×


Ռոբերտո Կել Տորեսի «Արմենիա» երգն ու Հայաստանում տուն գնելու ցանկությունը :)

Ռոբերտո Կել Տորեսը երեկ Երեւանում իր հույզերն ու սերը կրկին փոխանցեց բեմից։ «Նոր ալիք-2013» միջազգային մրցույթի հաղթող կուբացի երգչի մենահամերգը «Մեցցո» ակումբում էր, նրա հետ բեմում էին «Կամարադաս» բենդի հայ երաժիշտներն ու բեք-վոկալիստները։

Ռոբերտո Կել Տորեսը


Համերգից րոպեներ առաջ BRAVO.am-ը ետնաբեմում հետեւում էր երգչին, ով փոքր-ինչ հուզված էր.«Ուզում եմ՝ իմանաք, որ համերգներից առաջ միշտ մտածում եմ իմ ամենասիրելի մարդկանց մասին, հիշում եմ իմ անցած բոլոր դժվարությունները, երբեք չեմ մոռանում, որ պիտի շատ աշխատեմ։ Այս համերգն ինձ համար առանձնահատուկ է, ուզում եմ` հիմա բոլորս միասին աշխատենք ու վայելենք, ինչպես կանենք առաջին ու վերջին անգամ, որովհետեւ չգիտենք՝ կյանքը մեզ ուր կտանի»,-այս խոսքերով Ռոբերտոն երաժիշտներին ճանապարհեց բեմ, իսկ ինքն առաջին երաժշտական համարի ընթացքում միայնակ նստած էր ետնաբեմում ` կենտրոնանալով իր ելույթի վրա:

Հանդիսականները բարձր ծափերով դիմավորեցին երգչին, նա էլ, հայերեն ողջունելով, անակնկալ խոստացավ։ Լատինական տաք ռիթմեր, փոփից մինչեւ դասական հայտնի երգեր, հեղինակային նոր ստեղծագործություններ… Ռոբերտոն շփվում էր ռուսերենով ու անգլերենով, երբեմն էլ հայերեն բառեր գործածում։
Յուրահատուկ արտիստիզմով երգիչը երգում էր, լուսանկարվում ու պարում՝ փոխանցելով իր զգացմունքները եւ կրկնակին ստանալով երկրպագուներից։

Ռոբերտո Կել Տորեսի երեւանյան համերգին


Երեւանյան վերջին այցի ժամանակ նա խոստացել էր հայերեն երգել, իր խոստումը չմոռանալով` կատարեց ոչ միայն «Ով սիրուն, սիրուն» երգը, այլեւ բոլորովին նոր «Արմենիա» ստեղծագործությունը.«Հատուկ այսօր երգում եմ Հայաստանի մասին, որովհետեւ այստեղ օդում կարող եմ սեր շնչել։ Ձեր ժողովուրդը ոսկու ու արծաթի կարիք չունի, որովհետեւ ձեր հոգին ավելի հարուստ է, ինչպես ձեր լեռները։ Հայաստան, ես երգում եմ քեզ համար»։

Կուբայի ազգային օպերայում որպես օպերային երգիչ իր կարիերան սկսած արտիստը պարբերաբար սեր էր խոստովանում հայերին, իսկ համերգային վերջին հատվածում երգելու ընթացքում կոնյակ «պահանջեց»՝ շեշտելով` «Արարատ» կոնյակ. «Երբ առաջին անգամ Հայաստան եկա, զարմացա, որ ինձ ճանաչում են, հետո շփվեցի ու հասկացա, որ հայերը տարբերվում են մեծ սրտով: Հնարավոր է` Հայաստանում տուն գնեմ:)։ Արդեն հայ ընկերներ ունեմ, բայց ուզում եմ շատերի հետ ընկերանալ։ Հայաստանին ցանկանում եմ խաղաղություն, իսկ հայերին առողջություն եւ երջանկություն, նաեւ ցանկանում եմ, որ ինձ ավելի ու ավելի շատ սիրեն»։

Ռոբերտո Կել Տորեսը


BRAVO.am-ի հետ զրույցում էլ Ռոբերտո Կել Տորեսը նշեց, որ շրջագայելիս կարեւորում է երկրի հյուրընկալությունն ու իր երաժշտության հանդեպ հետաքրքրությունը.«Հայերի ջերմ վերաբերմունքն ու սերն ինձ ստիպում են նորից ու նորից վերադառնալ։ Նկատել եմ, որ հայ հանդիսատեսը սիրում է ոչ միայն պարել, այլեւ ունկնդրել երաժշտությունը, ինչն ինձ շատ դուր է գալիս։ Ինչպես հասկացել եմ, ավելի շատ սիրում են ռոմանտիկ, հուզական երգեր, ինքս էլ փոքր տարիքում մանկական երգեր կատարելու փոխարեն նախընտրում էի ռոմանտիկ երգերը»։

Համերգի եզրափակիչ հատվածում երգիչը նախատեսվածից ավելի շատ երգեր կատարեց ներկաների բուռն ծափերի ներքո եւ երեկոն ավարտեց` երկրորդ անգամ կատարելով «Արմենիա» երգը։ Ի դեպ, երգիչն անակնկալ ունի, որի մասին BRAVO.am-ը շուտով կպատմի։ 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW