Ուիլյամ Լի Ադամս- հեղինակավոր “Time” ամսագրի լրագրող: Մասնագիտացած է “Եվրատեսիլ” երգի մրցույթի լուսաբանման մեջ: Վարում է եվրատեսիլյան հայտնի wiwibloggs.com կայքը: “Եվրատեսիլ”-ին նվիրված նրա վերլուծությունները ներկայացվել են CNN-ի եւ ԱՄՆ-ի հանրային ռադիոյի եթերում:
Հեղինակավոր “Time” ամսագրի լրագրող Ուիլյամ Լի Ադամսը
-Ուիլյամ, սա Ձեր առաջի՞ն այցն էր Բաքու: Ինչպիսի ՞ն են տպավորությունները:
-Այո, առաջին անգամ էի Բաքվում: “Եվրատեսիլ”-ում իմ ամենասիրած բաներից է այն, որ դրա շնորհիվ այցելում ես վայրեր, որոնց մասին նախկինում չես էլ իմացել: “Եվրատեսիլ”-ին սկսել եմ հետեւել 2007-ից: Մինչ այդ չգիտեի էլ, թե որտեղ է գտնվում Ադրբեջանը, կամ էլ, որ Բաքուն նրա մայրաքաղաքն է: Բայց վերջին մի քանի ամսվա ընթացքում շատ բան սովորեցի այդ երկրի մասին` ինչպես քաղաքական, այնպես էլ մշակութային եւ տնտեսական դիտանկյունից: Օդանավակայանից Բաքու ուղեւորվելու ճանապարհին ապշել էի, թե ինչպես են ադրբեջանցիները լուսավորում իրենց շենքերը: Կարծես 2050 թվականը լիներ, ոչ թե 2012-ը: Ապշեցուցիչ է, թե ինչ մասշտաբների եկամուտ է բերում նավթը: Երկիրը շատ արագ է փոփոխվում, եւ երբեմն այնպիսի տպավորություն էի ստանում, որ տեղացիները մի կերպ են հասնում այդ փոփոխությունների հետեւից: Օրինակ, տաքսու վարորդները, միշտ չէ, որ տեղյակ են, թե որտեղ են գտնվում նորակառույց հյուրանոցները, կամ ինչպես կարելի է հասնել “Եվրատեսիլ”-ի համար վերջերս կառուցված “Crystal Hall Arena”: Սրանց փոխարինում էին լոնդոնյան տաքսիների նմանությամբ մեքենաներն` իրենց ավելի ժամանակակից վարորդներով:
-Լինելով փորձառու լրագրող, որը մասնագիտացած է “Եվրատեսիլ” երգի մրցույթը լուսաբանելու մեջ, համեմատեք այս տարվա “Եվրատեսիլ”-ը նախորդ տարիների հետ: Ի՞նչը Ձեզ զարմացրեց այս տարվա մրցույթում:
-Բաքվի “Եվրատեսիլ”-ը շատ լոկալ էր: Սրա վառ ապացույցն են այն կարճ վիդեո-բացիկները, որոնք ուղիղ եթերի ժամանակ նախորդում էին յուրաքանչյուր մասնակցի ելույթին: Օրինակ, սրան ի հակադրություն, հիշեմ նախորդ տարվա գերմանական բացիկների ուղղվածությունը. Գերմանիան կենտրոնացել էր երկրում բնակվողների եւ այցելուների`գերմանական հետաքրքիր տարբեր վայրերում ունեցած արկածների վրա: Ադրբեջանը, հակառակը, այդ վիդեո-բացիկներն ուղղակի օգտագործեց իրեն գովազդելու համար. երկրի տեսարժան վայրերը ցույց տալով՝ փորձեց գրավել զբոսաշրջիկներին: Չեմ ուզում, որ ինձ սխալ հասկանան: Իհարկե, գեղեցիկ պատկերներ էին, եւ շատ հետաքրքիր էր դրանք դիտել, բայց այդ ամենը չէր համընկնում “Եվրատեսիլ” երգի մրցույթի ոգու հետ, որի հիմնական նպատակն է միավորել Եվրոպան` ներկայացնելով բոլոր ազգերի մշակույթները:
Մյուս ակնառու հանգամանքը անվտանգության ուժերի ակնհայտ, աչք ծակող ներկայությունն էր: “Crystal Hall”-ում ընթացող “Եվրատեսիլ”-ն այս առումով ակնհայտ տարբերվում էր նախորդներից: Բաքվում մրցույթի ժամանակ յուրաքանչյուր շարքում երկրպագուների կողքին նստած էին անվտանգության աշխատակիցներ, որոնք կարծես թե այնքան էլ գոհ չէին իրենց` այդտեղ գտնվելու համար: Հիշում եմ, թե ինչպես եզրափակչի ժամանակ հանկարծ անվտանգության աշխատակիցների մի խումբ խուճապ արտահայտող դեմքերով ներխուժեց այն հատվածը, որտեղ բրիտանացի երկրպագուներ էին նստած: Վերջիվերջո հեռացան, բայց այդ միջադեպը շատ մարդկանց տհաճություն պատճառեց: Այո, “Եվրատեսիլ”-ից օրեր անց Ադրբեջանի անվտանգության նախարարը հայտարարեց, որ կասեցվել է ահաբեկչական գործողություն, որ պլանավորվում էր անցկացնել մրցույթի ընթացքում: Ուստի, ով գիտի, միգուցե պետք է շնորհակալություն հայտնել անվտանգության ուժերին, նույնիսկ եթե այդ պահին նրանց միջամտությունը տհաճ մթնոլորտի ձեւավորման պատճառ դարձավ:
“Եվրատեսիլ”-ի համար Բաքվում վերջերս կառուցված “Crystal Hall Arena”-ն
-Եզրափակչի ժամանակ ականատես եղանք Լեռնային Ղարաբաղին վերաբերող վիդեո- բացիկների ցուցադրության: Չե ՞ք կարծում, որ “Եվրատեսիլ 2012”-ը չափից ավելի էր քաղաքականացված:
-Թե “Եվրատեսիլ”-ում, թե դրանից դուրս, ադրբեջանցիները շատ խելացի են PR-ին առնչվող հարցերում: Նրանք հասարակական գիտակցության վրա տարբեր ձեւերով են ազդում: Օրինակ, ողջ մրցույթի ընթացքում կազմակերպիչները մամուլի ծառայության միջոցով տարածում էին “Բաքու” ամսագրի օրինակները: Ամսագիրը տարածվում էր նաեւ քաղաքի օդանավակայանում: Նշեմ, որ այս ամսագրի խմբագիրը Ադրբեջանի նախագահ Ալիեւի դուստրն է: Ամսագիրը գլամուրային է, Ադրբեջանին փորձում է ներկայացնել իբրեւ կամուրջ Արեւելքի ու Արեւմուտքի միջեւ: Գեղեցիկ ֆոտոսեսիաներ կան Բաքվի գեղատեսիլ վայրերից, հիմնականում տուրիստներին գրավելու համար է նախատեսված: Նպատակն է Ադրբեջանը ներկայացնել որպես արեւմտյան արժեքներ կրող երկիր: Ինչպես գիտենք, մարդու իրավունքների պաշտպանները հարցականի տակ են դնում, թե արդյոք այդ երկիրը իսկապես դեմոկրատական է, որտեղ հարգում են խոսքի եւ մամուլի ազատությունը: Չէ, ես դեմ չեմ այդ անվճար ամսագրերին, որոնք իսկապես լավն են, եւ յուրաքանչյուր երկիր ունի իրավունք այդպիսով գովազդել իրեն: Բայց եղել են նաեւ այլ բրոշյուրներ, որոնցում արտացոլված էր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Կարծում եմ, այս քայլով Բաքուն թույլատրելիից շատ հեռու էր գնացել: “Եվրատեսիլ”-ը պետք է լինի ապաքաղաքական, իսկ այդ բրոշյուրներում առկա նյութերը բացահայտ կերպով քաղաքականացված էին:
-Հիշո՞ւմ եք նախորդ “Եվրատեսիլ”-ներից մեկ այլ դեպք, որը լիներ այսքան քաղաքականացված:
-Քաղաքական “մեսիջները” միշտ եղել են “Եվրատեսիլ”-ում, հատկապես մասնակիցների երգերում: 2011-ին, օրինակ, Պորտուգալիայի ներկայացուցիչը կատարում էր երգ` կոչ անելով պորտուգալացի ընտրողներին չքվեարկել կառավարության առաջարկած տնտեսությանն առնչվող պլանների իրագործման օգտին: Ակտիվիստները, որոնք կապ չունեն “Եվրատեսիլ”-ի հետ, տեսնում են, որ դա լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց տեսակետները, ինչպես դա արեցին գեյերի իրավունքների պաշտպան ակտիվիստները Մոսկվայում կայացած 2009-ի “Եվրատեսիլ”-ի ժամանակ: Կարծում եմ` այս տարվա “Եվրատեսիլ”-ը քաղաքականացված էր ոչ միայն ադրբեջանական իշխանության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանների խմբերի, ցուցարարների կողմից, որոնք այսպիսով հնարավորություն ստացան արտահայտվելու, քանի որ այդ օրերին աշխարհի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Ադրբեջանն էր: Խելացի գտնվեցին եւ օգտագործեցին պահը: Կարծում եմ, ադրբեջանցիները “Եվրատեսիլ”-ը շատ ավելի օգտագործեցին իրենց մասին կոնկրետ վերաբերմունք ձեւավորելու համար, քան նախորդ տարիներին դա արել էին Գերմանիան եւ Նորվեգիան:
Քաղաքականությունը եւ “Եվրատեսիլ”-ը փոխկապակցված են, եւ սա միայն քվեարկությանը չէ, որ վերաբերում է: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրադարձություն, որտեղ առանձին մարդիկ ներկայացնում են իրենց երկիրը, քաղաքականացված է: Այդ մարդը դառնում է ազգի խորհրդանիշը, այդ երկրի մտահոգությունները, բողոքները եւ ճաշակը մարմնավորողը: Հենց սա էլ հետաքրքիր է դարձնում “Եվրատեսիլ”-ը. տեսնել թե ինչ ճանապարհներ են ընտրում երկրները` աշխարհին իրենց ներկայացնելու համար:
Սիրուշոն եվրատեսիլյան բեմում
-Մեջբերում Ձեր վերջին հոդվածներից մեկից. “…Եվրոակումբը, որտեղ “Եվրատեսիլ”-ի ֆաները պարում են “Եվրատեսիլ”-ի նախկին ու ներկա սիրված երգերի տակ, նույնպես առանց քաղաքականության չմնաց: Իշխանության կողմից նշանակված DJ-ներն այդպես էլ չկատարեցին եվրատեսիլյան հայկական հիթերը, որոնք շատ սիրված են բոլորի կողմից: Մի երեկո, երբ զրուցում էի ադրբեջանցի երիտասարդների խմբի հետ, ու շուրջն էլ բարձր երաժշտություն էր միացված, ինձ հարցրին, թե որտեղից եմ, ես էլ ասացի՝ ամերիկացի եմ: Նրանց դեմքերը միանգամից այլայլվեցին, կարծես գունատվեցին… Հա ՞ յ ես… (հեղ. American/Armenian) Բարձր երաժշտության պատճառով սխալ էին լսել…”: Եթե հայ լինեիք, այսքանը տեսնելուց ու զգալուց հետո, կհամաձայնեի ՞ք մեկնել Բաքու:
-Հայերն ու ադրբեջանցիներն ավելի լավ, քան մենք` օտարներս, գիտեն, որ այս երկու երկրի միջեւ կոնֆլիկտը երկարաժամկետ է եւ շատ վտանգավոր երկու կողմերի համար էլ: Տեղյակ լինելով այդ ամենին՝ ես ինձ այնքան էլ լավ չէի զգա, եթե լինելով հայ, մեկնեի Բաքու: Այն, ինչին մենք ականատես եղանք Բաքվում, հասկանալի է դարձնում , որ հայերը ճիշտ են վարվել` այս տարի հրաժարվելով մասնակցությունից: “Եվրատեսիլ”-ի ֆաների համար տարօրինակ էր, որ գիշերային հավաքույթների ժամանակ հայկական հիթերն այդպես էլ չհնչեցին: Նրանք ուղղակի լավ երաժշտություն էին ուզում լսել ու նրանց այնքան էլ չէր հետաքրքրում հյուրընկալող երկրի քաղաքական խնդիրներն ու նպատակները: Բոլորին ցնցել էր նաեւ այն, որ Հայաստանը բացակայում էր քարտեզներից, մինչդեռ Ադրբեջանի մյուս բոլոր հարեւանները կային այդ քարտեզներ վրա: Բաքվում մեզնից ոչ ոք չհամարձակվեց արտասանել “Հայաստան” եւ “Լեռնային Ղարաբաղ” բառերը, քանի որ վախենում էինք վիրավորել ինչ-որ մեկին, կամ էլ տհաճ տեսարանի մասնակիցը դառնալ:
-“Եվրատեսիլ”-ի շատ մասնակիցներ, լրագրողներ ներկա են եղել ադրբեջանական ընդդիմության` Բաքվում այդ օրերին կազմակերպած ցույցերին: Դուք եղե ՞լ եք նրանց թվում:
-Ես “Եվրատեսիլ”-ին սեփական նախաձեռնությամբ եմ մասնակցել, որպես եվրատեսիլյան հայտնի բլոգի խմբագիր (www.wiwibloggs.com):Կենտրոնացած էի երգերի ու մասնակիցների, այլ ոչ թե քաղաքականության ու ցույցերի վրա, որոնք տեղի էին ունենում մեր շուրջը: Շուրջօրյա լուսաբանումները համարյա ժամանակ չէին տալիս ուշադրություն դարձնել մնացած բաների վրա: Բայց “Եվրատեսիլ”-ից շաբաթներ առաջ, “Time” ամսագրի համար հոդված գրեցի ադրբեջանական կողմի վարած միջազգային PR-ի եւ նաեւ այն մասին, թե ինչպես է “Եվրատեսիլ”-ը խրվել քաղաքականության մեջ: Այո, “Եվրատեսիլ”-ը հյուրընկալող երկրին ուշադրության կենտրոնում գտնվելու հնարավորություն է տալիս, բայց այդ ուշադրությունը միշտ չէ, որ դրական ուղղվածության է:
Եվա Ռիվասը եվրատեսիլյան բեմում
- BBC-ի “Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը” ֆիլմն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել: Ֆիլմում Փոլ Քենյոնը խոսում է նաեւ այն դժվարությունների մասին , որոնց հանդիպում են արտասահմանյան լրագրողները Բաքվում գտնվելու ընթացքում: Մասնավորապես Քենյոնը խոսում է Ադրբեջանի ազգային անվտանգության գործակալների մասին, որոնք կրնկակոխ հետեւում են արտասահմանցի լրագրողների յուրաքանչյուր քայլին: Ադրբեջանում անցկացրած օրերի ընթացքում Դուք զգացե ՞լ եք, որ Ձեզ հետեւում են:
-Ոչ, երբեք նման բան չեմ զգացել: Բայց ես ու ընկերներս հաճախ էինք կատակում մեր հյուրանոցի համարներում հնարավոր տեսանկարահանումների շուրջ: Շատերը նման կասկածներ ունեին, հատկապես “Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքը” ֆիլմը դիտելուց հետո: Բայց ես ոչ մի ապացույց չունեմ, որ Ադրբեջանն իրականում նկարահանումներ է իրականացրել հյուրանոցային համարներում: Բայց եթե անգամ արել էլ են, ապա “Եվրատեսիլ”-ի ժամանակ ստիպված էին լավացնել իրենց վարքագիծը: Չէ որ նրանք գիտեին, որ աշխարհն իրենց է նայում, եւ նրանք շատ խելացի են` չանելու համար այնպիսի բաներ, որոնք կգցեին իրենց իմիջը:
-Ի ՞նչ կարծիք ունեք “Եվրատեսիլ”-ում Հայաստանի նախորդ տարիների մասնակցության մասին: Հայաստանի ներկայացրած ո ՞ր երգն եք համարում ամենահաջողվածը:
-Իմ ամենասիրած երգը “Քելե-Քելե”-ն է: Նույնիսկ այսօր այդ երգը հիշելով՝ ցանկանում եմ կանգնել ու պարել: Սիրուշոն գեղեցիկ կին է, եւ նա իրոք էներգիա ու կյանք բերեց “Եվրատեսիլ”-ի բեմ: Ինձ նաեւ դուր է եկել Եվա Ռիվասի “Apricot Stone”-ը: Այդ երգի շոուն համարում եմ “Եվրատեսիլ”-ում ամենահաջողներից մեկը: Երբ բեմում ծիրանի կորիզը սկսեց կամաց-կամաց աճել, զարմանքից բերանս բաց մնաց: Դա անմոռանալի էր: Ինձ նաեւ դուր եկավ այն, որ Եվա Ռիվասը նման է Անջելինա Ջոլիին:
Զրուցեց Նարինե Դանեղյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Ուիլյամ Լի Ադամսի անձնական արխիվից եւ “Եվրատեսիլ”-ի պաշտոնական կայքից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: