×


Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը` Գաֆեսճյանում

Ջոտտոն` այլ լույսի ներքո. Գաֆեսճյանում ցուցադրվում են հայ նկարչի անհայտ գործերը

«Գրիգորյանի գրաֆիկան մեծ արվեստն է թղթի փոքրիկ էջերի վրա»` ահա այսպես է ժամանակին բնութագրել Ջոտտոյի աշխատանքները վրացի նկարիչ եւ արվեստաբան Կիրիլ Զդանեւիչը: Ստալինյան բռնաճնշումներն ու բազմաթիվ այրված կտավները խոչընդոտ չհանդիսացան, որ հայ մեծանուն նկարիչ Գեւորգ Գրիգորյանի բազմաթիվ աշխատանքներ հասնեն մինչեւ մեր օրեր եւ պահվեն տարբեր ցուցասրահներում ու մասնավոր հավաքածուներում: Երեկ էլ Գաֆեսճյան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում տեղի ունեցավ «Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված արվեստագետի ծննդյան 120-ամյակին:

Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը` Գաֆեսճյանում


Իհարկե, դասական դարձած նկարչին անդրադառնալը նախեւառաջ չկրկնվելու խնդիր է առաջ բերում, բայց Ջոտտոյի դեպքում չցուցադրված կամ քիչ հայտնի ստեղծագործություններ բացահայտելն այնքան էլ դժվար չէ: Հանրությունն այս անգամ կուսումնասիրի արվեստագետի գրաֆիկական աշխատանքները, որոնք տարբերվում են թե՛ գունային լուծումներով, թե՛ կատարման ոճով, թե՛ թեմաներով: Ընդհանուր առմամբ ներկայացված է 62 գեղանկար եւ գրաֆիկական աշխատանք, որոնցից շատերը նախկինում չեն ցուցադրվել:

«Փորձել ենք արվեստագետին ներկայացնել այլ լույսի ներքո, եւ այդ նպատակով էլ շեշտը դրել ենք հատկապես գրաֆիկական աշխատանքների վրա` դրանք համադրելով գեղանկարների, յուղաներկ գործերի հետ: Նրա արվեստի այդ շերտը գրեթե ուսումնասիրված չէ կամ քիչ է ներկայացվել նախկին ցուցադրություններում»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը` հավելելով, որ սա «Միջթանգարանային համագործակցություն» ծրագրի շրջանակում թվով 6-րդ ցուցադրությունն է.«Այն հնարավոր դարձավ Հայաստանի ազգային պատկերասրահի եւ դրա մասնաճյուղ հանդիսացող «Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» արվեստանոց-թանգարանի հետ համագործակցությամբ»:

Արմեն Եսայանցը


Եսայանցի խոսքով՝ 1930-ականների երկրորդ կեսից մինչ 1950-ականների վերջ Գեւորգ Գրիգորյանը համեմատաբար քիչ է ստեղծագործել: Նա երկար տարիներ հեռացված էր Վրաստանի նկարիչների միությունից` խիստ պիտակավորումներ ստանալով իր դրամատիկ աշխատանքների համար, որոնք «սոցիալիստական բնույթի չէին», «լավատեսական չէին» եւ «չէին համապատասխանում հեղափոխության ոգուն»: Այդ ընթացքում նկարիչը ծանր դեպրեսիայի միջով է անցել՝ կրակի մեջ ոչնչացնելով բազմաթիվ աշխատանքներ: Զարմանալի չէ, որ ցուցադրությանը ներկայացված նկարների մեծ մասը թվագրվում է 1957թ.-ից հետո ընկած ժամանակաշրջանով:

Արվեստագետի այս բեղմնավոր ստեղծագործական փուլը համընկնում է 1962 թ.-ին նրա եւ կնոջ՝ Դիանա Ուկլեբա-Գրիգորյանի՝ Երեւան տեղափոխվելու հետ: Դիանան եղել է Ջոտտոյի ամենամեծ մուսան ու աջակիցը: Երբ նրան հեռացրել են Նկարիչների միությունից, եւ նա գրեթե գումար չի վաստակել, Դիանայի շնորհիվ են ապրել, ով նկարում ու վաճառում էր իր աշխատանքները, ում բանաստեղծությունները տպագրվում էին... Լիրիկական ու ռոմանտիկ բանաստեղծություններ՝ բոլորը նվիրված Ջոտտոյին:

«Նա մեծ նկարիչ է, շատ մեծ: Ես էլ եմ նկարել, շատ նկարիչների հետ ծանոթ եմ, գիտեմ նրանց նկարները, բայց Ջոտտոն ուրիշ է, նման չէ մյուսներին: Երբ առաջին անգամ տեսա նրա նկարները, զարմանքից ապշեցի. որտեղի՞ց է գտնում այդ երանգները, կարծես մութ գույներ են, բայց այնքան պայծառ, տեսանելի: Եվ առաջին անգամ ասացի՝ «Ոչ ոք այդպես չի կարող, միայն նա»: Զգացի, որ չեմ կարող բաժանվել այդ նկարներից, նրա ստեղծողից... Եվ այդպես վաթսուն տարի, այդպես, քանի դեռ կյանք ունեմ»,- իր հուշերում գրել է Դիանան:

Գեւորգ Գրիգորյան ՋՈՏՏՈ» ցուցադրությունը` Գաֆեսճյանում


1960-ականների որոշ ազատությունը, նշանավոր մարդկանց հոդվածները, 1965-1966 թվականների երեւանյան, մոսկովյան անհատական ցուցահանդեսները ոգեւորեցին հայ նկարչին: Նրա թիկունքին արդեն կանգնած էին տարբեր բնագավառների լավագույն մասնագետները: Ջոտտոյի արվեստանոց-թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյանը մեզ հետ զրույցում ընդգծեց` այս ցուցահանդեսում ներկայացված նրա ազատ թղթերը Հայաստանի ազգային պատկերասրահում պահպանվածի մի փոքր մասն են ընդամենը` սառցալեռի երեւացող հատվածը:

Հավելենք, որ ցուցադրությունը գործելու է մինչեւ 2018 թվականի փետրվարի 25-ը: Մուտքն անվճար է:

Տեքստը` Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին