×


Շողեր Գրիգորյան.«Ինչ մեղքներս թաքցնենք… :)»

Շողեր Գրիգորյանի` 2015-ի աշնանը Վենետիկի Սուրբ Ղազար կղզում պսակադրության եւ Մոսկվայում բնակություն հաստատելու մասին պատմել ենք: Այսօր արդեն ուրախ ենք հայտնել, որ դերասանուհին սպասում է առաջնեկին: Ապագա մայրիկն օրերս նշել է իր կյանքի ամենատարբերվող տարեդարձը` 28-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարը պատմել է ոչ միայն տոնական օրվա, այլեւ ապագա փոքրիկի մասին:

Շողեր Գրիգորյանը


«Ապշելու է, բայց…»

Մինչեւ այս տարին դժվար էի տանում մեծանալուս փաստը, զգում էի, որ ժամանակի տերը չեմ։ Իսկ այս անգամ փիլիսոփայական մտորումների մեջ չեմ ընկել, սրտանց վայելել եմ տարեդարձս։ Ապշելու է, բայց երբ կողակցիդ գտնում ես, ամբողջական ես դառնում, ամեն ինչի ընկալումդ փոխվում է, նույնիսկ` տարեդարձիդ:

Ծովին մոտ

Սիրում եմ ջրային միջավայրում անցկացնել տարեդարձս, 28-ամյակս էլ բացառություն չէր։ Երբեք խնջույք չեմ կազմակերպել. սկզբունք ունեմ ծննդյանս օրը հայտնվել այլ քաղաքում, որը ցանկալի է` ծովին մոտ լինի, կամ էլ իմ քաղաքում ջրային գեղեցիկ ռեսուրս գտնել եւ մտերիմների հետ գնալ հանգստանալու։

Շողեր Գրիգորյանն՝ ամուսնու հետ


«Երբ արդեն երեքով կլինենք»

Այս տարի ծննդյանս օրն ամուսնուս հետ անցկացրել եմ Մոսկվայի աղմուկից 70 կմ հեռու գտնվող հանգստավայրում։ Հրաշալի էր. օգտվել ենք թե բնությունից, թե հանգստյան տան ծառայություններից: Նախատեսել էինք նաեւ Սանկտ Պետերբուրգ ուղեւորվել, շատ էի ուզում տեսնել, լավ սպասումներ ունեմ այդ քաղաքից, բայց կայցելենք այն ժամանակ, երբ արդեն երեքով կլինենք։

«Ամուսնուս ամենամեծ նվերը»


Տարեդարձիցս մի քանի օր առաջ ամուսնուս անունից սկսել էի ինձ համար նվերներ ձեռք բերել։): Կարծում եմ` դեմ չի լինի, որ իր կողմից ինձ մի երկու բան էլ նվիրեմ։): Իսկ ամենամեծն նվերն ինձ հետ ամբողջ երկու օր անցկացնելն էր:

Շողեր Գրիգորյանը


«Հիմա երկու սիրտ ունեմ»

Այսպիսի տարեդարձ դեռ չէի ունեցել: Օրվա մեջ անընդհատ փառք եմ տվել Աստծուն: Այնքան հաճելի վիճակ է, երբ անընդհատ ուզում ես շնորհակալություն հայտնել` սա է երջանկության իմ սահմանումը։ Խոստովանում եմ` սա կյանքիս ամենագեղեցիկ փուլն է, երբ նույնիսկ ամեն անգամ կշեռքին կանգնելիս ուրախանում ես ավելացած քաշիցդ համար, որովհետեւ գիտես` քո ներսի հրաշք բնակիչը մեծանում է։ Հիմա ես բառիս բուն իմաստով երկու սիրտ ունեմ, երկուսի աշխատանքն էլ պարզ զգում եմ։ Սա գերբնական է, ու ինչ լավ է, որ արարիչը մեզ՝ աղջիկներիս, է տվել այս շնորհը:

Կարեւոր

Իսկ շնորհավորանքներս իսկական վայելք էին: Ժամանակն անցնում է, հեռավորությունը` մեծանում, բայց մեկ է, մարդկանց սրտերը չեն սառչում միմյանց հանդեպ, այս դեպքում` իմ հանդեպ: Շատ կուզեի, որ երեխաս էլ իմ հարազատների ու ընկերների հայկական ջերմությունը վայելեր: Դա շատ կարեւոր է ինձ համար: Հուսամ` հեռավորությունը իր դեպքում էլ դեր չի խաղա:

Շողեր Գրիգորյանը


«Իմ եւ բալիկիս հանդիպումը շատ մոտ է»

Հիմա իմ բոլոր երազանքներն ու մտքերը բալիկիս հետ են կապված։ Խնդրում եմ, թող բոլորն ինձ ներեն, բայց քանի որ իմ ու բալիկիս հանդիպումն արդեն շատ մոտ է, միայն այդ մասին եմ մտածում ու երազում: Հետո կսկսեմ նորից բոլորի համար ապրել ու երազել։):

«Տղա է»


Երբ իմացանք հղիությանս մասին, ամուսինս շատ ուրախ էր, ես` անակնկալի եկած։ Անկեղծ ասած, չէի սպասում, որ այսքան շուտ կլինի: Հատկապես հուզվել էինք, երբ իմացանք` մեր առաջնեկը տղա է: Զուտ հայկական մտածողություն, բայց ինչ մեղքներս թաքցնենք: Նրան Սամուէլ անունը կտանք, որ նշանակում է` Աստված լսում է։ Թող իսկապես իր աղոթքները միշտ լսվեն ու անպատասխան չմնան։ Պատրաստվում ենք ամենսպասված մարդուն ընդունել մեր տուն ու մեր կյանք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աննա Սարգսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW