×


«Ռեւիզոր»-ի պրեմիերայի հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

Հայաստանի բազմաթիվ թատրոններում բեմադրված Գոգոլի «Ռեւիզորն» այլեւս ընդգրկված է նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկում: Առաջնախաղին ներկա է եղել BRAVO.am-ը, հետեւել 2 գործողությամբ կատակերգության ընթացքին, լուսանկարել հետաքրքիր պահերն ու հանդիսատեսին:

Յուրաքանչյուր պրեմիերայից առաջ կարծես ավանդույթ է դարձել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը պետք է ներկայացնի մանրամասները, ողջունի հյուրերին եւ բարի դիտում ցանկանա: Այս մեկն էլ բացառություն չէր:

«Ռեւիզոր» ներկայացման պրեմիերային


Ըստ նրա՝ շուրջ 200 տարի առաջ գրված այս գործն այժմ էլ արդիական է. «Տպավորություն է` մեր մասին է: Պիեսն իսկապես վախենալու է, եւ պիտի ասեմ, որ ի պատիվ ռեժիսորի՝ ներկայացումն էլ իրոք վախենալու է ստացվել. շատ մարդկանց ես տեսնում, շատերին ես հիշում, մի խոսքով` ժամանակակից պիեսի փնտրտուքն այս պիեսի բեմադրությամբ արդարացնում ենք: Ուզում եմ՝ այնպես ապրենք, որ վերջում չասեն՝ «Ո՞ւմ վրա եք ծիծաղում»: Իմ կարծիքով՝ արդեն բավական է ինքներս մեզ վրա ծիծաղելը»: Երվանդ Ղազանչյանը նաեւ նշել է, որ դահլիճում է իրենց վաղեմի բարեկամ, վրացի հանրահայտ ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան:

Պիեսի սյուժեն որքան պարզ է, այնքան էլ իր ներքին շերտերն ունի: Քաղաքում լուր է տարածվում, որ մայրաքաղաքից ռեւիզոր է գալու: Քաղաքապետի գլխավորությամբ բոլոր պաշտոնյանները խառնվում են իրար, որպեսզի ելք գտնեն եւ չբացահայտվեն: Ըստ սյուժեի` նրանք որպես ռեւիզոր են ընդունում մի երիտասարդի, ով պարզապես ճիշտ պահին հայտնվում է ճիշտ տեղում: Ներկայացումն ուղեկցվում է ոչ միայն հումորային բազմաշերտ խոսքերով եւ դրվագներով, այլեւ կենդանի երաժշտական կատարումներով:

«Ռեւիզոր» ներկայացման պրեմիերային


Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը, ով նաեւ ներկայացման բեմական եւ երաժշտական ձեւավորողն է, պիեսը բավական կրճատելուց բացի, դարձրել է ժամանակակից: Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ փորձերը մոտ երկու ամիս են տեւել, իսկ դերասանական կազմին միանգամից է ընտրել.«Վաղուց եմ ցանկացել բեմադրել այս գործը, ամեն անգամ ինչ-որ պատճառով չի ստացվել: Եվ երբ թատրոնից առաջարկ ստացա, շատ ուրախացա, եւ մեծ սիրով սկսեցինք աշխատել»:

Քաղաքապետի դերում Ավո Խալաթյանն է, որպես ռեւիզոր` գլխավոր դերում հանդես է գալիս երիտասարդ դերասան, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանող Հարութ Մելիք-Բեկյանը: Ներկայացման մեջ խաղում են նաեւ Անի Քոչարյանը, Մարիամ Ղազանչյանը, Բորիս Պեպանյանը, Արթուր Կարապետյանը, Աշոտ Հակոբյանը, Վարդան Կուղիանոսյանը եւ Արթուր Գեղամյանը:

«Ռեւիզոր» ներկայացման պրեմիերային


Թե ինչպես է գլխավոր դերը վստահել երիտասարդ դերասանի եւ գոհ է արդյոք առաջնախաղից, Հակոբ Ղազանչյանն ասել է.«Հարութին տեսել էի իրենց նախորդ տարվա քննությանը, եւ նա տպավորել էր: Երբ մտածում էի՝ այս դերն ում տալ, հիշեցի նրան: Առաջին փորձերին վախենում էի, քանի որ շատ քաշված էր, բայց ժամանակի ընթացքում ամեն բան ստացվեց: Անկեղծ, այսօրվա ներկայացումից բան չեմ հասկացել, քանի որ կուլիսներից եմ հետեւել ընթացքին»:

Նշենք, որ պրեմիերային ներկա էին դերասաններ տարբեր թատրոններից` Լուսինե Երնջակյանն ամուսնու՝ Արշո Հարությունյանի հետ, Լեւս Դավթյանը, Կարապետ Բալյանը, Անդրանիկ Զաքարյանը, Նորա Գրիգորյանն ամուսնու՝ Էրվին Ամիրյանի հետ, Նարինե Ալեքսանյանը, Հասմիկ Վերդյանը, Սաթիկ Հախնազարյանը, Նազիկ Բաղդասարյանը, երգչուհի Նունե Եսայանը եւ այլք:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport