×


Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Ջանիբեկյանները, Վիվյեն Բաստաջյանը եւ այլք` “Կիսալուսնի ծովածոց”-ում

Վիլյամ Սարոյանի չորս պատմվածք էկրանավորվել է տարվա չորս եղանակների համատեքստում եւ միահյուսվել “Կիսալուսնի ծովածոց”-ում: 2013-ի հոկտեմբերին BRAVO.am-ն անդրադարձել է ֆիլմի “Աշուն” հատվածի` “Փասիանի որսորդ”-ի պրեմիերային, իսկ ահա  երեկ` մարտի 27-ին, “Մոսկվա” կինոթատրոնում կայացել է լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերան:

“Կիսալուսնի ծովածոցը” ֆիլմի պրեմիերային


“Կիսալուսնի ծովածոցը” ռեժիսոր Մարինե Զաքարյանի դեբյուտային ֆիլմն է մեծ կինոյում: “Պարալլելս ֆիլմ”-ը դիմել է Սարոյանի գրական ժառանգության իրավատեր Սթենֆորդի համալսարանին եւ անգլիական “Pollinger ltd”-ից ստացել է Սարոյանի պատմվածքների էկրանավորման իրավունքը: Կինոընկերության հիմնադիր-տնօրեն եւ ֆիլմի պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի խոսքով` իրենց առաջին նպատակը լավ գործ ստեղծելն էր, իսկ երկրորդը` շահույթ ստանալը.“Մոտ 8 ամիս կապի մեջ լինելով տարբեր կազմակերպությունների հետ` կարողացանք ստանալ էկրանավորման իրավունքը, որից հետո Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ նկարեցինք “Աշուն” հատվածը, ներկայացրինք “Կաննի” կինոշուկայում եւ, ստանալով հավելյալ ֆինանսավորում, նկարեցինք ամբողջ ֆիլմը: Իսկ հետարտադրության փուլում համագործակցել ենք “Sharm Pictures”-ի հետ”:

Ֆիլմի համապրոդյուսերներն են Կարեն Ղազարյանը եւ Գեւորգ Գեւորգյանը, բեմադրող օպերատորն է Միհրան Ստեփանյանը, կոմպոզիտորը` Լիլիթ Նավասարդյանը, հնչունային ռեժիսորը` Լեւոն Նավասարդյանը:

Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը


Կարեն Ղազարյանը կարծում է, որ այս ֆիլմը դիտելու համար ազգային պատկանելությունը երկրորդական է.“Այնպես է նկարված, որ չես հասկանում` որ երկրում են գործողությունները կատարվում: Անհրաժեշտ են այս խորության ֆիլմեր. մեր երեխաներն այս դարում քիչ են գիրք կարդում, ամեն բան պետք է անել, որ գրողների ստեղծագործությունները տեղ հասնեն: Սա ֆիլմ է, որը հարկավոր է դիտել երեխաների հետ”:

“Կիսալուսնի ծովածոց”-ում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Աշոտ Ադամյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Վիվյեն Բաստաջյանը, Նանոր Պետրոսյանը, Արա Սարգսյանը, Վարդուհի Ռուշանյանը, Մովսես Ստեփանյանը, Կարեն Խաչատրյանը եւ այլք: Պատանիների դերերում են Սամվել Վարդանյանը, Ալեքս Բաբայանը, Անի եւ Սոնա Գալստյանները, Ամալյա Զաքարյանը, Սարգիս Հարությունյանը:

Ռեժիսոր Մարինե Զաքարյանը ընտրել է 4 պատվածք, որոնց կապող թելերը պատանի հերոսներն են.“Ցանկություն ունեի նկարել ֆիլմ հասունացման մասին, երբ հերոսների մանկությունն ավարտվում է, եւ կյանքը մեկ օրում փոխվում է: Նկարահանված երեխաները թելադրեցին աշխատանքի կանոնները, իսկ  նրանց ծնողների դերը ստանձնած պրոֆեսիոնալ դերասանները ենթարկվեցին նրանց կանոններին: Կարողացանք ընդհանուր լեզու գտնել, որը գուցե Սարոյանից է”:

Միքայել Պողոսյանը եւ Տիգրան Համասյանը


Դերասանուհի Վիվյեն Բաստաջյանը, որը նկարահանվել է գարուն եւ ձմեռ հատվածներում, BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է կադրից դուրս մնացած հիշողությունների մասին.“Երբ “ստոպ” էր հնչում, մենք լռում էինք, որ երեխաներն իրենց կերպարի մեջ մնան, այդ ընթացքում մաստակ էինք ծամում, եւ երբ սկսում էր նկարահանումը, մտածում էինք` որտեղ գցել ծամոնը, որ բնությունը չկեղտոտենք:)”:

Վիլյամ Սարոյանի գործերից դերասանուհին ամենից շատ սիրում է “Պինգ-պոնգ խաղացողները”, որն այս ֆիլմում ընդգրկված չէ, բայց նա հավանել է վերջնարդյունքը. “Անսահման բարի կինո է. ուզում ես շնորհակալություն ասել քո ծնողներին, գրկել երեխայիդ, գնահատել քո ունեցածը: Մարինե Զաքարյանն այնքան սարոյանասեր մարդ է, որ ես միանգամից նկատեցի, թե ինչպես է ողջ բջիջներով ընկղմված ու ինչ լավ է ընկալում Սարոյանին”:

Դերասանուհի Նանոր Պետրոսյանը


“Ամառ” հատվածում նկարահանված 9-ամյա Սոնան Մարինե Զաքարյանի եւ Հովհաննես Գալստյանի դուստրն է.“Մայրիկս ընտրեց, ես էլ առաջին անգամ խաղացի: Մի աղջկա դերում եմ, որն ուզում է դառնալ հայտնի կինոաստող, բայց չգիտեմ` ես էլ կուզեի հայտնի դերասանուհի դառնալ, թե` ոչ: Նկարահանվելը հեշտ էր, որովհետեւ բոլորը բարի էին:)”:

Նանոր Պետրոսյանի խոսքով` ֆիլմը հետաքրքիր կլինի ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար.“Կարծում եմ` ծնողները դիտելով կվերանայեն իրենց հարաբերութունները փոքրիկների հետ եւ հաշվի կնստեն նրանց հետ: Այնպիսի թիմ էր հավաքվել, որ յուրաքանչյուրն ուզում էր իր աշխատանքը հնարավորինս լավ անել, իսկ նկարահանման հրապարակում երեխաների անմիջականությունն այնքան շատ էր, որ փորձում էինք որեւէ տեսարանում կեղծ չխաղալ ու չստել”:

Դերասան Կարեն Ջանիբեկյանը


Բեմադրող օպերատոր Միհրան Ստեփանյանը բացել է փակագծերը եւ նշել, թե տարվա եղանակները էկրանավորելու համար տեխնիկական ինչ միջամտության է դիմել.“Ունենք տեսարան, որ նկարել ենք գարնանը, բայց համակարգչային գրաֆիկայի միջոցով ստացել ենք աշուն: Հիմա այնպիսի հնարավորություն ունենք, որ մեր պատկերացրածով կարող ենք փոփոխության ենթարկել նաեւ բնությունը: Երբ նկարեմ փոքր ֆիլմը, կտեսնեք, թե ինչից ինչ է ստացվել”:

“Կիսալուսնի ծովածոցը” լիամետրաժ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Կիսալուսնի Ծովածոց կոչվող քաղաքում: Պատանի հերոսների կյանքի հանդեպ ունեցած անկեղծ հայացքն էլ դառնում է ֆիլմի առանցքը: Այն ավարտվում է Վիլյամ Սարոյանի խոսքերով եւ Ռոզ Բաղդասարյանի երաժշտությամբ գրված “Come Օn-a My House” երգով, որում հնչում է Սարոյանի ձայնը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW