«Որոգայթ» գեղարվեստական ֆիլմից հետո ռեժիսոր Ռոման Մուշեղյանը «Շանթ» հեռուստաընկերությունից առաջարկ է ստացել նկարահանել բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմ, որը կոչվում է «Սահմանին»: Այս նախագիծը, որը ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը, եթերում կլինի նոյեմբերից:
«Սահմանին» բազմասերիանոց ֆիլմը կցուցադրվի նոյեմբերից
BRAVO.am-ի հետ զրույցում ռեժիսորն ասել է, որ նման ֆիլմ նկարահանելու գաղափար վաղուց ուներ եւ առաջարկը սիրով է ընդունել, սցենարը գրել է Հարություն Ղուկասյանն, իսկ նկարահանումները սկսել են սեպտեմբերին.«Գրեթե ամեն օր անդադար աշխատում ենք` հիմնականում նկարահանումներ իրականացնելով անտառապատ տարածքներում, լեռնային գոտիներում, խրամատներում ու զորամասերում»:
Ռոմանի խոսքով` ֆիլմը նկարահանվում է Պաշտպանության նախարարության աջակցությամբ, ունեն հատուկ խորհրդատու.«Մեր թիմը շատ մեծ չէ, բայց կարողանում ենք ճիշտ եւ պրոֆեսիոնալ կազմակերպել ամեն բան: 20 ժամանոց նկարահանումներ ենք ունենում` աշխատելով նույնիսկ գիշերը, բայց բոլորն էլ իրենց գործն անում են առանց տրտնջալու, մեծ պատրաստակամությամբ ու էնտուզիազմով: Մեծ բավականություն ենք ստանում ընթացքից, չենք մոռանում, որ հայերանսիրական նախագիծ է. շատ նուրբ թեմայի ենք անդրադառնում, պատասխանատվությունը մեծ է, կարծես, մի ջոկատ էլ մենք լինենք»:
Ֆիլմի առաջին 12 սերիան հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտել մինչ դեկտեմբեր, իսկ հաջորդ տարի կնկարահանվի եւ կցուցադրվի երկրորդ մասը: Դերասանական կազմում են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Ռոզի Ավետիսովան, Սարգիս Գրիգորյանը, Սուրեն Թումասյանը, Ռուդոլֆ Ղեւոնդյանը, Գնել Ուլիխանյանը, Գարիկ Չեպչյանը, Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Աֆրիկյանը, Էդգար Իգիթյանը, Արմեն Սողոյանը, Արտակ Այվազյանը, Արմեն Սարգսյանը, Բենիամին Ավետիսյանը, Հայկ Մանուկյանը, Նարեկ Աղաբաբյանը, Կարեն Հովհաննիսյանը, Իննա Խոջամիրյանը, Գուրգեն Անտոնյանը, Նոնա Տելոյանը եւ այլք։
Ռոզի Ավետիսովան` «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Ռոզի Ավետիսովա. «Նկարահանման ընթացքում մի անգամ ընկել եմ»
Մարմնավորում եմ հատուկ ջոկատի դիպուկահար Լիլիթին: Բարդ նկարահանումներ ենք ունենում, ժամանակի սղության պատճառով նախնական պատրաստվածություն չենք անցել, բայց ֆիզիկական տվյալներս առայժմ բավարարում են: Անհաղթահարելի հանձնարարություններ դեռ չեն եղել, բայց մի անգամ ընկել եմ ու թեթեւ վնասվածք ստացել:
Էքստրեմալ պայմաններում են անցնում մեր նկարահնումները` խրամատներ, անհաղթահարելի թվացող վայրեր, անտառներ, լեռներ: Տղաները, որոնց հետ նկարահանվում եմ ու նրանց հավասար անում բոլոր առաջադրանքները, ինձ շատ են օգնում, հոգատար են:
Լիլիթը շատ է տարբերվում իմ տնային, բազմոցային կերպարներից: Հենց դա էլ ինձ գրավել է այս գայթակղիչ առաջարկն ընդունելիս: Աղջիկ դիպուկահարները շատ չեն, ինձ պարզապես բախտ է վիճակվել խաղալ այս դերը: Հուսամ` հեռուստադիտողը կսիրի: Լիլիթը նաեւ իր անձնական կյանքն ունի:
Գնել Ուլիխանյանը` «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Գնել Ուլիխանյան.«Կերպարս սիրահարված է գլխավոր հերոսուհուն»
Մարմնավորում եմ կապիտանի, ով զինվորների հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, բայց միաժամանակ խիստ է: Նա ունի նաեւ անձնական կյանք` սիրահարված է գլխավոր հերոսուհուն: Նկարահանումներն անցնում են հաճելի մթնոլորտում ու Հայաստանի ամենագեղեցիկ վայրերում: Մնացածը կտեսնենք եթերում:
Դավիթ Աֆրիկյան.«Մեր մայրերը կարող են հանգիստ քնել»
Մարմնավորում եմ գլխավոր հերոսներից Կարենին: Ֆիլմի սյուժեն, նկարահանումներն ու մոտեցումն ինձ համար պրոֆեսիոնալ մակարդակի վրա են: Շատ ճիշտ թեմա է ընտրվել, քանի որ բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում այս օրերին առաջնագծում: Նկարահանումները բարդ են, միեւնույն ժամանակ` հետաքրքիր ու հաճելի: Եղել է պահ, որ մեզ թվացել է` անհնար է ոտքով բարձրանալ տվյալ լեռը, բայց ստացվել է: Բարձրությունը, արագությունը, վտանգավոր փորձություններն իմ տարերքն են, եւ այս ֆիլմը հարուստ է նման տեսարաններով:
«Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Երբ հագնում եմ հատուկ նշանակության զինվորական համազգեստը, կարծես, ինչ-որ բան է փոխվում իմ մեջ, որը բառերով չեմ կարող նկարագրել. քայլերս, շարժումներս, ոգիս փոխվում է:
Նկարահանվելու առաջարկը ընդունեցի, քանի որ տեսա ազգանվեր աշխատանք: Հեռուստադիտողն էլ կտեսնի սահմանին կանգնած եւ օրուգիշեր թշնամու դեմ մարտնչող ու չպարտվող հայի տեսակը: Այս նախագիծը մեր ապագա զինվորներին եւս մարտական ոգով կզինի, իսկ մեր մայրերը կարող են հանգիստ քնել` տեսնելով, թե ինչպիսի զինվորներ են կանգնած սահմանում:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` «Շանթի»
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: