×


“Նորաձեւության ճանապարհները’’ խաչվեցին Երեւանում :)

Բրիտանական խորհուրդը Հայաստանում նշում է իր գործունեության 10-ամյակը: Տարեդարձի շրջանակներում անցկացվող միջոցառումներից մեկն էլ “Նորաձեւության ճանապարհ` երկխոսություն սահմանների խաչմերուկում’’ ծրագրի ցուցահանդեսն է, որի պաշտոնական բացումը երեկ էր` փետրվարի 1-ին` Գաֆեսճյան արվեստի կենտրոնի “Սասունցի Դավիթ’’ պարտեզի սրահում:

“Նորաձեւության ճանապարհ” նախագծի ցուցահանդեսին


“Նորաձեւության ճանապարհ’’ նախագծի մասին արդեն պատմել ենք:  Այս ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվում են  հայ եւ եվրոպացի նկարիչ-մոդելավորողների համագործակցության արդյունքում ստեղծված աշխատանքները: Երկու տարի տեւած ծրագրի մասնակից նկարիչ-մոդելավորողների առաջին հավաքածուն է:

Ներկայացված 20 աշխատանքն էլ երեւանյան ցուցադրությունից հետո “կմեկնեն’’ եվրոպական մասնակից երկրներ: Սակայն մինչ այդ հավաքածուն կներկայացվի նաեւ Հայաստանի երեք մարզում` Շիրակում, Լոռիում եւ Սյունիքում:

Դիզայներ Արմեն Գալյանն ու Լենա Գեւորգյանը (BRAVO.am)


“Նորաձեւության ճանապարհ’’-ը համախմբել է հայ եւ եվրոպացի հինգական նկարիչ մոդելավորողի Հայաստանից, Միացյալ Թագավորությունից, Չեխիայից, Դանիայից, Ռումինիայից եւ Գերմանիայից: Միայն Գերմանիայի ներկայացուցիչ Մելանի Եվա Ֆրեյերն աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով ներկա չէր ցուցադրությանը:

Աշխատանքներն երկար համագործակցության արդյունքում են ծնվել: Եվրոպացի դիզայներներն այցելել են Հայաստան եւ տասն օրերի ընթացքում շրջագայել Հայաստանով, ծանոթացել մշակույթին, պատմությանը, ավանդույթներին: Դրանից հետո հայ մասնակիցները փոխադարձ այց են կատարել գործընկերների երկրներ:

Արամ Նիկոլյանը եւ Անդրա Քլիցանը


“Գոհ եմ վերջնական արդյունքից: Դժվարություններ միշտ լինում են, առանց դրանց հետաքրքիր չէ: Երբ տեսնում ես արդյունքը, արդեն մոռանում ես դժվարությունների մասին: Ես եւ զույգս` Անդրան, շատ տարբեր ենք մտածում, հենց դա էլ հետաքրքիր էր: Հուսով եմ ապագայում կրկին կհամագործակցենք”,- ասել է Արամ Նիկոլյանը:

“Մեկուկես տարի առաջ էի Երեւանում: Հասցրել եմ շատ ընկերներ ձեռք բերել այստեղ: Մարդիկ այնքան հյուրընկալ են ու ջերմ: Համագործակցությունս Անի Իսկանդարյանի հետ շատ հետաքրքիր էր: Համոզված եմ` ողջ կյանքի ընթացքում ընկերներ կմնանք: Համոզված եմ նաեւ, որ դեռ վերադառնալու եմ Երեւան. սիրում եմ քաղաքը, սիրում եմ մարդկանց, սիրում եմ Վերնիսաժը’’,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է դանիացի դիզայներ Իդա Գրո Քրիստիանսենը:

Դանիացի դիզայներ Իդա Գրո Քրիստիանսենը


Ցուցահանդեսի հիմնական թեման ազգային ինքնությունն է, հավաքածուների ստեղծմանը զուգահեռ մասնակիցներն անդրադարձել են նաեւ իրենց այցելած երկրների մշակույթին եւ ավանդույթներին: Աշխատանքները դիտելով` կտեսնեք եկեղեցական տարբեր հագուստներից եւ զարդարանքներից ոգեշնչման արդյունքում ստեղծված գործեր, որոնց  շնորհիվ նկարիչ-մոդելավորողները հագուստներին են փոխադրել կրոնական ճարտարապետության ձեւերը:

Մինչեւ փետրվարի 19-ը հասցրու տեսնել ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները:): 

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Միքայել Պետրոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW