Շողեր Գրիգորյանը երեկ`հոկտեմբերի 9-ին, նշանադրվել է` իր կյանքում կարեւոր իրադարձության լուսաբանումը վստահելով միայն BRAVO.am-ին:): Դերասանուհին պատմել է, որ ընտրյալը նշանադրությունից մեկ օր առաջ է տեղեկացրել խնջույքի մասին, եւ ամեն ինչ տեղի է ունեցել անսպասելի ու արագ։ Ռեստորանային խնջույքին պատրաստվել են հաշված ժամերի ընթացքում` հրավիրելով մտերիմ ընկերներին։
Շողեր Գրիգորյանը` նշանածի հետ
Շողերի սիրելին՝ Էդգարը, շուրջ 8 տարի բնակվում է Մոսկվայում, կրթությամբ աստվածաբան է, աշխատում է որպես վարսահարդար-ոճաբան, նաեւ աշխատում է բիզնեսի ոլորտում.“Պետք է խոստովանեմ, որ սանրվածքս այսօր այլ մասնագետ է արել. այդ մի բանը դեռ իրեն չեմ վստահում, բայց առաջնակարգ վարսահարդար է։ Նախապատրաստվելն այնքան խառն էր, որ խնջույքից մի փոքր ուշացանք. մի կերպ եմ գտել իմ պատկերացրած զգեստը, մատանին էլ գնել ենք ընդամենը ժամեր առաջ”:
Նա պատմել է, թե ինչպես է ծանոթացել նշանածի հետ.“Մեր հարաբերություններն էքստրաարագ են զարգանում. համացանցով ծանոթացել ենք մոտ մեկ ամիս առաջ, երկար չենք շփվել, բայց, կարծես, վաղուց ենք իրար ճանաչում։ Էդգարը մեկ շաբաթ առաջ է Երեւան եկել. ասել էր, որ յոթ օրով կգա, ամեն ինչ լավ կլինի:)։ Ընդհանուր ծանոթներ ու ընկերներ ունենք, տպավորություն ունեմ, թե նախկինում հանդիպել ենք։ Այս կարճ ժամանակահատվածում հարազատ է դարձել, ինքն էլ այնպիսի զգացողություն ունի, որ գտել է իր կողակցին”։
Շողեր Գրիգորյանի նշանադրությանը
27-ամյա դերասանուհին անկեղծորեն ասել է, որ դեռ չի գիտակցում, թե ինչպես է իրենց միությունն այսպիսի ընթացք ստանում.“Ես այս պահին ունակ չեմ մտածել ու վերլուծել, միայն գիտեմ, որ հանդիպել եմ իմ մարդուն, ում սպասել եմ։ Նա այն հատկանիշներն ունի, որ կուզեի իմ կողքի տղամարդն ունենար։ Անկեղծ ասեմ՝ միշտ մտածել եմ, որ իմ ապագա ամուսինն ինձ տեսնելուն պես ամուսնության առաջարկ է անելու։ Ես այնպիսի խառնվածք ունեմ, որ կամ ընդունում են, կամ՝ ոչ, չեմ կարծում, որ դա ժամանակի հարց է։ Իրեն ներկայացել եմ իմ վատ կողմերով, նաեւ հրավիրել եմ իմ խաղացած ամենահամարձակ դերը տեսնելու, որը Սունդուկյանի անվան թատրոնում “Որբերի ընտանիքը” ներկայացման մեջ փողոցային աղջկա կերպարն է։ Նրան ասացի` եթե այդ դերս հավանի, ուրեմն ամեն ինչ կհավանի։ Ի ուրախություն ինձ, գնահատում է մասնագիտությունս”։
Շողեր Գրիգորյանը եւ Նաիրա Մովսիսյանը
Հարսանեկան արարողությունը նրանք նախատեսում են իրականացնել մինչեւ Նոր տարի։ Շողերի փոխանցմամբ՝ Մոսկվա տեղափոխվելը չի խոչընդոտի իր աշխատանքին, թատրոնում չի աշխատի, սակայն հաճախ կգա Երեւան. “Ամենադժվար կողմն այստեղից հեռանալն է։ Թեեւ գնում եմ, բայց չի նշանակում, որ լավ նախագծեր ու առաջարկներ լինեն, չեմ գա։ Ռեժիսորներին ուզում եմ տեղեկացնել, որ լավ կերպարներից հաստատ չեմ հրաժարվի”։
BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ մաղթելով երջանկություն եւ հարատեւ սեր։
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: