աստծո, երազանքս իրականանում է:

Նոնա Թելոյանը եւ Դավիթ Հակոբյանը


Բանավեճ :)

Նոնա. Երեխայի անվան տարբերակներ ունենք, բայց կորոշենք վերջին ամսում: Կփորձենք բալիկի կարծիքն էլ հարցնել. որ անվանը կարձագանքի, այդ անունն էլ կստանա: Ես սիրում եմ Մաքսիմ անունը, բայց ամենից շատ կցանկանայի, որ երեխան Դավիթ անունն ունենա, սակայն դեռ ամուսնուս չեմ կարողանում համոզել:

Դավիթ. Անվան ընտրության հարցում բանավիճում ենք: Ես մտածում եմ հայրիկիս անունը տալ տղայիս` Էդուարդ, չնայած` Գոռ անունն էլ է լավը, տեսնենք:

Զրույցներ փոքրիկի հետ

Նոնա. Նոր ենք սկսել խոսել նրա հետ: Կարծում եմ` ամենահետաքրքիրն առջեւում է: Նա հաստատ ինձ լսում է, անգամ մտքերս է կարդում:

Դավիթ. Զբոսանքի փորձում ենք հաճախ գնալ, բայց փոքրիկի հետ ավելի շատ խոսում է Նոնան:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


Երազանքների կին, ուշադիր ամուսին

Նոնա. Դավիթն անչափ ուշադիր ամուսին է: Արդեն պատկերացնում եմ, թե ինչ հոգատար հայր կլինի: Յուրաքանչյուր հարցով կարող եմ դիմել ամուսնուս, եւ դա երջանկություն է:

Դավիթ. Իմ կինը նախ եւ առաջ ինձ համար շատ լավ ընկեր է: Ինքս ավելի շատ շռայլող եմ, իսկ նա միշտ տան մասին է մտածում, հաշվարկում է: Խոհանոցում էլ հրաշքներ է գործում. շատ համեղ է պատրաստում: Մի խոսքով` նա իմ երազանքի կինն է:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


Սիրո տոն, նվերներ

Նոնա. Այս տարի կնշենք Տեառնընդառաջը: Բայց քանի որ Դավիթը բոլոր տոներին միջոցառումներ է վարում, առիթները նշում ենք տվյալ վայրում: Կարծում եմ` սիրո տոնին պարտադիր եկեղեցի է պետք գնալ, չէ՞ որ սերը վերեւից է մեզ տրվում: Անակնկալներ մատուցելն ինձ մոտ շատ լավ է ստացվում եւ ավելի շատ սիրում եմ նվիրել: Դավիթին կարելի է ուրախացնել յուրաքանչյուր նվերով, բայց ամենից շատ հագուստ է սիրում, այդ պատճառով որոշել եմ փողկապ նվիրել:

Դավիթ. Նվեր անպայման կպատրաստեմ կնոջս համար: Տոները հիմնականում անցկացնում ենք աշխատանքային պայմաններում, բայց այդպես էլ է հետաքրքիր անցնում:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանը


Սիրո խոստովանություն

Նոնա. Այս տարվա սիրո տոնը տարբեր է եւ սերն էլ ուրիշ տեսակ է: Մի պահ հասկացա, որ սիրում եմ ոչ թե ուղղակի մի տղամարդու, այլ երեխայիս հորը: Իսկ դա նշանակում է, որ կինն ընտրում է տղամարդու, ով իր երեխայի հայրը պիտի դառնա: Հիմա ես քեզ սիրում եմ առավել, քան երբեւէ, քանզի երկու սրտով եմ սիրում:

Դավիթ. Սիրում եմ քեզ, դու գեղեցիկ ես ինչպես գարնանային մի առավոտ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացրել ենք “Imperial Palace” հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW