Ինձ գրեց մի աղջիկ, ով սանրի պոչով զբաղվել էր ինքնաբավարարմամբ եւ արնահոսություն ունեցել՝ կուսաթաղանթ չունենալու պարագայում: Ակնհայտ էր, որ այդ պոչն առանց ախտահանման, առանց որեւէ հատուկ՝ հեշտոցի լորձաթաղանթին հարմար քսուքի, «մերկ» վիճակում ներմուծվել էր օրգանիզմ, քերծել ու վնասել էր հեշտոցի պատերն ու արյուն առաջացրել: Սկզբում մտքովս անցավ մշտական սեքս-զուգընկեր ձեռք բերելու հորդոր անել, հետո՝ վիբրատոր կամ ֆալոիմիտատոր ձեռք բերելու խորհուրդ տալ: Վերջում հանգեցի նրան, որ այս 2 տարբերակն էլ կարող են բարդ լինել: Իսկ այ, եթե թեկուզ կենցաղային իրի վրա պահպանակ անցկացվեր, որն արդեն իսկ պատված է քսուքով ու ստերիլ է, հեշտոցին վնաս չէր հասցվի: Կնոջ լավագույն ընկերը ոչ միայն ադամանդը, այլեւ պահպանակն է: Ուսումնասիրենք պահպանակը: Այն կարող է օգտագործվել ու պաշտպանել նպատակային ու ամենաանսպասելի դեպքերում:
Préservatif կամ condom
Պահպանակը հակաբեղմնավորիչ միջոց է, որը պաշտպանում է նաեւ սեռավարակներից: Այն սերմնանյութի համար անանցանելի պատյան է, որը հագցվում է գրգռված առնանդամի վրա: Ֆրանսերեն «préservatif»-ը ծագում է լատիներեն «praeservo» բառից, որը թարգմանաբար նշանակում է «կանխարգելում եմ»: Հայտնի է նաեւ «condom»(քո՛նդըմ) բառը, որը եւս ֆրանսերեն է:
Ի դեպ, քոնդըմ անվանման ծագման վերաբերյալ 2 վարկած կա: Ըստ առաջին վարկածի՝ այն ծագում է լատիներեն «condus» բառից (թարգմանաբար՝ պահոց), որը սեռական հոլովով հնչում է «condom» (քոնդըմ): Ըստ երկրորդ վարկածի՝ այս բառը ծագել է Կառլ 2-րդի արքունական բժշկի ազգանունից: Արքան անհանգստանում էր արտամուսնական երեխաների թվի աճի ու սիֆիլիսի տարածման համար, եւ նրա արքունի բժիշկն առաջարկում է գործածության մեջ մտցնել գառան աղիներից պատրաստված, հատուկ յուղով պատված պատյաններ՝ որպես պաշտպանիչ մեթոդ: Վերջինս դրական արձագանքներ ունեցավ ու բավական երկար ժամանակ ակտուալ մնաց: Քանի որ դրանց պատրաստման տեխնոլոգիան շատ բարդ էր ու թանկարժեք, դրանք հասանելի էին, բնականաբար, միայն հարուստներին: Վերջիններս էլ մի պահպանակն օգտագործում էին մի քանի անգամ: Այնպես որ, հիվանդություններից պաշտպանվելն անիրատեսական էր, իսկ անցանկալի հղիություններ սկսեցին իրոք քիչ գրանցվել:
Պահպանակի պատմություն
*Մինչեւ Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումը Եվրոպայում պահպանակները գործածվում էին միայն որպես հակաբեղմնավորիչ մեթոդ: Բայց 1493-ին Կոլումբոսը, բացի մնացած ամեն ինչից, Ամերիկայից բերեց նաեւ սիֆիլիսը: 14-րդ դարի կեսերին եվրոպական ազգաբնակչության փաստացիորեն ողջ սեռահասուն հատվածը տառապում էր սիֆիլիսով: 1564-ին բժիշկ Գաբրիել Ֆալոպիոսն առաջարկեց տարբեր յուղերով ներծծված վուշյա պարկիկներ կիրառել՝ որպես պաշտպանություն: Առնանդամի վրայից չսահելու համար եզրին նուրբ կապիչներ էին ավելացվում: Մինչ օրս հայտնի չէ՝ իրապես օգնեցին արդյոք այս պահպանակները հիվանդության դեմ պայքարում, թե՝ ոչ:
*Ժամանակակից պահպանակի պատմությունը սկսվում է 19-րդ դարից: 1839-ին կաուչուկի վուլկանացման գործընթացի սկիզբը դրվեց. սկսվեց ռետինի արտադրությունը: Արդյունքում 1844-ին հայտնվեց ռետինե պահպանակը: Լատեքսային պահպանակն ի հայտ եկավ 1919-ին: 20-րդ դարի 80-ականներից սկսվեց պահպանակների զանգվածային արտադրությունը՝ կապված ՄԻԱՎ-ի տարածման հետ:
*ԽՍՀՄ-ում պահպանակները կոչվում էին «№2 ռետինե արտադրանք»` այսպիսին էր ռետինե արտադրության՝ Բաքվի գործարանի նշագրումը: №1 արտադրանքը հակագազն էր, №2-ը՝ պահպանակը. ներդաշնակ հերթականություն է, ինչ խոսք:
Հետաքրքիր փաստեր
*Շվեյցարիայում վերջին տարիներին սկսեցին ոչ մեծ չափսի պահպանակներ արտադրել՝ նախատեսված 12-14 տարեկան դեռահասների համար: Նման որոշում կայացվեց այն բանից հետո, երբ հետազոտության արդյունքում պարզվեց, որ ներկայում 12-14 տարեկան դեռահասները սեքսով շատ ավելի հաճախ են զբաղվում, քան նրանց տարեկիցները 1990-ականներին: Իսկ ստանդարտ պահպանակները չափերով մեծ են դեռահասների շուրջ 25%-ի համար:
*Պահպանակի հաճախակի օգտագործմամբ առաջին տեղում Ճապոնիան է: Այնտեղ դրանց կիրառությունը կազմում է 80%՝ մնացած բոլոր հակաբեղմնավորիչների շարքում:
*Գերմանիայում պահպանակին խոսակցական տարբերակով անվանում են «փարիզեցի», ԱՄՆ-ում՝ «Ջիմի գլխարկ», Իտալիայում՝ «ձեռնոց», Ֆրանսիայում՝ «անգլիական կապյուշոն», Հարավային Աֆրիկայում՝ «ֆրանսիական նամակ», Լիբանանում՝ «վերարկուիկ»:
*Բելգրադում 2005-ի դեկտեմբերին ապահով սեքսի քարոզի կողմնակիցներն ակցիայի շրջանակում 18 մետրանոց պահպանակ հագցրին քաղաքի արձաններից մեկին: Արդյունքում, նրանք տուգանվեցին «չարտոնագրված գործողությունների» համար:
*Բրիտանիայում ամուսնալուծված հայրերի կազմակերպության ներկայացուցիչները Թոնի Բլերի՝ վարչապետ լինելու օրոք «քարկոծեցին» նրան ալյուրի ու թանաքի խառնուրդով լեցուն պահպանակներով: Պահպանակները պատռվեցին, ու Բլերը թաթախվեց կապույտ փոշու մեջ: Երբ ակցիայի աղմուկը հանդարտվեց, մամուլն ակտիվորեն սկսեց քննարկել քոնդըմների որակը, քանզի դրանք շպրտելիս պատռվել էին:
*ԽՍՀՄ-ում մեկ պահպանակն արժեր 2 կոպեկ:
*Բրիտանիայի Բիստեր քաղաքում 2012-ի աշնանը «Կաղամբ եւ պահպանակներ» անունով թայլանդական ռեստորան բացվեց, որը, բացի ուտեստներ մատուցելուց, նաեւ ապահով սեքս է քարոզում: Այստեղ այցելուներին վերջում՝ հաշվի հետ, պահպանակ են մատուցում՝ ավանդական կոնֆետի փոխարեն: Ռեստորանի ինտերիերում պահպանակներից պատրաստված բազմաթիվ դեկորներ կան: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ բրիտանացիների շուրջ կեսն ամաչում է պահպանակ գնել:
*Պատմաբանները նշում են ԱՄՆ-ում 1920-ականների Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում պահպանակների արտադրության բումի մասին. օրական մինչեւ կես միլիոն պահպանակ էր վաճառվում երկրում: Հենց այդ ընթացքում նորից շատ պոպուլյար դարձան ռետինե պահպանակները՝ ի տարբերություն այդ պահին նորաձեւ լատեքսայինների: Ռետինե տարբերակները, իհարկե, ավելի անհարմարավետ էին, բայց դրանք կարելի էր բազմակի օգտագործել, ինչը կարեւոր գործոն էր խոր տնտեսական ճգնաժամի պայմաններում:
*Մերձավոր Արեւելքում պահպանակները հաճախ ոչ նպատակային են կիրառվում: Օրինակ, գյուղացիները դրանցով ջուր են տեղափոխում: Դրանք անցկացվում են բետոնի շերտերի արանքում՝ տանիքներին անջրաթափանցություն հաղորդելու համար: Պահպանակներն օգտագործվում են նաեւ ասֆալտի խառնուրդի մեջ՝ ողորկություն ապահովելու նպատակով:
*Մի շարք ռազմական գործողությունների ժամանակ ամերիկյան զինվորները հրացանների մեջ ավազի ներթափանցումից խուսափելու համար դրանց փողերին պահպանակներ էին հագցնում:
Պահպանակային 5 միֆերի հերքում
Ամենատարածված թյուրիմացություններն եմ ընտրել, հատկապես նրանց համար, ովքեր ամաչում են պահպանակ գնել, սկզբունքորեն երբեք չեն գործածում պահպանակ, եւ նրանց համար, ովքեր մտածում են, որ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունումը միանգամայն բավարար է:
Միֆ 1՝ պահպանակը կարող է պատռվել.
Իրականում, քոնդըմները միանգամայն ապահով են, ուղղակի դրանք ճիշտ գործածել է պետք:
*Հիշենք, որ պահպանակը պետք է հեռու պահել լույսի, ջերմության ու օդի երկարատեւ ազդեցությունից. այս ամենն ազդում է դրա որակի վրա:
*Մշտապես հետեւել է պետք պահպանակի ամեն մի հատիկ տուփիկի վրա նշված ժամկետին:
*Շատ ապահով են ջրային կամ սիլիկոնային հիմքով քսուք ունեցող պահպանակները, քանզի յուղային հիմքով քսուքը երբեմն քայքայում է պահպանակի թաղանթը:
*Եվս մի կարեւոր նկատառում. եթե սեքսի ընթացքում որոշում եք դադար տալ փեթինգի, կունիլինգուսի կամ սեքսուալ այլ գործողությունների համար, ապա ցանկալի է՝ տղամարդը հանի պահպանակը, իսկ վերսկսելու դեպքում նորը գործածի: Որովհետեւ դադարի դեպքում պահպանակի թաղանթն արագ չորանում է ու կարող է պատռվել սեքսը վերսկսելիս:
Միֆ 2` պահպանակը նվազեցնում է սեքսից ստացվող հաճույքը.
Այստեղ, ինչպես եւ գրեթե միշտ, ամեն ինչ հարաբերական է: Պետք է համեմատել անպաշտպան սեքսի ընթացքում «տեսնես՝ կվարակվե՞մ որեւէ բանով, թե ոչ», «տեսնես, հո, հանկարծ չե՞մ (չի՞) հղիանա», «տեսնես՝ կհասցնի՞ (կհասցնե՞մ) վերջում դուրս հանել առնանդամը», «տեսնես՝ խաբե՞ց, որ ոչ մի սեռավարակ չունի», «տեսնես՝ իրոք ե՞ս եմ նրա միակ սեքս-զուգընկերը», «տեսնես՝ ոչ մի ալերգիկ ռեակցիա չի՞ առաջանա մեր միկրոֆլորաների շփումից» մտքերը պահպանակ գործածելու հետ: Անհարմարության տեսանկյունից տագնապային մտքերն ավելի հոգնեցուցիչ են: Պահպանակը կասեցնում է նման հարցերի առաջացումը, թույլ տալիս հանգիստ սեքս վայելել ու բարձրացնել սեքսի որակը: Իսկ եթե նման ներքին հարցեր չեն առաջանում, ապա ոչ թե պահպանակն է անհարմար, այլ դուք եք նախանձելի լավատես:
Միֆ 3` երկու պահպանակի գործածումն է՛լ ավելի լավ կպաշտպանի.
Սխալ մոտեցում է: Շատ ավելի արդյունավետ է մեկ պահպանակի ճիշտ, ըստ կանոնների կիրառությունը, քան իրար վրայից երկու պահպանակ հագնելը: Երկուսից ավելի պահպանակ հագնելը նվազեցնում է դրանց արդյունավետությունը, քանզի շատ մեծ է դրանց՝ միմյանց հետ շփումից ու տրորումից պատռվելու հավանականությունը:
Միֆ 4`պահպանակը չի պաշտպանում սեռավարակներից.
Իրականում, պահպանակի ճիշտ ու հետեւողական գործածումը լավագույնս պաշտպանում է սեռավարակներից: Մասնավորապես, պահպանակի օգտագործման կանոններով առաջնորդվելու դեպքում այն անցանկալի հղիությունից պաշտպանում է 98%-ով, իսկ սեռավարակներից ու ՄԻԱՎ-ից 98-99%-ով: Նույնիսկ մաշկային շփումով փոխանցվող վարակների դեպքում (օրինակ՝ հերպես, պապիլոմա) քոնդըմները նվազեցնում են ռիսկերը: Ի դեպ, գիտնականներն աշխատում են պահպանակի մի տեսակի մշակման ուղղությամբ, որը թույլ կտա հայտնաբերել առկա սեռավարակներն ու վարակները:
Միֆ 5`պահպանակները թանկ հաճույք են.
Այստեղ եւս ամեն ինչ հարաբերական է: Եթե գործ ունեք մեկ ու մշտական սեքս-զուգընկերոջ հետ, ապա պահպանակն իրոք խնայողական ու բյուջետային տարբերակ չէ: Կարելի է միայն մատչելի ու արդյունավետ հակաբեղմնավորիչ տարբերակ ընտրել: Իսկ այ, եթե միանվագ, առաջին կամ պատահական սեքսի մասին է խոսքը, պահպանակը ֆինանսապես շատ ավելի ձեռնտու կլինի, քան հետո հղիության ընդհատումը կամ սեռավարակի բուժումը:
Աուրա Ֆ.
BRAVO.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: