×


Նոննա Գրիգորյանի` 29-ամյակը չնշելու պատճառն ու խանդի օբյեկտը :)

Կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանը թեեւ 29-րդ տարեդարձը մտածված չի նշել, բայց ուրախ է իր օրվա եւ ունեցած ձեռքբերումների համար։ Հոբելյարի հետ BRAVO.am-ը զրուցել է ընտանիքի, աշխատանքի եւ նպատակների մասին։

Վահագն Կիրակոսյանը եւ Նոննա Գրիգորյանը


Պիտի խոստովանեմ, որ առաջին անգամ ծննդյանս օրը հանգիստ էի, չէի տխրում ու անհանգստանում։ Չեմ ուզում այլեւս տխրել, հիշելով հայտնի երգը՝ իմ ապրած տարիներն իմ հարստությունն են։ Վերջապես գիտակցում եմ՝ ինչ իմաստ ունեն այդ բառերը։ 30-ամյակիս մեծ խնջույք կանեմ, իսկ այս տարեդարձս ուզում էի ամուսնուս հետ անցկացնել, քանի որ երկու ամսով պետք է մեկնի Լիբանան՝ պարային բեմադրություններ անելու։ Նրան կատակով ասում եմ՝ ինքը 30-անց է, իսկ ես դեռ ջահել աղջիկ եմ։ Սպասում եմ հաջորդ տասնամյակիս,  ասում են՝ երեսունից հետո կյանքն ուրիշ կերպ է ընթանում։ 

Այս տարի լրացավ իմ բեմական կյանքի 10-ամյակը: Առաջին անգամ խաղացել եմ 2006 թվականի մայիսին` «Արմմագեդոն» ներկայացման մեջ՝ վհուկի կերպարով։ Միշտ ասում եմ՝ առաջին ներկայացումն իմ առաջին «երեխան» է, չէի կարող տարեթիվն ու օրը մոռանալ, որոշեցի տորթով գնալ թատրոն։ Միասին հավաքվեցինք, հիշեցինք Արշալույս Հարությունյանի հետ դրվագը, որովհետեւ նա ամենամեծ «մեղավորն» է, որ թատրոնում եմ։ Դեռ 13 տարի առաջ ես ջութակ էի նվագում մանկապատանեկան էստրադային սիմֆոնիկ նվագախմբում, երեք ընկերուհիներով որոշեցինք մասնակցել Կամերայինի հայտարարած քասթինգին, դռների մոտ մեզ դիմավորեց Արշալույսը, դիտեցինք «Կաբարե»-ն, որում երեք դերասանուհիները ջութակ են նվագում… Նա մեզ համապատասխան կերպարում էր տեսնում, իսկ ես արդեն թատրոնի ծակուծուկերն էի ուսումնասիրում:): Սիրահարվելով թատրոնին ու ստուդիաների դասերին պնդաճակատորեն գնալով` ի վերջո, մի անգամ Արշալույսն ասաց, որ Քեթրին Մանասյանը վատառողջ է, պիտի պարապի ինձ հետ, որ փոխարինեմ, այդպես էլ անցա գործի։ Այս տարի էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվոգիր ստացա, ինչը ոգեւորիչ էր։

Նոննա Գրիգորյանն` ամուսնու հետ


Թատերական ոլորտն էլ կապեց ինձ ու ամուսնուս։ Գառնու տաճարի մոտ ներկայացման կազմում էի ընդգրկվել, Վահագնի հետ փորձերի ժամանակ ծանոթացա, նա արդեն լրջորեն ուզում էր ինձ հետ շփվել, շարունակ իմ հեռախոսահամարն էր հարցնում, վերջին անգամ այնպիսի տոնով ուզեց, որ ասացի, եւ սկսեցինք ընկերություն անել։ Մեկ անգամ էլ Արա Երնջակյանի առաջարկով փոքրիկ պարային բեմադրություն արեց թատրոնում, այդպես էլ դարձավ թատրոնի պարուսույցը։ 

Թատրոնում միասին աշխատելն իր լավ ու վատ կողմերն ունի։ Ես մի քիչ խանդոտ եմ. ամուսնուս խանդում եմ թատրոնի հանդեպ, երբ իր զբաղվածությունն ավելի շատ է, քան իմը, երբ ես չեմ խաղում ինչ-որ ներկայացան մեջ, իսկ նա անընդհատ փորձերի է։ Իհարկե, տարիների ընթացքում ընտելացել եմ, նախկինում ավելի բուռն էի արձագանքում։

Նոննա Գրիգորյանը` դստեր հետ


Մեր աղջիկը՝ Էլվիան, շատ շփվող ու երաժշտական երեխա է։ Մանկապարտեզում իրեն լավ է դրսեւորում, դեռ ոչ մի խմբակ չի հաճախում։ Ամուսինս ուզում է գեղարվեստական մարմնամարզության տանի, իսկ ես՝ երաժշտական դպրոց, հատկապես՝ ջութակի ու դաշնամուրի, ինքս պարապել եմ, ջութակն ինձ համար գործիքների թագուհին է։ Ամուսինս դեմ է, որ երեխան 3 տարեկանում ծանրաբեռնվի, ես էլ տեսնում եմ, որ տիկնիկների հետ իր մանկությունն է վայելում։

Մեր ընտանիքում համալրում դեռ չի սպասվում, աղջիկս էլ դեռ նման ցանկություն չի արտահայտել։ Հիմա աշխատանքային մեծ նպատակ ունենք, աշնանը երկուսով նախատեսում ենք հիմնել մանկապատանեկան թատերական ստուդիա, որտեղ կդասավանդենք՝ բեմադրելով մյուզիքլներ։ Երկար նախապատրաստվել ենք, արդեն եզրագծին ենք մոտենում: Էլվիան էլ ապագայում կհաճախի այդ ստուդիան։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նոննա Գրիգորյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW