×


«Ոտաբոբիկ»՝ Նուռի հետ

«Ոտաբոբիկ»՝ Նուռի հետ

Այս անգամ այնպես ստացվեց, որ նա ինձ «ոտաբոբիկացրեց» ավելի շուտ, քան՝ ես նրան. կոշիկներս պետք եկան լուսանկարներում դեկոր դարձած «ծաղկեփունջը» ստեղծելու համար։ Միջադեպից ոգեւորված, փոքր-ինչ վերափոխելով կլիշե դարձած արտահայտությունը, մտքում շատ արագ հանգեցի այն եզրակացությանը, որ եթե մարդը կրեատիվ է, ապա կրեատիվ է ամեն ինչում։ Դե, իսկ կոնկրետ տաղանդի մասին մեկ նախադասությամբ. նա բոլորովին վերջերս Ֆլորենցիայի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեում նվաճեց Մեդիչիի «Lorenzo IL Magnifico» ոսկե մեդալը։ BRAVO.am-ի «Ոտաբոբիկ» նախագծի այս անգամվա հերոսը դիզայներ, քանդակագործ, նկարիչ Նուռն է։

- «Անուշ լինի», «Ուշ լինի, նուշ լինի»` Ձեր «Յոթ աղբյուր» ցայտաղբյուրը 50 գաղտնիք ունի, որոնցից մի քանիսն արդեն բացահայտել եք, իսկ մնացածի մասին դեռ ոչ ոք չգիտի։ Առօրյայում առհասարակ գաղտնապա՞հ  եք եւ որքանո՞վ եք պատրաստ այսօր «բացվել»։

- Եթե գաղտնիքն ինձ չի պատկանում, ապա այն երբեք իմ միջից դուրս չի գա, եթե անգամ կյանքս վտանգված լինի։ Իսկ եթե գաղտնիքն իմն է, ես եմ տնօրինում դրա բացահայտման իրավունքը։ Բայց տեսակով գաղտնապահ չեմ. բաց եմ, անգամ չափազանց։ Երբեմն ինձ մեղադրում են այդ աստիճան բաց լինելու համար՝ ասելով, որ ինքս ինձ եմ վնասում. մտքերս եմ «բացում», գողանում են դրանք, վատ կատարում։ Երբ իմ մեղքով միտքս գողանում են, միշտ ասում եմ՝ գոնե կատարումը լավը լինի։ Երբ այն վատն է լինում, ինձ համար փաստն էլ ավելի ցավալի է դառնում, քանի որ այդ միտքն այլեւս չի ապրում. դու այն այլեւս չես կարող իրագործել, իսկ վատ տարբերակն էլ ամբողջովին վերացնում, փոշիացնում է այն։

Դիանա Հովհաննիսյանը եւ Նուռը


- Փաստորեն, քանի որ չեմ պատրաստվում Ձեր առաջիկա նախագծերը քննարկել, կարող եմ ենթադրել, որ հնարավորինս «բաց» կլինեք։): Եթե նկատեցիք, առաջին հարցս զերծ էր կոչականից. նմանատիպ ձեւաչափի շփումների ժամանակ ո՞ր տարբերակն է Ձեզ համար ավելի նախընտրելի՝ Արմա՞ն, թե՞ Նուռ։

- Ինչպես կկամենաք, բայց ինձ համար ավելի հաճելի, հարազատ ու մտերմիկ է «Նուռ» լսել։ Նուռ կոչելու դեպքում ինձ «բացելու» շանսերն ավելի մեծ են։

- Շատ բարի, Նո՛ւռ։ Ի դեպ, ես գիտեմ, թե ինչու հենց Նուռ, բայց եկեք մի պահ կտրվենք իրականությունից, պատկերացնենք մի տարօրինակ իրավիճակ, որում գոյություն չունի «նուռը»՝ ո՛չ որպես միրգ, ո՛չ հասկացություն, ո՛չ հոգի։ Այս դեպքում ո՞վ կլինեիք Դուք։

- Այս արտահայտությունը բազմիցս եմ արել, իհարկե, ոչ հրապարակայնորեն:  Մի պահ եկավ, որ նուռը չափազանց շատ սկսեցին օգտագործել. ամեն ինչի վրա՝ նուռ, ամեն ինչի անվանումը «Նուռ»։  Քանի որ ես էլ վաղուց եմ Նուռ, այդ ժամանակ շատ ջղայնացա՝ ասելով՝ եթե իմանայի՝ այսպես է լինելու, ծիրան կդառնայի։

Տարբեր լեզուներում «նուռը» տարբեր նշանակություններ ունի՝ «լույս», «առաջնորդ տղամարդ», «միայն», «ժպտերես»: Ի դեպ, վերջինիս մասին բացահայտեցի Արարատը բարձրանալիս, երբ առաջին բարձունքը հաղթահարելու ժամանակ ինձ դիմավորեցին տեղաբնակ քրդերն ու սկսեցին «նուռ» անվանել։ Շատ էի զարմացել, հետո մեր ուղեկցողը, իհարկե, ամեն բան բացատրեց։ Որոշել եմ՝ կյանքիս ընթացքում «նուռ»-ի բոլոր նշանակությունները պետք է հասցնեմ մարմնավորել, քանի որ որքան էլ հայ եմ, ինձ կոսմոպոլիտ եմ համարում։ Այնպես որ, կարծում եմ, եթե «նուռը» հորինված չլիներ, ես այսօր այն կհորինեի։

Նուռը


- Խոսքում նշեցիք Արարատը բարձրանալու փաստը։ Դուք, այո՛, ապրում ու շնչում եք Ձեր արվեստով, բայց «աշխարհիկ» արվեստագետ եք. ունեք մի շարք այլ հետաքրքրություններ՝ ընտանիք, էքստրիմ, սպորտ, արվեստի այլ ճյուղերից՝ երաժշտություն, գրականություն։ Ըստ կարեւորության կդասակարգե՞ք Ձեր հետաքրքրությունները։

- Տեսե՛ք, ցանկացած իմ հետաքրքրություն իր գործառական նշանակությունն է կատարում իմ ստեղծագործական կյանքում, այսպիսով, ըստ կարեւորության դրանք դասակարգելը շատ դժվար կլինի։ Հիմա բացատրեմ։ Ընտանիք՝ երբ ընտանիքումդ սերն է տիրում, երբ գիտես՝ ընտանիքումդ ամեն բան կարգին է, չկա ոչ մի խնդիր, այդ ժամանակ ստեղծագործ ուղեղդ պայծառ է։ Էքստրիմ՝ եթե մի տարի սար չեմ բարձրանում ու սարից էներգիա՝ «վառելանյութ», չեմ ստանում, հատվում եմ, սկսում եմ անջատվել։ Սարից վերադառնալուց անմիջապես հետո սկսվում է իմ ամենաբեղմնավոր շրջանը։ Սպորտ՝ եթե հիվանդ ես, ուղեղիդ մի մասը սկսում է աշխատել հիվանդության խնդիրը հաղթահարելու ուղղությամբ եւ… վե՛րջ։ Եթե ուղեղիդ մի տոկոսը չի աշխատում, ստեղծագործությունդ կայացած չի կարող լինել։ Երաժշտություն՝ շատ կարեւոր ձայնային ուղեկից է իմ կյանքում։ Շատ դեպքերում ստեղծագործություններս կոչում եմ այն երաժշտությունների անվանումներով, որոնց ներքո աշխատել եմ։ Գրականություն՝ շարքեր ունեմ նվիրված Ռիչարդ Բախին, Գաբրիել Գարսիա Մարկեսին... Գրականությունն ինձ հնարավորություն է ընձեռում երազել, գտնվել մեկ ուրիշ աշխարհում, որտեղ կարողանում եմ մտքերի «բերքահավաք» անել։

Եթե նկատեցիք, հետաքրքրություններս անշահախնդիր չեն. դրանք կան, որ ես կարողանամ ստեղծագործել։

- Երբ խոսում են Ձեր ընտանիքի մասին, գրեթե միշտ նկատի են ունենում Ձեր կնոջն ու դուստրերին։ Ձեր ծնողների, քրոջ ու եղբոր մասին գրեթե չի խոսվում։ Միայն մի տեղեկատվություն եմ կարողացել «հայթայթել», համաձայն որի՝ Ձեր մեծ գրադարանի «հեղինակը» Ձեր ծնողներն են, քանի որ ժամանակին նրանք յուրաքանչյուր գրքից գնում էին երեք օրինակ՝ ձեր երեքի համար…

- Տեղեկատվությունը ճիշտ է, իսկ չեմ խոսել, քանի որ առիթը չի եղել։ Ոչ մի գաղտնիք չկա։

- Այդ դեպքում եկեք ստեղծենք առիթը՝ բացահայտելու համար որքանով են Ձեր ծնողները օգնել կամ խոչընդոտել Ձեզ կայանալ որպես դիզայներ, քանդակագործ, նկարիչ։

- Ասեմ, որ մեր ամբողջ ազգում ո՛չ հայրիկիս, ո՛չ մայրիկիս կողմից չի եղել ոչ մի արվեստագետ, այս պատճառով վախն անհայտի առաջ միշտ է եղել. շատ բարդ էր հասկանալ՝ ինչ բան է արվեստագետը։ Հայրս միշտ է դեմ եղել ընտրածս ուղուն։ Ծնված օրվանից մինչեւ 19-20 տարեկան շատ երկարատեւ ու դաժան պայքարի մեջ եմ ապրել։ Հայրս տեսակով շատ խիստ, կարելի է ասել, դեսպոտային մարդ էր, ու ոչ ոք իրավունք չուներ նրան առարկել, նրա ասածը չանել։ Մայրս միշտ կողքիս է եղել, ստեղծագործական ուղին ընտրելու հարցում միշտ օգնել ու աջակցել է ինձ, բայց հայրիկից թաքուն։ Քույրս ու եղբայրս տարիքով ինձնից շատ մեծ են, այս պատճառով ամբողջ ուշադրությունը նրանց կողմն էր, որպեսզի նրանք դառնան այնպիսին, ինչպիսին հայրս էր պատկերացնում, իսկ ես այդ ընթացքում մեծանում էի, եւ երբ պահը հասավ ինձ, ես արդեն ի վիճակի էի ինքնուրույն որոշումներ կայացնել։

«Ոտաբոբիկ»՝ Նուռի հետ


- Իսկ ի՞նչ էր ուզում հայրիկը։

- Ժող. ինստիտուտ։ Ստանդարտ։ Էկոնոմիկա եւ կառավարում առեւտրում եւ հասարակական սննդում։ Մեղադրել, իհարկե, չի կարելի։ Հայրս մեծացել է մի միջավայրում, որտեղ երբեւէ չի հանդիպել ոչ մի արվեստի մարդու, չի ունեցել ոչ մի արվեստագետ բարեկամ։ Ասեմ ավելին, հայրս շատ վաղ՝ 4-5 տարեկանում կորցրել է ծնողներին ու մեծացել մանկատանը, եւ նրա համար կյանքի միակ կռիվը ապրելու հնարավորություն ստեղծելն էր։ Հորս պատկերացմամբ, արվեստով հնարավոր չէր ապրել, քանի որ նկարիչը միշտ է սոված։ Հայրս իմ լավն էր ցանկանում, առանց հասկանալու, որ արվեստն ինձ համար չափազանց կարեւոր է։

- Հետո արդեն ինչպիսի՞ն էր արձագանքը։

- Հայրս մինչեւ կյանքի վերջին օրն էլ չկարողացավ ընկալել, թե ես ինչով եմ զբաղվում։ Տեսնում էր ինձ հեռուստատեսությամբ, հարեւաններից լսում էր իմ մասին, ապրում էր ինձ հետ նույն տան մեջ, բայց չէր հասկանում՝ ինչ եմ անում. այլեւս չէր առարկում, բայց չէր էլ ընդունում։ Իսկ մայրս, ի ուրախություն ինձ, շարունակում է մինչ օրս ինձ քաջալերել։

- Նո՛ւռ, անդրադառնալով ծնողներից Ձեզ մնացած ժառանգությանն ու միանգամից շեղվելով դրանից՝ միշտ մտածել եմ, որ որքան շատ ես կարդում, այնքան ավելի ես խճճվում այն հարցում, որը հիմա պետք է բարձրացնեմ. ունենալով չափազանց մեծ գրադարան ու սնվելով դրանից՝ ինչպե՞ս եք կարողացել գտնել կապն Աստծո հետ, չէ՞ որ, իրոք, երբեմն որքան շատ ես ստանում, այնքան ավելի հակասական փաստերի ես հանդիպում։

- Կա երկու հասկացություն՝ ստանալ եւ ստանալ ու հասկանալ, մարսել, վերարտադրել։ Ստանալուց չպետք է դնես կողքի՝ ասելով՝ ըհը, սա ստացա, հիմա մյուսը ստանամ, սա էլ ստացա, անցնեմ մյուսին… Այդ ժամանակ կմոլորվես։ Պետք է ստանաս, հասկանաս, մարսես, վերարտադրես, հետո նոր մյուսը վերցնես ու կրկին ստանաս, հասկանաս, մարսես, վերարտադրես։ Պետք է հասկանաս յուրաքանչյուր հասկացության մոլեկուլային կառուցվածքը։ Իսկ Աստծո հետ կապը հաստատելու համար պետք է ինքդ քեզ կարողանաս այդպես հասկանալ, քանի որ քո մեջ է նա՝ ամեն մի մոլեկուլի մեջ։ Յուրաքանչյուր մոլեկուլդ առանձին ուսումնասիրելով միայն՝ կարող ես հասնել Աստծուն։ Այլապես ոչ մի բան քեզ չի օգնի՝ ոչ մի գիրք, ոչ մի բացատրություն, ոչ մի մեկնաբանություն, քանի որ յուրաքանչյուր մեկնաբանություն հեղինակի համար է ճիշտ, քեզ համար այն ոչ թե կարող է լինել սխալ, այլ սխալ է։

- Աստծո հետ ընկերություն անել Ձեզ մոտ ստացվում է։ Նրանից հետո Ձեր լավագույն ընկերը Ձեր կինն է, ճ՞իշտ եմ։

- Այո՛։ Ընտանեկան հարաբերութուններում առաջին դիրքում պետք է ընկերությունը լինի, հետո նոր՝ սերը։ Իսկ ընկերության հետ կապված մի ֆրազ ունեմ, որ ընկերությունն այն է, երբ երկու մարդ վերաբերվում են իրար ասես շունը՝ տիրոջը։ Այս դեպքում միայն ընկերությունը կարող է լինել իսկական ու կատարյալ։

«Ոտաբոբիկ»՝ Նուռի հետ


- Իսկապես յուրահատուկ մոտեցում է… Վերադառնալով Ձեր լավագույն ընկերոջը՝ ե՞րբ ու ինչպե՞ս հասկացաք, որ հենց Լիլիթն է Ձերը։

-Լիլիթին ճանաչում եմ մանուկ հասակից, քանի որ ընկերություն էի անում նրա ծնողների հետ։ Երբ Լիլիթին տեսա արդեն երկրորդ անգամ, երբ նա 18 տարեկան էր, հենց առաջին իսկ վայրկյանին որոշեցի, որ իմ կինն է լինելու, ու մենք երեխաներ ենք ունենալու։ Միանգամից ապագա ամբողջ կյանքս տեսա։

- Նույնն էլ Լիլիթը զգաց, վստահ եմ…

- Կարծում եմ։ Գիտե՞ք, երկրորդ կեսին գտնելը շատ մեծ երջանկություն ու մեծ բարդություն է։ Աստծո կողմից տրված շնորհ է այն, նվեր, որ Աստված տալիս է այն մարդկանց, ում սիրում է։ Այս պատճառով էլ երեւի թե պետք է լինել այնպիսին, որ Աստված քեզ սիրի, ու այդ դեպքում միայն կլինեն բոլոր շնորհները։

- Այն, որ Լիլիթն ու Ձեր աղջիկները Ձեր մուսաներն են, գիտեն բոլորը։ Նարեն ու Նանեն ֆանատիկ կենդանասերներ են. արդյո՞ք «Ճանճ»-ի ոգեշնչման աղբյուրը հենց նրանք են։

- Այո՛, «Ճանճ»-ի միտքն աղջիկներիս՝ բնության նկատմամբ վերաբերմունքից է ծնվել։ Ես միշտ եմ սիրել բնությունը, սակայն աղջիկներս են ինձ սովորեցրել նման գուցեեւ ագրեսիվ կերպով սիրել այն։ Գիտե՞ք, շատ կարեւոր է, որ բոլոր ծնողները հասկանան, որ իրենք սովորելու բան ունեն իրենց երեխաներից. որքան շուտ հասկանան, այնքան ավելի լավ ե՛ւ երեխաների, ե՛ւ ծնողների համար։

- Փոքր ճանճը լույս աշխարհ է եկել 2010-ին. 7 տարի այն ի՞նչ էր անում։

- Սպասում էր մեծ ճանճին, սպասում էր պատմության շարունակությանը։ Միշտ չէր ստացվում այն իրագործել, քանի որ ահռելի ծավալուն աշխատանք էր։ Պարզապես մի պահ եկավ, որ հասկացա՝ այլեւս չպետք է ոչ մի բանի սպասեմ, քանի որ միտքը մի տարօրինակ հատկություն ունի. երբ երկար ես պահում, այն սկսում է փտել։ Մթերքի պես մի բան է։ Անգամ արդեն մտավախություն ունեի, որ միգուցե միտքն արդեն հնացած կհամարվի դրսում, քանի որ այն արդեն 10 տարեկան էր։

Դիանա Հովհաննիսյանը եւ Նուռը


- Փաստորեն, կար մտավախություն, հետեւաբար մասնակցել-չմասնակցելու ընտրության առաջ էիք կանգնած։ Ինչպե՞ս կայացրիք վերջնական որոշումը։

- Ինքնուրույն որոշում էր դա։ Իրականում, մինչեւ գնալս գերվստահ էի, որ գնալու եմ, ոսկե մեդալը ստանամ եւ վերադառնամ։ Բայց երբ հասա այնտեղ ու բացահայտեցի, որ մասնակցության հայտ է ներկայացրել 417 մասնակից, սովորական դարձած մոտ 100-ի փոխարեն, հասկացա, որ հաղթելու շանսերս պակասել են։ Ինչպես ասում են՝ հայի բախտ։ Հետո ինձ սկսեցին մոտենալ ու հետաքրքրվել, թե ինչո՞ւ եմ Հայաստանի կողմից եկել, չգիտե՞մ արդյոք, որ մինչ օրս ոչ մի փոքր երկիր ուշադրության չի արժանացել ու մրցանակ չի ստացել։ Այստեղ էլ վստահությունս գրեթե զրոյի հավասարվեց։ Բայց հասկացա, որ մենակ դուրս եմ եկել զորքի դեմ ու կռվելն է միակ տարբերակը։ Մինչեւ վերջին օրը չէի հավատում, որ կարող եմ հաղթել։ Երբ անունս արդեն որպես հաղթող հայտարարվեց, ժյուրիի բոլոր անդամներն ինձ վերադարձրին այն ֆրազը, որն ասում էի ճանճի վերաբերյալ՝ if you can love a fly, you can love everything and you can fly (Եթե սիրում ես ճանճին, կարող ես սիրել ամեն ինչ եւ կարող ես թռչել): «Ճանճի» ասելիքը տեղ էր հասել։

- Մրցանակակիրներ «Լիլիթ»-ից, «Հանճարներ»-ից չեք բաժանվում երբեք։ Իսկ «Ճանճից» պատրաստվո՞ւմ եք բաժանվել։

- Մեծ ճանճը կվաճառվի, բայց աշխարհով մեկ իր շքերթն անելուց ու սեր քարոզելուց հետո միայն։ Ի սկզբանե ես հենց այդպես էլ հայտարարել եմ. երբ ինձ հարցրին՝ երբ կվաճառեմ «Ճանճը», պատասխանեցի՝ երբ աշխարհն ավելի լավը դառնա, բոլորը թերահավատորեն ասացին՝ փաստորեն չեմ վաճառի, իսկ ես հակառակը պնդեցի։

- Ես էլ եմ հավատում՝ կգա այդ օրը։ Ինչ խոսք, Ձեզ հետ կարելի է ժամերով զրուցել, բայց անդրադառնալով «ոտաբոբիկությանը», եկեք փորձենք եզրափակել մեր զրույցը։

-Եթե բժշկական, գիտական տեսանկյունից հարցին նայենք, ապա ոտնաթաթերի տակ են գտնվում ամենաշատ քանակության նյարդային հանգույցները, հետեւաբար, ոտնաթաթի շփումը հողի հետ շատ կարեւոր է բնությանն ավելի մոտ ու երեւի թե առողջ լինելու համար։ Ինքս ամռանը հաճախ եմ լինում ոտաբոբիկ, սիրում եմ ոտաբոբիկ լինել։

Իսկ ինչ վերաբերում է «ոտաբոբիկությունից» բխող մտածելակերպային փոփոխությանը, ապա երբեւէ չեմ մտածել, որ «ոտաբոբիկանալուց» ավելի անկեղծ կլինեմ։ Հավատացեք, եթե անգամ կոշիկներով լինեի, մեր զրույցի բովանադակությունը դրանից չէր փոխվի։ Բայց ամեն դեպքում, դա այլեւս հնարավոր չէ ստուգել:):  

Զրուցեց Դիանա Հովհաննիսյանը /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Գործընկեր՝ «5concept» խանութ-սրահ
Զարդը՝ NUR
Լուսանկարահանումն իրականացրել ենք «NUR Art Gallery»-ում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport