×


Նորա Գրիգորյանը՝ երկվորյակների հետ

Նորա Գրիգորյանի երկվորյակների նոր ֆոտոշարքն ու սերիալներում չխաղալու պատճառը

Բեմադրիչ-ռեժիսոր Նորա Գրիգորյանն իր երկվորյակների հետ հաճախ է լուսանկարվում՝ համոզված լինելով, որ լուսանկարները լավ հիշողություն են դառնում։ Օրեր առաջ ստուդիայում արված նոր ֆոտոշարքն էլ առաջինը տրամադրել է BRAVO.am-ին։

Նրա ամուսինը՝ դերասան Էրվին Ամիրյանը, զբաղվածության պատճառով չի մասնակցել նկարահանմանը, սակայն լուսանկարվել է եղբայրը՝ Ալեքսանդրը։ Լուսանկարիչ Լիլիթի գաղափարով՝ 1,5 տարեկան Լիանայի եւ Կոնստանտինի լուսանկարներից մեկում երեւում է նաեւ լուսանկար իրենց առաջին ֆոտոշարքից. «Երբ 40 օրականում արված նկարը նա տվեց երեխաների ձեռքը, ես հուզվեցի, որովհետեւ չէի նկատել, թե որքան են մեծացել։ Աղջիկս ավելի շատ է սիրում տեսախցիկներ, նա խաղում էր, ժպտում, իսկ տղայիս դուր չի գալիս. անհանգիստ ու լացկան էր։ Ասում են՝ աղջիկս ինձ նման է, չնայած՝ մանկությանս չեմ նմանեցնում, նաեւ ամուսնուս կողմին են նման»։

Նորա Գրիգորյանի երկվորյակները


Նորան BRAVO.am-ի հետ զրույցում անկեղծացել է, որ  հեռուստատեսությունից առաջարկներ չի ստանում, որպես դերասանուհի ներկայանալու ձգտում էլ չունի. «Վերջերս հասկացա, որ կերպարներ խաղալու ցանկություն չունեմ, այն դերերն էլ, որ խաղում եմ թատրոնում, նախկինի պես հաճույքով չեմ խաղում. ինձ դուր է գալիս ռեժիսուրան։ Առաջիկայում ուզում եմ ներկայացումների միջոցով կուտակված հույզերս ու մտածմունքներս արտահայտել»։

Ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրիչն Ամանորից առաջ հանձնել է «Շելկունչիկ» երաժշտական ներկայացումը, որը դերասանները կխաղան նաեւ ոչ տոնական օրերին.«Փոքրիկներս առաջին անգամ դիտել են մանկական ներկայացում, 50 րոպե հետաքրքրությամբ նայում էին՝ կլանված լինելով երաժշտությամբ ու լույսերով։ Այս ամիս պապայիս ղեկավարած 4-րդ կուրսի ուսանողները, որոնց ես դասավանդում եմ, այդ ներկայացումը կհանձնեն որպես դիպլոմային աշխատանք»։

Նորա Գրիգորյանը՝ երեխաների եւ եղբոր հետ


Նորան պատրաստվում է հաջորդ պրեմիերային. Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված ներկայացումը բեմադրելու է վավերագրական փաստերի հիման վրա.«Պիեսն ինքս եմ հավաքում՝ փաստերով ու իրական պատմություններով։ Երկար ժամանակ է՝ ուզում էի այս թեման բարձրաձայնել, հայրս տեղյակ էր ու դրական էր արձագանքել։ Դեպքերը տեղի են ունեցել 1988-ի փետրվարի վերջին, երբ սկսեցի մանրամասներ կարդալ, հասկացա, որ ոչինչ չգիտեմ Սումգայիթի մասին։ Ծանր թեմա է, որքան հնարավոր է, փորձում ենք չծանրացնել, որ հանդիսատեսը շատ չհուզվի, բայց դաժան իրականությունն է։ Նպատակ ունեմ, որ երիտասարդները ծանոթանան պատմությանը, բայց ատելություն չեմ քարոզում, ուղղակի պիտի իմանան փրկված հայերի պատմությունը»։

BRAVO.am    
Լուսանկարները՝ «Կետիկյան» ֆոտոստուդիայի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին