×


Ջազային Կասկադը, Գարի Քյոսայանի պրեմիերան, երեկոյի հատուկ հյուրն ու հոբելյարները

Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրը, արդեն 6 տարի անընդմեջ Երեւանում նշվում է բացօթյա համերգային ծրագրով։ Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը երեկ համախմբել էր ջազի բազմաթիվ սիրահարների, ովքեր մինչեւ ուշ երեկո ունկնդրում էին ջազային ռիթմերը։

Արմեն Թութունջյանը եւ Մարտին Վարդազարյանը


Հայաստանի անվանի ջազմեններն ու ջազ-բենդերը նվագում էին ինչպես սիրված ջազ ստանդարտներ, այնպես էլ հեղինակային նոր ստեղծագործություններ։ Այս տարի երեկոյի հատուկ հյուրն էր Չիկագոյից ժամանած ամերիկացի սաքսոֆոնահար Չիկո Ֆրիմանը։ Բեմում հաջորդաբար ելույթ էին ունենում Հայաստանի պետական ջազ նվագախումբն` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, Գարի Քյոսայանի քառյակը, «Time Report»-ը, «Մալխաս» ջազ բենդը, Չիկոյի նոր եռյակն ու Աննա Կոստանյանը, «Վահագն Հայրապետյան» տրիոն, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ջազ բենդը՝ Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ։ 

19-րդ դարի վերջին ու 20-րդ դարասկզբին որպես աֆրիկյան ու եվրոպական մշակույթների սինթեզման արդյունք համարվող ջազի ռիթմերը Կասկադում միավորել էին ոչ միայն երեւանցիներին, այլեւ մայրաքաղաք ժամանած հյուրերին։ Երեկոն նվիրված էր Երվանդ Երզնկյանի 70-ամյակին եւ Մելիք Մավիսակալյանի 80-ամյակին, ովքեր այս տարի կնշեն իրենց հոբելյանները։  

Կասկադում նշել են Ջազի միջազգային օրը


Արմեն Հյուսնունցը վստահ է՝ որքան հաճախ տեղի ունենան այսպիսի համերգներ, այնքան երիտասարդներն ավելի կհետաքրքրվեն ու կսիրեն ջազը.«Ուրախ եմ, որ ամենամյա բացօթյա համերգներն ավանդույթ են դառնում։ Ջազը ենթադրում է անկեղծություն, անմիջականություն, ազատություն եւ ճաշակ։ Արդեն ամեն տարի սպասում ենք միջազգային հայտնի որեւէ հյուրի, նաեւ ավագ սերնդի երաժիշտների հետ բեմում ավելի հաճախ ենք տեսնում երիտասարդ վառ երաժիշտների»,-BRAVO.am-ին ասել է ջազ երաժիշտը:

Այս տարի առաջին անգամ բացօթյա համերգին մասնակցել է ջազմեն Գարի Քյոսայանը՝ օրվան նվիրված հատուկ պրեմիերայով։ Նրա քառյակն առաջին անգամ կատարել է երաժշտի վերջերս հեղինակած «Time of My Dream» գործը: Կոմպոզիտորը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներից բերած Hammond B3 երգեհոնով.«Տպավորիչ ու գեղեցիկ է կազմակերպված, իսկապես ջազային մթնոլորտ է։ Ափսոս` մի փոքր կարճ նվագեցինք` ժամանակի սղության պատճառով։ Տեսա բազմաթիվ ծանոթ դեմքերի, որոնք, գիտեմ, ջազի սիրահարներ են»,-մեզ հետ զրույցում հայտնել է նա:

Ալլա Սահակյանը եւ Գարի Քյոսայանը


Գարի Քյոսայանի կինը՝ դերասանուհի, վոկալիստ Ալլա Սահակյանը, եւս առաջին անգամ էր Կասկադի բեմում.«Անփոխարինելի դրական լիցքեր ստացա: Ոգեւորող է, որ ջազը մարդկանց տներից դուրս է բերում, երաժշտասերներն այսքան շատ են ու սպասում են ապրիլի 30-ին»։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW