Ռոզի Ավետիսովան գեղեցիկ նոր ֆոտոշարք ունի, որն իրականացրել է BRAVO.am-ը: Հետաքրքիր եւ բովանդակալից է ստացվել նաեւ դերասանուհու հետ զրույցը. Ռոզին անկեղծորեն պատասխանել է մեր բազմաբնույթ հարցերին` կապված կարիերայի, նախասիրությունների, թուլությունների, նպատակների եւ անձնական կյանքի հետ:
Ռոզի Ավետիսովան
Ինչու Ավետիսովա
Պապիկս ծնվել է Ռուսաստանում` Մայկոպում, իսկ այնտեղ ազգանունների վերջավորությունները փոխում էին: Ավետիսյանը դարձել է Ավետիսովա: Միայն պապիկիս ընտանիքն է այս ազգանունը կրում, նրա եղբայրներն Ավետիսյաններ են, որովհետեւ Հայաստանում են ծնվել:
Ազգանվանս պատճառով մեկ-մեկ վատ ինտոնացիայով հարցնում են` «բաքվեցի՞ եք», ես էլ պատասխանում եմ, որ Թբիլիսիից ենք եկել: Շատերը մտածում են` անվանս հետ փոխել եմ նաեւ ազգանունս, բայց միայն անձնագրային Ռուզաննան է դարձել Ռոզի: Դա իմ բեմական անունն է, թեեւ ընկերներս էլ հենց այդպես են դիմում:
Մասնագիտական ուղի
Դերասանուհի դառնալը մանկության երազանք է, նպատակ եւ որոշում, որը միաձայն ընդունվել է: Իդեալներ չեմ ունեցել, ոչ էլ մտածել եմ հայտնի դառնալու մասին, պարզապես ցանկացել եմ խաղալ:
Ավելի հեշտ էի պատկերացնում այս ոլորտում հայտնվելը: Միշտ էլ այդպես է` երբ մի բան երեւակայում ես, թվում է` շատ հեշտ է, բայց երբ անցնում ես այդ ճանապարհը, հասկանում ես, որ այնքան բաներ կան, որոնք պետք է սովորես: Սկզբում սովորում ես ինստիտուտում, հետո` ֆիլմում, թատրոնում, այսինքն` սա մի մասնագիտություն է, երբ սովորելը երբեք չի ավարտվում, մինչեւ կմահանաս կամ այլեւս չես խաղա:
Ռոզի Ավետիսովան
«Անիծում էի ամբողջ աշխարհը եւ ինձ»
Դերասանուհի դառնալու ճանապարհին հիասթափություն չեմ ապրել, բայց վախ եմ ունեցել առաջին ներկայացումից առաջ: 2-րդ կուրսում էի, Դավիթ Սեխպեյանը բեմադրել էր Մոլիերի «Միզանտրոպ» ներկայացումը, մարմնավորում էի գլխավոր հերոսուհուն` Սելիմենային, եւ պրեմիերայի օրը` բեմ դուրս գալուց հինգ րոպե առաջ, փոշմանում եմ. անիծում էի ամբողջ աշխարհը եւ ինձ, թե ինչու եմ ընտրել այս մասնագիտությունը եւ այլն: Աննկարագրելի վախ ունեի, մտածում էի` այդքան մարդ ինձ նայի, կմեռնեմ, բայց տագնապն անցավ բեմ դուրս գալուց 2,5 րոպե անց: Երբ Դավթին ասացի, թե հրաժարվում եմ բեմ բարձրանալ, նա շատ չոր պատասխանեց` «գնա բեմ, նստիր, վարագույրը բացվում է, ու պիտի խաղաս»: Ու այդպես է, եթե ընտրել ես այս ոլորտը, ուրեմն պետք է խաղաս, ինչ դժվարությունների էլ հանդիպես: Սա մասնագիտություն չէ, այլ ապրելակերպ, այստեղ որեւէ արդարացում չես կարող գտնել, սա ինստիտուտ չէ, որ վատ զգաս եւ դասի չգնաս:
«Տան գործ չարած աղջիկը գնաց խրամատ:)»
«Սահմանին» բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկն ընդունելիս ինձ համար ամենագայթակղիչն այն էր, որ զենքով եմ լինելու: Մամաս այդ ֆիլմից հետո ասում էր` «էլի զենքերով ես խաղում ու տղաների հետ, ոչ մի բան չի փոխվել քո կյանքում». մանկությանս տարիներին սիրում էի զենքերով խաղալ:
Ռոզի Ավետիսովան
Հայրենասեր, ուժեղ կնոջ կերպարը եւս ինձ գրավեց: Չնայած դժվարություններին, հաղթահարում էի բոլոր իրավիճակները, քանի որ տեսակով այդպիսին եմ` ինձ համար անհաղթահարելի բաներ չկան, եթե մի բան ուզում եմ անել, «չեմ կարող» չեմ ասում: Տան գործ չարած, փափուկ մեծացած աղջիկ էի, ով գնաց խրամատ:): Առաջին, թե երկրորդ նկարահանման օրը մի լավ ընկել եմ, կապտուկներ եմ ստացել, բայց ամեն ինչ անցյալում է:
Այս նախագիծն ու Լիլիթի կերպարն ինձ ավելի հայրենասեր են դարձրել: Լիլիթը պինդ, սառը եւ ուժեղ տեսակ էր: Կերպարիս հետ զուգահեռներ տանելով` մտածում էի` արդյոք կընտրեի նրա կյանքը, կարծում եմ` ոչ: Միջիս կինն ու հարմարավետություն սիրելն ավելի են հաղթում այս հարցում: Գուցե անհրաժեշտության դեպքում գնամ առաջնագիծ, բայց որպես կամավոր, չէի գնա: Լիլիթը գնաց, իսկ ինձ նման հուզական մարդուն պետք էր մի քանի հատկանիշ քաղել նրանից` չլինել շատ էմոցիոնալ, լինել բանական էքստրեմալ պայմաններում, տղամարդկանց հետ հարաբերություններում եւ, առհասարակ, կյանքում:
Այսուհետեւ` նաեւ հաղորդավարուհի
Դժվարությամբ ու երկար մտորումներից հետո համաձայնեցի հաղորդում վարել: Սա իմ առաջին փորձն է: Ինձ չէի պատկերացնում այս ոլորտում, այն էլ` մարզական հաղորդման շրջանակներում, բայց դա էլ հենց գայթակղիչ էր, ուզում էի հայտնվել այնտեղ, որտեղ ինձ չեմ տեսնում: Հ2-ով շաբաթ եւ կիրակի առավոտյան իմ գործընկեր Քրիստինա Քեշիշյանի հետ հեռուստադիտողներին օգնում ենք մարզվել եւ ունենալ գեղեցիկ մարմին: Եթերում նաեւ հայտնի հյուրեր են լինում, ովքեր եւս մարզվում են մեզ հետ:
Ռոզի Ավետիսովան
«Հոգնեցի գիշերային կյանքից»
Շուրջ կես տարի է` փաբում չեմ աշխատում, թեեւ սիրում էի այդ աշխատանքը, ստեղծագործական բան կար: Սկզբում մատուցողուհի էի, հետո ինձ գրավեց բարմենի աշխատանքը, սկսեցի սովորել ու ինչ-որ չափով հաջողվեց: Հետո մի քիչ հոգնեցի գիշերային կյանքից, նաեւ առաջարկներ ունեի ֆիլմերից: Գիշերը չքնելը շատ վատ է անդրադառնում կնոջ առողջության վրա` շուտ ծերանալ, իմունիտետի կորուստ եւ այլն: Գուցե որոշ ժամանակ անց, եթե ցանկություն ունենամ, նախագծերում զբաղված չլինեմ, կրկին կաշխատեմ փաբում, եւ ոչ միայն ֆինանսական խնդիրների պատճառով, որը բոլորս ունենք, այլեւ չեմ կարողանում պարապ մնալ, արթնանալ ու հասկանալ, որ անգործ եմ: Իսկ մեր աշխատանքն այնպես է, որ ամեն ինչ միանգամից լցվում է իրար գլխի, հետո կարող է ամիսներով անգործ մնանք: Եթե չունես աշխատանք, չունես եկամուտ եւ անելիք, ինչքա՞ն կարող ես գիրք կարդալ:
Հայտնիության հետեւանքներ
Իմ մասնագիտության մեջ ամենաշատը չեմ սիրում հայտնիության փաստը: Ինձ թվում է` ցանկացած մարդու համար էլ բարդ է անընդհատ ուշադրության կենտրոնում լինելը: Ամենուր քո անդորրը խանգարվում է, հոգեբանորեն շատ բարդ հաղթահարելի երեւույթ է: Շատերին գիտեմ, որ հայտնի դառնալուց հետո սկսել են իրենց ոչ ադեկվատ պահել, իհարկե, չեմ կարող մեղադրել, շատ դժվար է հավասարակշռությունը պահել, բայց դրա վրա էլ պետք է աշխատել, ինչպես քո մասնագիտության վրա ես աշխատում: Բայց ասեմ, այդպիսին են դառնում այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ չեն եւ պատահական են ֆիլմում նկարվել կամ հայտնի դարձել: Այն մարդիկ են, ովքեր ուզում են «ծելեվիզրի» մեջ երեւալ, մյուսների հետ նման բան չի լինում:
Ռոզի Ավետիսովան
«Սիրում եմ անկողնուս մեջ շուռումուռ գալ»
Շատ ալարկոտ եմ: Օրեր են լինում, արթնանում եմ ու ոչինչ չեմ անում. մի վեց ժամ գիշերանոցով անկողնում եմ լինում, հեռուստացույցի ալիքներն եմ փոխում, ֆիլմ եմ դիտում, սուրճ խմում, հաց ուտում: Մի քիչ շատ անկողնային մարդ եմ, սիրում եմ քնել, անկողնուս մեջ շուռումուռ գալ: Ու դրա հետ մեկտեղ, եթե արթնացա, պետք է քայլեմ, շարժվեմ ու շատ ակտիվ լինեմ: Բայց տանը ակտիվություն չունեմ, բոլոր գործերը մաման է անում, փոքր երեխայի նման ինձ խնամում է: Եթե նկարահանում չունեմ, կամ ֆիլմ եմ նայում, կամ կարդում եմ, կամ էլ ընկերներիս եմ հանդիպում:
«Աղջկական բաներն ինձ համար չեն»
Փխրուն, աղջկական բաներն ինձ չեն գրավում: Չնայած, մի քիչ աղջկական բաներ ունեմ` սիրում եմ շոփինգ անել, դա իմ ուրախությունն է, սթրեսից դուրս գալու լավագույն միջոցը, բայց ինձ համար չէ աղջիկներով հավաքվելն ու ժամերով մազերից ու դիմահարդարումից խոսելը: Ատում եմ դիմահարդարվելը, առօրյայում աշխատում եմ մաքսիմալ բնական լինել, այդպես ինձ ավելի գեղեցիկ ու հարմարավետ եմ զգում: Զգեստներ էլ քիչ եմ հագնում, հարմարավետ չէ, բայց երբեմն պատահում է: Սիրում եմ սպորտային հագուկապ, քանի որ անընդհատ քայլում եմ, տեղից տեղ եմ շտապում: Արտաքինիս հետ արվող հաճախակի փոփոխություններն էլ պայմանավորված են ամեն ինչից շուտ հոգնելով:
Ռոզի Ավետիսովան
«Ով ինչ ուզում, անում է»
Վատ է, որ ամեն մեկն իր աշխատանքը չի անում: Դերասանուհին պետք է խաղա, երգչուհին` երգի եւ այլն: Եթե սա բաժակ է, այն չի կարող օգտագործվել որպես մոխրաման կամ ծաղկաման, որովհետեւ երկուսն էլ կան: Երբ խառնում ես, կատավում է այն, ինչ այսօր ունենք հեռուստատեսությունում, ֆիլմերում: Շատ քիչ դեպքեր եմ հիշում, որ մարդը, դերասան չլինելով, կարող է շշմելու ձեւով խաղալ, բայց այսօրվա խառնաշփոթի մեջ ով ինչ ուզում, անում է:
«Մի քիչ վախենում եմ, բայց գուցե վարեմ»
Երազանքներս շատ են, չեմ ուզում բարձրաձայնել, որ իրականանան: Իմ դեպքում 90 տոկոսը նպատակներ են, որոնք կապված են կարիերայի հետ: Եթե մասնագիտականը լինի, ֆինանսն էլ կլինի, նաեւ շարունակությունը` ամեն ինչ փոխկապակցված է: Կուզեմ`առողջ աշխատանքային ընթացք լինի պրոֆեսիոնալ մարդկանց հետ, բայց այսօր չունենք ոչ պրոֆեսիոնալ կինո, ոչ էլ` թատրոն: Մեր թատրոնը հին է, իսկ կինոն դեռ չոչ է անում: Ինչքան միջավայրդ պրոֆեսիոնալ է, այնքան այդպիսին ես դառնում ինքդ, իսկ եթե քեզնից չեն պահանջում, դու չես կարող աճել ու մնալու ես նույնը:
Նպատակ ունեմ լավ ավտոմեքենա եւ ծովափին տուն ունենալ, ինչու ոչ, ուղղաթիռ վարել: Մի քիչ վախենում եմ, բայց սիրում եմ ինքս ինձ զարմացնել իմ ցանկություններով, գուցե վարեմ:
«Հեռացա, այրեցի բոլոր կամուրջները»
Մենք նշանադրվեցինք, բայց չհասանք խորանին, քանի որ չցանկացա ամուսնանալ այդ մարդու հետ: Մենք անհամատեղելի զույգ էինք, գուցե շտապել էինք նաեւ նշանադրության հարցում: Միասին փաբ էինք բացել, աշխատում էինք… Եթե մարդիկ համատեղելի են, ամեն ինչ նպաստում է դրան, նույնիսկ միասին աշխատանքը, իսկ եթե ոչ, ամենալավ բաները նույնիսկ կարող են խանգարել: Սերը ոնց գալիս է, այնպես էլ գնում է, ցանկացած զույգի դեպքում է այդպես, բայց այն ընթացքում վերափոխվում է ուրիշ զգացմունքի, իսկ մեզ մոտ ոչինչ չկար: Հեռացա, այրեցի բոլոր կամուրջները, այդպես ավելի ճիշտ է:
Մեկ տարուց ավելի է` բաժանված ենք: Այս շրջանում բուռն աշխատաքի մեջ էի, ինչն էլ ինձ օգնեց հեշտ հաղթահարել ամեն բան: Իհարկե, սթրեսային պահեր եղել են, բայց ոչ բաժանման կամ զգացմունքի համար, այլ այն խնդիրների պատճառով, որոնք հետո առաջացան: Նա իմ կյանքում շատ խնդիրներ էր թողել, որոնք ես կարողացա լուծել:
Ռոզի Ավետիսովան
«Հարմարավետ կարող է լինել կահույքը, բայց ոչ ամուսինը»
Հիմա սիրտս դատարկ է ու չեմ էլ ուզում, որ լցվի: Չգիտեմ` ինչու չեմ ուզում, բայց եթե ճակատագրով ինչ-որ բան նախատեսված է, կլինի: Այն, ինչ մարդու զգացմունքներին է վերաբերում, չի կարելի պլանավորել: Մի բան հաստատ է, ինձ համար հարմարավետ կարող է լինել հագուստը, տան կահույքը, բայց ոչ ամուսինը:
Մամա լինելու մասին ցանկացած կին մտածում ու երազում է: Դա ամենասիրուն ու կարեւոր առաքելությունն է, բայց դրա համար պետք է պայմաններ լինեն` ընտանիք ու սեր, որտեղ պետք է մեծանա առողջ բալիկ: Դրանք ինձ համար փոխկապակցված են:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է Aperitivo Yerevan-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: