“Sirusho Production”-ը տրամադրել է Սիրուշոյի` նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի “Նոկիա” համերգասրահում տեղի ունեցած մենահամերգի լուսանկարները` տեղեկացնելով, որ տոմսերը սպառվել էին երգչուհու ելույթից օրեր առաջ: Երկուսուկես ժամ տեւած համերգին նա երգել է կենդանի ձայնով` ԱՄՆ-ում բնակվող հայ երաժիշտներից կազմված խմբի նվագակցությամբ: Պարային համարներով իրենց մասնակցությունն են ունեցել “Gevorkian Dance Academy” եւ “Dynamic Duo Dance Studio” խմբերը:
Սիրուշոյի մենահամերգին
Հնչել են Սիրուշոյի հեղինակային երգերից` “Հեռանում եմ”, “Սերը մեր”, “Հավատում եմ”, “I like it”, ինչպես նաեւ` Սայաթ-Նովա, Կոմիտաս, Ջիվանի, Շերամ: Համերգի հյուրերն էին Սյուզան Մարգարյանն ու Հարութ Փամբուկչյանը: Սյուզան Մարգարյանը եւ Սիրուշոն առաջին անգամ համատեղ կատարել են “Կարմիր ծաղիկ մը գարունի” երգը: “Տարիներ” սիրված ստեղծագործության նոր մեկնաբանությունը եւ զուգերգը Հարութ Փամբուկչյանի հետ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից:
Սիրուշոն եւ Սյուզան Մարգարյանը
Համերգի սկզբում ցուցադրվել է բացառիկ տեսանյութ, որտեղ 10-ամյա Սիրուշոն երգում է ջազմեն Գոգա Ջանգուլյանի նվագակցությամբ: 17 տարի անց նույն երգը երգչուհին եւ դաշնակահարը հնչեցրել են “Հավատում եմ” երգը` ավելի ռոքային մեկնաբանությամբ:
Համերգի տպավորիչ պահերից էր երգչուհու կատարմամբ “Մարտիկի երգը”, որի ընթացքում հանդիսատեսը բարձրացրել է աթոռների մոտ դրված հայկական դրոշը: Առանձնահատուկ հուզիչ պահ էր, երբ դահլիճը ողողվեց եռագույնով եւ հանդիսատեսի ոգեւորությամբ:
Սիրուշոն եւ Հարութ Փամբուկչյանը
Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ մենահամերգի ընթացքում երգչուհին ներկայացրել է իր ուղերձը. Հնչել է Չարենցի “Ես իմ անուշ Հայաստանի” բանաստեղծությունը՝ Խորեն Աբրահամյանի կատարմամբ, որի ժամանակ բեմում հայտնվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հսկա կրկնօրինակը: Ճրագներով դահլիճից բեմ՝ դեպի հուշահամալիր շարժվեցին հայ երիտասարդներ, որը խարհրդանշեց ջահերով երթը: Սիրուշոն հնչեցրել է իր “Անտարբեր աշխարհ” երգը` կատարելով նաեւ մի հատված “Դլե Յաման”-ից:
Համերգը եզրափակվել է “Բերդ” պարով: Հնչել են “Պռեգոմեշ” եւ “Քելե-քելե” երգերը: Հանդիսատեսը երկար հոտնկայս ծափահարել է երգչուհուն: Հանդիսատեսի շարքերում էին ամերիկաբնակ ճանաչված հայ երգիչներ:
Տեղեկատվությունը եւ լուսանկարները` Sirusho Production-ի
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: