×


Շոկային երջանկություն Մերի Ներսիսյանի ընտանիքում:)

Մերի Ներսիսյանի եւ Գոռ Պետրոսյանի գեղեցիկ ընտանիքում համալրում է սպասվում. ամռանը լույս աշխարհ կգա նրանց երկրորդ դուստրը: Օրեր առաջ «Մայրիկների ակումբ»-ի հաղորդավարուհին, պրոդյուսերն ու իրենց դուստրը` 6-ամյա Էվան, հյուրընկալել էին BRAVO.am-ին, լուսանկարվել մեզ համար, իսկ թեյի սեղանի շուրջ ծավալված անկեղծ զրույցի ժամանակ հայտնել նաեւ ապագա փոքրիկի անունը:):

Մերի Ներսիսյանի ընտանիքը


Տասը տարի միասին


Գոռ. Երկուսս էլ ծնվել եւ մեծացել ենք ընտանիքներում, որտեղ գլխավոր արժեքն ընտանիքն է համարվել: Տրամաբանական է, որ պիտի նույն սկզբունքներով էլ շարունակեինք մեր կյանքը: Երեւի սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ կարիերայի, հաջողությունների, ընկերական շրջապատի եւ այլնի ֆոնին ընտանիքը կա եւ մնում է գլխավոր արժեք. ընտանիք, որտեղ կա խաղաղություն, մարդիկ ապրում են համերաշխ, ուր սիրուց բացի կա հարգանք, հանդուրժողականություն, մեկը մյուսին ընդունելու, բարձրացնելու, վեր հանելու ցանկություն: Կա նաեւ շատ կարեւոր հանգամանք` համոզմունք, որ անհնար է մեծացնել ու դաստիարակել հոգեպես առողջ ու լիարժեք մարդու ոչ խաղաղ ու անսեր մթնոլորտում: Հաշտ-համերաշխ ապրելն ավելի հաճելի է, քան ամբողջ օրը կռվելը թե՛ մեզ, թե՛ մեր երեխայի, ապագայում արդեն երեխաների համար:

Մերի. Տասը տարի հետո արդեն հասկանում ես, որ լիարժեք երջանիկ ընտանիքի համար միայն սերը բավական չէ. եթե չես հանդիպել քո տեսակի մարդուն, ո՛չ հարազատների, ո՛չ հոգեբանի միջամտությունը չի կարող օգնել ընտանիքի կայացման հարցում: Ես զույգերին միշտ «փազլ» խաղի եմ նմանեցնում. կա մի կետ, որտեղ կամ համընկնում է, կամ` ոչ: Ասում են` ամուսնացեք, երեխաներ ունեցեք, ամեն ինչ կփոխվի: Նման բան չկա: Տեսակով ընտանիքի մարդ եմ ու պատանեկության տարիներին, երբ սիրո մասին էինք խոսում, միշտ փնտրում էի ինձ համար ամուսին: Երեւի գեներով է, գուցե հոգեբանություն, բնավորություն կամ ենթագիտակցություն: Մինչ Գոռին հանդիպելը երբեք սիրահարված չեմ եղել, ընկեր չեմ ունեցել, սեր չեմ ունեցել: Եթե տղամարդ, ուրեմն նա, ով կլինի վաղվա ամուսինս, երեխաներիս հայրը: Իմ բախտը բերեց, որ չսխալվեցի:

Այս տարիների թերեւս միակ բացթողումը զույգը համարում է մեկ երեխայով սահմանափակվելը – հեղ. :):

Մերի Ներսիսյանը` դստեր հետ


Շոկային երջանկություն

Մերի. Ես ընդամենը 21 տարեկան էի, երբ առաջնեկիս էի սպասում: Քանի որ չէինք խոսել, չէինք պլանավորել, ինձ համար շոկ էր, երջանիկ շոկ: «Գոռ, արթնացի՛ր, վատ բան է եղել»` հենց այսպես հայտնեցի առաջին բարի լուրը: Շատ երջանիկ էի, դա ուղղակի շոկից էր:

Գոռ.
Գիտեինք, որ աղջիկ ենք ունենալու: Մանկական հագուստի խանութներում տղաների բաժնի վրա ուշադրություն չէինք էլ դարձնում: Անգամ երազ էի տեսել: Հազվադեպ եմ հիշում, բայց այդ մեկն այնքան իրական էր, որ մինչեւ հիմա հիշելիս տարօրինակ զգացողություն եմ ունենում: Երազում տեսել էի Էվային, այնպիսին, ինչպիսն նա եղավ իրական կյանքում` 5-6 ամսականում: Շատ երջանիկ ենք, որ առաջնեկն աղջիկ է: Բազմաթիվ հոդվածներ ենք կարդացել, որտեղ հոգեբանները փաստում են, որ զույգի, ընտանիքի, հետագա երեխաների համար շատ կարեւոր է, որ առաջնեկն աղջիկ լինի: Առաջնահերթ ուզում էինք, որ առողջ երեխա լինի:

Զույգի համար երեխայի սեռը խնդիր չի եղել, պարզապես աղջիկների թիթիզ շորիկները միշտ գրավել են «Մայրիկների ակումբ»-ի գլխավոր մայրիկին:) - հեղ.:

Երկրորդ աղջնակին սպասելիս

Մերի. Երկրորդ երեխայի սեռը պարզելիս բժիշկը երբ իմացավ, որ աղջիկ ունենք, ասաց` «Ոչինչ, երրորդը տղա կլինի»: Մենք ոգեւորված էինք, իսկ բժիշկները մեր օրերում, ցավոք, զարմացած:

Գոռ. 21-րդ դարում, երբ ամեն օր լսում ես բնածին արատներով ծնված երեխաների մասին, հղիությունների, որոնք հիվանդությունների պատճառով դրական հանգուցալուծում չեն ստանում, մտածել երեխայի սեռի մասին, առավել եւս ազատվել միայն նրա համար, որ նա աղջիկ է, ուղղակի որեւէ կերպ մեր գիտակցության մեջ չի տեղավորվում: Երեխան Աստծո պարգեւ է, որի համար կարելի է ասել միայն շնորհակալություն: Գազան, կենդանի եւ նման պիտակներով կարող եմ բնորոշել այն մարդկանց, ովքեր ազատվում են իրենց երեխայից, երբ սեռը չի համապատասխանում իրենց սպասումներին:

Մերի Ներսիսյանի ընտանիքը


Երջանկությունն իրապես վայելելու բանաձեւ

Մերի. Կինը մայրական բնազդով է ծնվել, տղամարդը զրկված է այդ բնազդից: Գոռն էլ առաջին մի քանի ամիսներին ոչ միայն չէր ներգրավվում փոքրիկի խնամքի գործընթացներին, այլեւ չէր գիտակցում` ով է նա: Սիրում էր, օգնում էր, բայց վերաբերվում էր ինչպես մի տիկնիկի: Ներքին անհանգստություն ունեի, որ հայր ու դստեր կապը չեմ զգում: Հետո, երբ Էվան սկսեց արձագանքել, հայացքներով վերաբերմունք ցույց տալ, ամեն ինչ փոխվեց:

Գոռ. Էվայի խնամքի հետ կապված կենցաղային գործերն արել եմ: Այդ տարիներին իմ աշխատանքային գրաֆիկն այնպիսին էր, որ շատ ժամանակ էի անցկացնում տանը, նրան լողացում, ամեն օր զբոսանքի էի տանում եւ քնեցնում: Միշտ մտածել եմ, որ ամեն հարցում կարող եմ օգնել փոքրիկիս, բացառությամբ տակաշոր փոխելը, բայց ծննդատանը հենց հաջորդ օրը դա էլ արեցի:): Երջանկությունն իրապես վայելելու համար պետք է ե՛ւ կենցաղային հարցերում ներգրավվես, ե՛ւ զբաղվես նրա դաստիարակությամբ, եւ՛ ժամանակ անցկացնես նրա հետ: Ոչ մի տղամարդ իրեն չպետք է զրկի իր սեփական երեխային պարբերաբար լողացնելու, քնեցնելու, հետը խաղալու հաճելի գործից:

Գոռն ամեն գիշեր երգել է դստեր համար: Ծնողներն այնքան համոզված են եղել, որ Էվան հրաշալի լսողություն է ունենալու, բայց, ցավոք, ինչպես իրենք են ասում, հոր երգեցողությունը չի օգնել:),-հեղ.:


Մերի. Փառք Աստծո, մեր տանը տատիկ կա, ինքս էլ սիրում եմ ամեն ինչ ինձ վրա վերցնել: Պարզապես, հայրիկը եւս պետք է վայելի երեխայի խնամքի հաճելի գործը: Այս շրջանը բաց թողնել չի կարելի: Գուցե հայ հայրիկների համար խնդիր են կենցաղային գործերը, սակայն միայն սիրելով եւ համբուրելով չես վայելում երեխային ամբողջությամբ:

Մերի Ներսիսյանը` դստեր հետ


Էվայի աղոթքը

Մերի. Էվան դեռ 3 տարեկան էր, մտածում էինք այդ ուղղությամբ, հետո դադար եղավ, այնուհետեւ աշխատանք: Մի տեսակ պահը հասունացած չէր: Գուցե գիտակցումը չկար, որ ամեն տարին կարեւոր է, մեծանում ենք, որքան շատ բալիկներ, այնքան լավ: Հետո եկավ պահը, միտքը հասունացավ ու դարձավ երազանք:

Գոռ. Մեր հարաբերություններում ամեն ինչ է այդպես. եթե ինչ-որ բան մեզ հետ պետք է չլինի, այն չի լինում: Երբ հասունանում է պահը, լինի նոր նախագիծ, նոր գաղափար, գուցե տան վերանորոգում, երկար խմորվելուց հետո անմիջապես ստացվում է:
Զույգը նկատել է, թե Էվան որքան շատ է ցանկանում քույրիկ կամ եղբայր ունենալ, ինչի համար ամեն գիշեր աղոթել է: Նա փոքրիկ քույրիկին սիրով կտրամադրի իր խաղալիքները, հարդարման պարագաներն ու նույնիսկ որոշ շորիկներ:),-հեղ.:

Լույս աշխարհ կգա Սառան :)

Մերի.
Առաջնեկի անունը միասին ենք ընտրել: 3 տարբերակ կար. ծնվեց, տեսանք ու միանգամից հասկացանք, որ նա Էվան է: Մեր երկրորդ դստերը կանվանակոչենք Սառա: Հղիության 4-րդ ամսում եմ, բայց նրան այդպես էինք կոչում անգամ այն ժամանակ, երբ դեռ չէինք ճշտել սեռը. վստահ էինք:

Ամուսինները սիրում են կարճ, հնչեղ ու տպավորիչ անուններ: Հայկական ազգանունների հետ, որոնք, որպես կանոն, երկար են, ավելի համահունչ են կարճ անունները: Սառան էլ հայտնի է Աստվածաշնչից, ոչ օտարաշունչ է, ոչ էլ շատ տարածված,-հեղ.:

Գոռ. Գեղեցիկ չէ, երբ երկար անուն են տալիս երեխային, հետո սկսում կրճատել, աղավաղել: Ընտանիքում երբեք թույլ չենք տալիս աղավաղել անունը: Եթե որեւէ մեկը փորձում էլ է, նկատողության է արժանանում:

Մերի Ներսիսյանի ընտանիքը


Ներդաշնակ հարաբերություններ

Գոռ. Վեճեր, կռիվներ ունենում են այն զույգերը, ովքեր իրար ապացուցելու բան ունեն թե հարաբերություններում, թե աշխատանքում: Հում, խակ վիճակում ամուսնանում են եւ սկսում կայանալ զուգընկերոջ շնորհիվ: Այնպես է ստացվում, որ մի քիչ ուժեղը սկսում է թույլին ճնշել, դրա հաշվին կայանալ եւ իր իշխանությունը հաստատել: Մեր ընտանիքում նման խոսակցություններ չեն լինում, ամեն ինչ երկուստեք որոշմամբ է:

Մարդիկ չեն փոխվում, անիմաստ է սպասել, ավելին`տարիների ընթացքում ավելի են ծանրանում: Ամուսնությունը տղամարդուն կապելու միջոց չէ: Կան տղամարդիկ եւ կանայք, ովքեր նախատեսված չեն ամուսնության համար: Նրանք պետք է ապրեն իրենց ազատ կյանքով: Հաճախ տեսնում եմ մարդկանց ու հարց է առաջանում` ինչի համար են նրանք երեխա ունենում:

Այս ընտանիքը գտել է երբեք չվիճելու բանաձեւը: Այն պարզ է` սեր, հարմարվողականություն եւ հավասարություն,-հեղ.:


«Մայրիկների ակումբ»-ը կշարունակի իր բնականոն ընթացքը

Մերի. Երկու հղիություններս էլ անհասկանալի ձեւով հանգուցալուծվում են արձակուրդով: Հունիսին կծնվի Սառան, այնուհետեւ արձակուրդային շրջան է, հետո էլ դարձյալ եթերում կլինեմ: Հղիությունս ավելի հետաքրքիր կդարձնի հաղորդաշարը:

Մերի Ներսիսյանի ընտանիքը


Ապագայի պլաններ

Գոռ. Շատ ենք մտածում երեխաների ապագայի մասին: Վերջերս Սառային մանկապարտեզ տեղավորեցինք: Պլանավորում ենք, թե ինչպես պետք է Էվային դպրոց տանենք, Սառային մանկապարտեզ, հետո գնանք աշխատանքի: Հաճելի է:

Մերի. Մենք օբյեկտիվ ծնողներ ենք եւ կարողանում ենք երեխայի ունակությունները ճիշտ գնահատել: Ես շատ կցանկանայի, որ Էվան բժշկուհի դառնա, բայց հիմա հասկանում եմ, որ նա էլ հեռուստատեսության, արվեստի հետ կապ կունենա: Կփորձեմ թատերական խմբակ տանել, եթե սիրի, ստացվի, միգուցե շարունակի: Հուսանք` Սառան բժշկուհի կդառնա:

Գոռ. Ես ապրում եմ երաժշտությամբ: Անդադար լսում եմ եւ երգում: Մեկը պե՞տք է լինի այս ընտանիքում, ում հետ կկարողանամ երգել:): Եթե Սառան լսողություն ունենա, նա կերգի, գուցե նաեւ հաջողությունների հասնի երգարվեստում: Ես էլ կլինեմ նրա պրոդյուսերը:

Ամուսինները երեկոները նույնպես աշխատում են, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ են մշակում ինչպես հեռուստատեսային ծրագրի համար, այնպես էլ հասարակական գործունեության շրջանակում,-հեղ.:

Մերի. Տարբեր միջոցառումներ, բարեգործական ակցիաներ, նախագծեր ենք իրականացնում: Քննարկումներ միշտ լինում են: Սա այն ոլորտն է, որ գրասենյակի դուռը փակելով չի ավարտվում: Երբեմն երեկոյան ֆիլմի դիտման ժամանակ հետաքրքիր միտք է ծագում: Ցավոք սրտի, թե ի ուրախություն, աշխատանքը մեզ մոտ շարունակվում է նաեւ տանը, բայց ժամանցը եւս կարեւորում ենք: Էվայի հետ շատ ենք ժամանակ անցկացնում, խաղում ենք, իսկ մարդիկ հաճախ ուղղակի չեն ուզում ժամանակ ծախսել երեխայի վրա: Երեխայի վրա ծախսեք ավելի քիչ գումար ու ավելի շատ ժամանակ անցկացրեք նրա հետ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW