×


Ջազմեն Ռոնալդ Բեյքերը Երեւանում կատարեց Ստեփան Շաքարյանի բալլադը

«Դուք բախտավոր եք, որովհետեւ ձեր նվագախումբը պարզապես սքանչելի է»` հայ հանդիսատեսին է դիմում ամերիկացի հայտնի ջազ վոկալիստ եւ շեփորահար Ռոնալդ Բեյքերը։ Հուլիսի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում նա հանդես եկավ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ համերգով։

Ռոնալդ Բեյքերն առաջին անգամ է Հայաստանում։ BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է, որ այստեղ հրաշալի մարդկանց է հանդիպել եւ Երեւանը շատ գեղեցիկ վայր է։

Ռոնալդ Բեյքերի ելույթը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ


«Հուսով եմ՝ համերգի վերջում բոլորը կժպտան, դա է ամենակարեւորը։ Հուսով եմ, որ բոլորն իրենց շատ լավ կզգան, եւ այս երաժշտությունը կօգնի այդ հարցում»,-ասել է ջազմենը։

Բեյքերը կարծում է, որ ջազը յուրահատուկ երաժշտություն է՝ տարածված ամբողջ աշխարհով մեկ.«Այն օգնում է միավորել մարդկանց։ Այդ հատկության շնորհիվ է, որ ես կամ ամերիկացի մեկ այլ երաժիշտ կարող ենք գալ Հայաստան, նվագել այստեղի ջազ նվագախմբի հետ եւ հաջողել։ Սա ջազի առանձնահատկությունն է, նաեւ առհասարակ երաժշտության առանձնահատկությունն է»:

Ռոնալդ Բեյքերի ելույթը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ


Հայաստանի պետական ջազ նվագախումբը նպատակ ունի պարբերաբար միջազգային ճանաչված երաժիշտների հետ համատեղ համերգներ կազմակերպել։ Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը։

«Փնտրում եւ մեր բոլոր միջազգային կապերով փորձում ենք ճանաչել, ընտրել եւ պայմանավորվածություններ ձեռք բերել այն երաժիշտների հետ, որոնք մեզ համար հետաքրքիր են։ Այս անգամ Մոսկվայում հայտնի ջազ ակումբի տնօրեն Հրանտ Խանջյանի շնորհիվ ծանոթացանք Ռոնալդ Բեյքերի հետ եւ նախնական բանակցություններից հետո ձեռք բերեցինք պայմանավորվածություն այս համերգի համար»,-մանրամասնել է նա։

Համերգի ընթացքում Ռոնալդ Բեյքերի կատարմամբ հնչեց նաեւ վերջերս կյանքից հեռացած, ականավոր հայ կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի «Բալլադ շեփորի համար» ստեղծագործությունը։

Ռոնալդ Բեյքերի ելույթը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ


«Վստահ եմ, որ հետագայում կունենանք մեծ համերգ, որի ժամանակ կփորձենք ներկայացնել Ստեփան Շաքարյանի թողած ողջ վառ ժառանգությունը, բայց այսօր ձեզ համար կհնչեցնենք ստեղծագործություն, որը նա ժամանակին նվիրել է իր մոր հիշատակին, եւ այն այժմ կհնչի իր հիշատակի համար»,-նշել է Արմեն Հյուսնունցը։

Հավելենք, որ Ռոնալդ Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դեւիսը, Անտոնիո Հարթը եւ այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է նաեւ սեփական քառյակի հետ:

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport