Մեկ ամսից ավելի է՝ դերասանուհի Շողեր Գրիգորյանը որդու հետ հայրենիքում է: Թե ինչպես են անցնում նրանց օրերը Երեւանում, ինչպես են նշել փոքրիկ Սամուելի առաջին տարեդարձը, ինչ հարաբերություններ ունի ամուսնու հետ եւ ինչն է ամենից շատ կարոտում, Շողերը պատմել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում: Դերասանուհու եւ մեկ տարեկան Սամուելի հետ նաեւ փոքրիկ զբոսանք ենք ունեցել մայրաքաղաքում, իսկ մեր լուսանկարիչը ֆիքսել է հետաքրքիր պահերը:
Շողեր Գրիգորյանը՝ որդու հետ
«Երեւանը շատ հրապուրիչ է»
Եկել ենք արեւ տեսնելու, ինչպես նաեւ բարեկամներին, ընկերներին հանդիպելու: Տղաս իրեն շատ լավ է զգում Հայաստանում, բայց օրեր անց պետք է մեկնենք: Իհարկե, կուզեի ավելի երկար մնալ, բայց ամուսինս մեզ հետ չէ: Հայաստանում ժամանակը հրաշալի է անցնում: Երբ պարզապես քայլում եմ փողոցով, սիրտս ուրախանում է, ցնծում: Ուրախալի է, որ շատացել են արեւմտահայերեն խոսող մարդիկ: Մի խոսքով՝ Երեւանը շատ հրապուրիչ է ամռանը, եւ տա Աստված՝ կարողանանք ամեն ամառ այստեղ անցկացնել:
«Որդուս մեկամյակը...»
Հուլիսի 30-ին տղաս դարձավ 1 տարեկան: Տարեդարձից հետո կտրուկ փոխվել է. հաջորդ օրվանից քայլում է, ինչ-ինչ բաներից հրաժարվում, այսպես ասած՝ տարիքը զգացնել է տալիս:): Նրա օրն անցկացրեցինք մանկական սրճարանում՝ մեր ընկերների, բարեկամների եւ նրանց բալիկների հետ: Սամուելը իրեն շատ լավ պահեց, ուշադիր հետեւում էր հրավառությանը, բոլորի ուշադրության կենտրոնում էր, հիացած էր եւ ուրախ: Իսկապես, շատ տպավորված էր, ինքն այդ ամենը շատ լավ հասկանում էր:
Շողեր Գրիգորյանը՝ որդու հետ
«Հայաստանը մարդ է»
Հայաստանը չկարոտել չի լինի, որովհետեւ ինձ համար իմ հայրենիքը ոչ թե վայր է, այլ մարդ, ում կարոտում, սիրում եմ: Նրա հետ մեծացել եմ, կիսել իմ մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, ամեն ինչը: Ինձ համար ամենաթանկն է Հայաստանը. հենց գալիս եմ, միանգամից հարազատ Սունդուկյան թատրոն եմ գնում՝ ընկերներիս տեսնելու: Այստեղ պարզապես քայլելը, օդը շնչելը, ցայտաղբյուներից ջուր խմելն արդեն երջանկություն է:
«Հայի հոգին, ջիգյարը անգնահատելի է»
Մոսկվան ինձ համար բազմաժանր քաղաք է: Եվ սիրում եմ, եւ չեմ համակերպվում, եւ ընդունում ու հիանում: Կարգապահությունն է ինձ դուր գալիս, օրինակ՝ ռուսներին ոչ ոք չի ասում եւ ոչ մի ցուցանակ չկա, որը ցույց կտա՝ բարձրացողները աջ կողմով, իջնողները՝ ձախ: Չգիտես ինչ օրինաչափությամբ բոլորը փողոցում այդպես են քայլում, նույնիսկ հերթ կանգնելու մեջ են կարգապահ: Իսկ հիմնական հարցերում, մարդկային հարաբերություններում հայկականի հետ չեմ փոխի: Նրանք սառն են, ռացիոնալ, հաշվարկող, իսկ հայն ապրում է այնպես, որ իր համար ավելի շատ տալն է կարեւոր, քան առնելը, ինչն ասվում է նաեւ Աստվածաշնչում: Հայը միշտ ուզում է սեր տալ, ամեն ինչի մեջ հոգի է ներդնում, այդ հոգին, ջիգյարը անգնահատելի է, դա Աստծուց նվեր է մեզ:
«Ուժ է տալիս»
Թատրոնս եւս շատ եմ կարոտում, բայց ինձ համար խորթ մի զգացողություն ունեմ՝ կարեւոր առաքելություն եմ կատարում: Դա ինձ ուժ է տալիս կարոտը հաղթահարելու, նվիրվելու այն դերին, որն ինձ տրվել է: Շատ ուրախ եմ եւ այժմյան զբաղվածությունիցս հաճույք եմ ստանում: Թատրոն հաճախ եմ գնում՝ այդպիսով հաղթահարելով կարոտս:
Շողեր Գրիգորյանը
Բալիկի ծնունդից հետո
Ամուսնուս հանդեպ ուշադրությունս պակասել է, թե ոչ, չեմ կարող ասել, բայց գիտեմ՝ գնահատանքս ավելացել է: Ուշադրությունը փորձում եմ ճիշտ բաշխել, որովհետեւ անընդհատ կարդում եմ երեխայի դաստիարակության ձեռնարկներ, որտեղ միշտ շեշտվում է, որ պետք չէ ուշադրությունը միայն երեխային տրամադրել: Ես տեսակով հայ մայրիկ եմ, իսկ հայ մայրերը զոհաբերում են իրենց հանուն երեխայի: Փորձում եմ դա կոտրել իմ մեջ, դեռեւս չի ստացվում:
«Եթե կռիվ անելու նյութ ունենամ...»
Ամուսնուս հետ ապրելը շատ հեշտ է, թեթեւ մարդ է Էդգարը: Եթե որեւէ բան չեմ հասցնում, դրանից խնդիր չի ստեղծում: Նա առաջնորդվում է՝ ոչ թե իրեն հարմար լինի, այլ դիմացինին: Եթե չեմ հասցնում հարդարվել, ասում է՝ բնական ավելի գեղեցիկ եմ: Հատուկ պահանջներ չունի, նույնիսկ մտահոգվում է՝ ինչպես եմ կարողանում հասցնել: Եթե կռիվ անելու նյութ էլ ունենամ, չի ստացվի, նրա հետ անհնար է վիճելը:
«Ջանք չեմ խնայի»
Սամուելի մասին խոսելիս՝ չեմ ուզում անհամեստ հնչի, բայց նա իմ երազանքի տղան է: Վախենում եմ այդպես ասելիս, կուզեմ, որ նա արդարացնի այդ ամենը: Այժմ նրան գեղեցիկ, խելացի, մեծ պոտենցիալով եմ տեսնում, բայց տա Աստված՝ միշտ իրենով հիացած լինեմ, որովհետեւ հիմա առանձնապես կամք չունի, գործողություններ չի կատարում: Կուզեմ խոհեմ մարդ լինի, աստվածավախ, հայրենասեր՝ գործի մեջ, քրիստոնյա՝ իսկապես գործով, ոչ թե կրոնավոր, եւ նվիրված մասնագետ դառնա՝ առանց գումարի մասին մտածելու: Ջանք չեմ խնայի, որ նա այդպիսին լինի, ցավոք, ոչ մի երաշխիք չունենք, պարզապես հուսամ, որ ինչպիսի լավ փոքրիկ է, այդպիսի մեծ մարդ կդառնա:
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: