×


Ո՞վ է միավորել Աստղիկ Սաֆարյանին, Քրիստինե Պեպելյանին, Աննա Մայիլյանին, Ժոր Մելոյանին եւ Արամ Նիկոլյանին :)

Սեդա Մայիլյանի դեբյուտային` “Իմ մտքում” տեսահոլովակը, որի ռեժիսորը Ժոր Մելոյանն է, արդեն իսկ ներկայացրել ենք  մեր կայքի “Videos” բաժնում: Նա երգարվեստ է փորձում մուտք գործել Աստղիկ Սաֆարյանի հեղինակած փոփ-ռոք ոճի երգով: BRAVO.am-ը զրուցել է նորահայտ երգչուհու հետ, պարզել` ով է նա, ինչ նպատակներ ունի եւ ովքեր են աջակիցները: Ի դեպ, սա Սեդայի առաջին հարցազրույցն է:):

Նորահայտ երգչուհի Սեդա Մայիլյանը


20-ամյա աղջիկը վեց ամսական է եղել, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Բուլղարիա, սակայն երկու տարի առաջ վերադարձել են Հայաստան: Նա այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի 3-րդ կուրսում: Իր կուրսղեկի` Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանի առաջարկով իր համակուրսեցիների հետ խաղացել է ներկայացման մեջ ու ցանկություն ունի կայանալ նաեւ թատերական ասպարեզում: 

“Մանկուց երգում եմ, ավելի ուշ ընտրել եմ դերասանի մասնագիտությունը: Հայաստանում հնարավորություն ունեցա պարապելու լավ վոկալիստի մոտ, նախընտրեցի երգը` միաժամանակ հնարավորություն ունենալով սովորել Թատերական ինստիտուտում: Երկուսն էլ նման մասնագիտություններ են, կարծում եմ` մեկը մյուսին կլրացնեն, եւ հետագայում ամեն ինչ կանեմ, որ համատեղեմ”, - նշել է նա:

Նորահայտ երգչուհի Սեդա Մայիլյանը

 
Սեդան մեզ հետ զրույցում բացել է փակագծերը եւ պատմել, թե ինչպես է կայացել համագործակցությունը երգի հեղինակի` Աստղիկ Սաֆարյանի հետ.“Դիզայներ Արամ Նիկոլյանն իմ բարեկամն է` հորեղբորս տղան, նրա միջոցով Աստղիկի հետ կապ հաստատեցինք, եւ ինձ համար գրեց այս երգը: Ես ու Աստղիկը դեռ չենք ծանոթացել, քանի որ իմ գործերով հիմնականում զբաղվում է պրոդյուսերս` ձայնային ռեժիսոր Արթուր Մկրտչյանը”:

BRAVO.am-ի այն հարցին, թե ով է ֆինանսավորում իրեն, Սեդան պատասխանել է, որ ֆինանսական ներդրումները կատարում է իր հայրը, իսկ շոու-բիզնեսում հաստատվելու եւ կազմակերպչական հարցերով զբաղվում է Արթուր Մկրտչյանը. “Չեմ հայտարարում, որ եկել եմ երգարվեստում ինչ-որ բան փոխելու, բայց իմ ոճը կտարբերվի եւ կարծում եմ` երիտասարդների կողմից կընդունվի: Երբ դեռ նոր էի երգի ասպարեզում առաջին քայլերս անում, ինձ շատ օգտակար խորհուրդներ է տվել Քրիստինե Պեպելյանը, իսկ Աննա Մայիլյանի հետ առ այսօր շատ ջերմ հարաբերություններ ունենք: Չնայած նույն ազգանվանը` բարեկամական կապեր չունենք, բայց նրան դիմում եմ հորքուր, եւ շատերը մտածում են` հորաքույրս է:)”:

Սեդա Մայիլյանը "Իմ մտքում" տեսահոլովակի նկարահանումներին


Սկսնակ երգչուհին ցանկություն ունի հայ հանդիսատեսին ներկայացնել իր բուլղարերեն երգը, որի հիման վրա եւս տեսահոլովակ կնկարահանվի, բայց մինչ այդ մոտ մեկ շաբաթից նույն թիմը կնկարահանի նրա երկրորդ տեսահոլովակը` Arni Rock-ի հեղինակած Երեւանի մասին երգի հիման վրա.“Ինքս երգեր չեմ գրում, հույս ունեմ` մեկ օր կստացվի: Բուլղարական երգս գործիքավորված է ռոք ոճում, իսկ Երեւանի մասին երգը շատ պոզիտիվ ու ռիթմիկ է ստացվել”:

Մեզ հետ զրույցում “Իմ մտքում” տեսահոլովակի ռեժիսոր Ժոր Մելոյանն էլ հայտնել է, որ այս տեսահոլովակն աշխատատար է եղել.“Տաղավարում ներկերի պարի նկարահանումը բարդ, բայց հետաքրքիր պրոցես էր, իսկ ծաղկային դաշնամուրը հատուկ պատրաստել էինք ու տեղադրել այգում: Արդեն տարվում են նրա երկրորդ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները”:

Սեդան իր առաջին տեսահոլովակի նկարահանումներից ու արդյունքից ավելի քան գոհ է, հիշում է նաեւ ամենահետաքրքիր դրվագներից մեկը.“Ստեփանավանի հյուրանոցում մեր թիմից մեկը մողես տեսավ, միանգամից բռնեց ու պահեց, իսկ հաջորդ առավոտյան նկարահանման ժամանակ մողեսին բաց թողեցին դաշնամուրի վրա ու մեկ դուբլից նկարեցին: Երբ դիտում ենք, ժպիտով ենք հիշում մողեսին պահելու պատմությունը:)”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Սեդա Մայիլյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW