Ո՞ւմ են նախընտրում տղամարդիկ` շիկահերներին, թե թխահերներին: Բոլոր ժամանակներում կանանց հուզող հավերժական հարցերից մեկն է սա: Դե, իսկ շիկահերների ու թխահերների ակնհայտ եւ գաղտնի մրցակցության մասին բոլորը գիտեն: Իրականում շատ դժվար է միանշանակ պատասխանել, թե ովքեր են ավելի սեքսուալ ու ցանկալի, քանի որ, ինչպես հայտնի է, ճաշակին ընկեր չկա, բայց որոշակի նախընտրություններ, այնուամենայնիվ, գոյություն ունեն:
Ի՞նչ են ցույց տալիս հարցումները
Եթե դուք բացացնում եք ձեր մազերի գույնը, որպեսզի դառնաք շիկահեր եւ դուր գաք տղամարդկանց, ապա իզուր. վերջերս անցկացված հարցումը, որին մասնակցել է 2000 տղամարդ աշխարհի տարբեր երկրներից, ցույց է տվել, որ տղամարդիկ իրականում նախընտրում են ոչ թե շիկահերներին, այլ ճիշտ հակառակը` սեւահերներին: Հօգուտ սեւահերների քվեարկել է տղամարդկանց 60 տոկոսից ավելին, մինչդեռ շիկահերներին առավելություն է տվել միայն 29.5 տոկոսը: Մեկ այլ խոսուն փաստ եւս. կանանց համար նախատեսված գերմանական ամսագրերից մեկը հետաքրքիր վերլուծություն է կատարել, որի համաձայն` հարցված տղամարդկանց ճնշող մեծամասնությունը սիրուհու դերում տեսնում է շիկահերներին, իսկ երբ խոսքը վերաբերում է ամուսնությանը, ապա անվիճելի առաջատարները թխահերներն են:
Բանն այն է, որ շիկահերներն իրականում հանդիպում են ավելի հազվադեպ, քան թխահերները, սակայն նրանք ընկալվում են զուտ որպես էրոտիկ եւ կրքոտ, մինչդեռ մուգ մազերով կանայք հակառակ սեռին ներշնչում են ջերմության, անվտանգության զգացում, ինչը հենց անհրաժեշտ է տղամարդկանց, ովքեր հակված են ամուսնության: Այս կարծիքն ունեն գերմանացի հոգեբանները:
Արեւմտյան հայտնի ամսագրերից մեկն էլ վերջերս հրապարակել է իր հետազոտության արդյունքները: Հարցմանը մասնակից 1000 տղամարդուց 54%-ը կարծում է, որ թխահերները շատ ավելի լավ են գլուխ հանում տնային տնտեսությանը վերաբերող հարցերից, համեղ են պատրաստում եւ միշտ հետեւում են իրենց արտաքին տեսքին: Նրանց կարծիքով, այս կանայք ավելի անկաշկանդ են ինտիմ կյանում, պատրաստ են տարատեսակ նորամուծությունների անկողնում եւ շատ լավ կարողանում են լուծել ամենօրյա ֆինանսական խնդիրները: Հենց այս պատճառներով նրանք որպես կողակից տեսնում են թխահերներին: Հարցվածների 16%-ն այն համոզմանն է, որ շիկահերները բոլոր ժամանակներում եղել են գեղեցկության չափանիշ եւ այդպես է լինելու միշտ, իսկ մնացած 30%-ը շարունակել է պնդել, որ իրենց ընտրյալի մազերի գույնն այնքան էլ կարեւոր չէ եւ իրենց համար միեւնույն է, թե նա գունային որ “խավին” կպատկանի:
Հարցումների համաձայն` տղամարդիկ թխահերներին նաեւ անկեղծ են համարում` պնդելով, որ նրանք ոչ միայն ազնիվ են, այլեւ ավելի խելացի եւ սթրեսադիմացկուն: Ցավոք սրտի, թե բարեբախտաբար հոգեբանների մեծ մասը նույնպես այս հարցում շիկահերների կողմից չէ: Նրանք կարծում են, որ գեղեցիկ շիկահերները մեծ մասամբ տառապում են չափից ավելի բարձր ինքնագնահատականով, այդ պատճառով էլ մեծամիտ են եւ կամակոր: Բայց թե ովքեր են ավելի սեքսուալ ու գեղեցիկ, շիկահերնե՞րը, թե՞ թխահերները, միեւնույն է, դժվար է պատասխանել, քանի որ հաճախ հարցումները մի բան են ցույց տալիս, իսկ իրականությունը` բոլորովին այլ:
Կարծրատի՞պ, թե՞ իրականություն
“Տղամարդիկ եւ հաջողությունը նախընտրում են շիկահերներին”. Սա ամենատարածված կարծրատիպերից մեկն է, որը բազմաթիվ անգամներ հաստատել են հենց սեւահերները` վերածվելով շիկահերների: Տարիներ շարունակ իշխել է այն տեսակետը, որ շիկահերները բնավորությամբ ավելի թեթեւ են ու զվարթ, եւ դա է պատճառներից մեկը, որ տղամարդիկ նախընտրում են հենց նրանց: Հոգեբանների վերջին շրջանի հետազոտությունները, սակայն, ցույց են տվել, որ այսօր մեծ հաջողություն վայելում են թխահերները: Պարզվել է, որ մուգ մազերով աղջիկներն ավելի արագ են ունենում մասնագիտական աճ, ինչպես նաեւ վայելում են մեծ հաջողություն սեքսուալ կյանքում: Հարցվածների մեկ քառորդը գնահատել են նրանց հմտությունները անկողնում միջինից բարձր, մինչդեռ շիկահերների մոտ այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է: Նույն հետազոտության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց զգալի մեծամասնությունը ենթադրում է, որ թխահերներն ավելի խելացի են ու շրջահայաց, քան շիկահերները, եւ երկարատեւ հարաբերությունների համար նրանք կնախընտրեն մուգ մազերով աղջիկներին: Շատ աղջիկներ, ովքեր վերածվել են թխահերների, նկատել են իրենց հանդեպ վերաբերմունքի կտրուկ փոփոխություն:
Վաղուց գոյություն ունի այն կարծրատիպը, թե կնոջ բնավորությունն ուղղակիորեն կապված է նրա մազերի գույնի հետ. շիկահերները հիմար են, իսկ թխահերները` շատ նպատակասլաց: Թերեւս դա է պատճառը, որ չնայած շատ տղամարդիկ ընդունում են շիկահերների ավելի ազատ, զվարթ ու կենսուրախ լինելու փաստը, սակայն երբ գործը հասնում է հարսանիքին, միեւնույնն է, ընտրում են թխահերներին, քանի որ նրանց համարում են ավելի հուսալի ու խելամիտ: Որոշ ուսումնասիրություններ էլ հերքում են այս համոզմունքը: Ընդհակառակը, պարզվում է` շիկահերներն իրականում շատ հեռու են հիմար եւ թեթեւամիտ լինելուց, ավելին, նրանք միանգամայն կարող են ավելի խելացի եւ նպատակասլաց լինել, քան նույնիսկ թխահերները:
Զարմանալի է, որ մեր օրերում դեռ վիճում են, թե ումն է առավելությունը շիկահերներ-սեւահերներ պայքարում: Թվում է, թե վաղուց պետք է հաղթահարված լինեին այդ հին համոզմունքները, քանի որ ակնհայտ է` մազերի գույնը չէ, որ աղջկան դարձնում է խելացի կամ հիմար: Իսկ եթե հավատանք այս կարծրատիպերին, ապա հարց է առաջանում` կնոջ բնավորության եւ ինտելեկտի մասին պետք է դատել մազերի բնակա՞ն գույնով, թե՞ արհեստական: Եթե թխահերը դառնա շիկահեր, ձեռք կբերի բնավորության այնպիսի գծեր, որոնք բնորոշ են շիկահերների՞ն: Եվ առհասարակ մազերի գույնի փոփոխությունն ազդո՞ւմ է անձի վրա: Սրանք հարցեր են, որոնք միանշանակ պատասխաններ դեռեւս չունեն:
Պատմական ակնարկ շիկահերների մասին
Պարզվում է` պատմության մեջ մեզ հայտնի առաջին շիկահերը միֆական ծագում ունի: Նա սիրո ու գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեն է, որը ծնվել է ծովի փրփուրներից: Եվ հենց Հունաստանում են կանայք առաջին անգամ փորձեր արել բացացնել իրենց մազերի գույնը` կիրառելով այծի յուղ եւ թթված կաթ: Կա տեսակետ, որ Աֆրոդիտեն համարվել է հունական աստվածների պանթեոնի ամենագեղեցիկ աստվածուհին` շնորհիվ իր ոսկեգույն ծամերի: Ավելին, նա միակ շիկահերն էր աստվածուհիների շարքում: Հետագայում հռոմեացիները փոխ առան այս նորաձեւությունը հույներից` կիրառելով շիկահեր դառնալու իրենց մեթոդները: Ապենինյան թերակղզու` բնականից մուգ վարսեր ունեցող բնակչուհիները երկար ժամանակ էին անցկացնում տների տանիքներին` արեւի ճառագայթներով սնուցելով իրենց վարսերը:
Մազերի գույնի բացացման հարցում հիմնավոր քայլն արեցին ֆրանսիացիները: Ֆրանսիայի վերջին կայսրուհու անձնական վարսահարդարն առաջին անգամ գործածեց պերօքսիդը մազերի բացացման համար: Այդ օրից ի վեր (19-րդ դարի 50-ականներ) այդ միջոցից օգտվում են աշխարհի բոլոր երկրների կանայք: Եվ ահա 20-րդ դարի ամենասեքսուալ ու ցանկալի կինը` Մերլին Մոնրոն, շիկահեր էր: Արդարության համար պետք է ասել, սակայն, որ նախորդ դարը, նշանավորվել է նաեւ գեղեցկության ու սեքսուալության խորհրդանիշ համարվող թխահերներով` Օդրի Հեփբրն, Էլիզաբեթ Թեյլոր, Սոֆի Լորեն … Այս շարքը կարելի է անվերջ համալրել:
Մեր օրերում արդեն իսկ վտանգված է բնական շիկահեր գենը: Բաց գույնի մազերի գենը կրող երկրներում բնակչության նվազման միտում է նկատվում: Բալթյան, Սկանդինավյան երկրների բնակչության, սլավոնացիների, գերմանացիների ընտանիքներում ամենից հաճախ ծնվում է մեկ երեխա, փոխարենը Չինաստանի եւ Հնդկաստանի թխահեր բնակչության թիվն աճում է: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ իսկական շիկահեր երեխա ունենալու համար ծնողներից երկուսն էլ պետք է լինեն այդպիսին, ապա կարելի է եզրակացնել, որ բնական շիկահերներ մի քանի սերունդ հետո դժվար կլինի գտնել: Վերջին 50 տարվա ընթացքում բնական շիկահերների թիվը զգալիորեն նվազել է եւ մոտավոր հաշվարկներով 2202 թվականին մեր երկրագնդում չի լինի եւ ոչ մի բնական շիկահեր:
Ո՞րն է շիկահերների ու թխահերների հիմնական տարբերությունը
Պարզվում է` կան փաստարկներ, թե ինչու են շիկահերներն ու թխահերներն այդքան տարբեր իրենց վարքով եւ կյանքի հանդեպ ունեցած դիրքորոշմամբ: Գիտնականները փաստում են, որ մազերի գույնի վրա ազդում են մեր հորմոնները: Շիկահերների օրգանիզմում, օրինակ, ավելի շատ է էստրոգենը, իսկ թխահերների մոտ «տղամարդկային հորմոն» տեստոստերոնը: Հենց այս հորմոնն է օժտում թխահեր կանանց բնավորության որոշակի տղամարդկային գծերով, այդ պատճառով էլ նրանց մեջ ավելի նկատելի են տղամարդկանց հատուկ այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ակտիվությունը, վճռականությունը եւ անկախությունը:
Իսկ վերջում մի կարեւոր նկատառում. գրավչության ու սեքսուալության հարցում ամեն դեպքում չարժե հույսը դնել վիճակագրական տվյալների վրա: Կարեւորն այն է, թե ինչ գույնի մազերով եք դուր գալիս հենց ձեր տղամարդուն:
Պատրաստեց Ա.Ս.-ն/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: