Ջիվան Գասպարյան կրտսերը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ներկայացրել է անմեղ զոհերի հիշատակին նվիրված նոր ստեղծագործություն եւ տեսահոլովակ, որը կարող եք դիտել այստեղ:
Ջիվան Գասպարյան կրտսերը եւ Արսեն Երեմյանը լրագրողներին ներկայացրել են իրենց նոր աշխատանքը
“Հայոց ցեղասպանություն” կոչվող ստեղծագործության երաժշտության հեղինակը հենց երիտասարդ դուդուկահարն է, գործիքավորումը կատարել է Արսեն Թովմասյանը: Տեսահոլովակը նկարահանվել է Ծիծեռնակաբերդում, օգտագործվել են Ցեղասպանության զոհ դարձած հայերի արխիվային լուսանկարներ ու կադրեր:
“Մեր նպատակն է ցուցադրել, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին: Փնտրել ենք այնպիսի տեսանյութեր, որոնք ավելի քիչ են եթերում եղել: Ջիվանը ներկա է եղել մոնտաժային աշխատանքներին, միասին քննարկել ենք յուրաքանչյուր դրվագը` հնարավորինս լավ արդյունք ստանալու համար”,-նշել է ռեժիսոր Արսեն Երեմյանը:
Կադր Ջիվան Գասպարյան կրտսերի նոր տեսահոլովակից
Ջիվան Գասպարյան ավագն այս տեսահոլովակում մասնակցություն չունի. նա առողջական խնդիրների պատճառով այժմ արտերկրում է, սակայն պապ ու թոռ նախատեսում են Շառլ Ազնավուրի, Սերժ Թանգյանի հետ համատեղ Ցեղասպանությանը նվիրված նախագիծ իրականացնել:
Երաժշտի խոսքով` այս տեսահոլովակը նախատեսված է միջազգային լսարանի համար.“Ապրիլի 24-ով պետք չէ սահմանափակվել: Երբ Հայաստանի սահմաններից դուրս հանիպում եմ տարբեր ազգերի մարդկանց, զրույցի ընթացքում փորձում եմ հասկանալ` որքանով են տեղեկացված: Ինձ համար կարեւոր է երաժշտության միջոցով բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին”:
Ջիվան Գասպարյան կրտսերը եւ Արսեն Երեմյանը լրագրողներին ներկայացրել են իրենց նոր աշխատանքը
Դուդուկահարը նախորդ տարիներին Միացյալ Նահանգներում “Viza” ռոք-խմբի հետ, որի անդամների մեծ մասը հայեր են, Հայոց եղեռնի մասին բարձրաձայնող ելույթներ է ունեցել: Այսօր եւս երաժիշտները համերգով հանդես կգան Լոս-Անջելեսում, սակայն Ջիվանը չի մասնակցի.“Վերջին երկու տարին գործունեությունս ավելի շատ Հայաստանում եմ ծավալում, բայց խմբի կազմում տարիներ առաջ Ցեղասպանության մասին երգ ենք գրել”:
Ի դեպ, Ջիվան Գասպարյան կրտսերը եւ Արսեն Երեմյանն օրեր անց կներկայացնեն իրենց համատեղ երկրորդ տեսահոլովակը:
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: