×


Ռոզի Ավետիսովա.«Նա ինքնասիրահարված հրեշ է»

Ռոզի Ավետիսովայի խաղին հեռուստադիտողն այս շրջանում հնարավորություն ունի հետեւել «Եթե գտնեմ քեզ» սերիալում: Թե որն էր ռեժիսոր Ելենա Արշակյանի առաջարկն ընդունելու գլխավոր շարժառիթը, ինչու չի ցանկանում երբեւէ հիշել 2016 թվականը, ինչպիսին է իրավիճակն անձնական կյանքում, դերասանուհին պատմել է BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում:

Ռոզի Ավետիսովան


«Չեմ ուզում հիշել այդ ամենը»

2016-ն ինձ համար ծանր տարի էր: Ստեղծագործական, նաեւ անձնական ու մարդկային առումով էր ծանր: Չեմ ուզում խոսել ու կրկին հիշել այդ ամենը: Թող նման տարի այլեւս չունենամ: Բայց վերջին ամիսները բուռն ստեղծագործական եմ համարում: Նոր նախագծերում նկարահանվելու մի քանի առաջարկ ստացա. մեկը 20 մասից բաղկացած ֆիլմ է, որի մասին ավելի ուշ կխոսեմ, իսկ այժմ շարունակում եմ նկարահանվել «Եթե գտնեմ քեզ» սերիալում:

Շունչ քաշելու տարի

Ինձ թվում է՝ 2017-ը շունչ քաշելու, նպատակների հետեւից գնալու, ստեղծագործելու տարի կլինի: Հուսամ՝ տրամադրվածությունս ճիշտ կանդրադառնա եւ նույնությամբ հետ կգա, կորուստներ չեմ ունենա, չենք ունենա:

«Եթե գտնեմ քեզ» սերիալի նկարահանումներին


Զոհի կերպարի փոխարեն

Երբ Ելենա Արշակյանից հրավեր ստացա նկարահանվել սերիալում, համաձայնելու առաջին նախապայմանը եղավ բացասական դերը: Այն, ինչ պատմեցին սցենարից, միանգամից գրավեց. նման դերը շատ սպասված էր ինձ համար, քանի որ նախկինում զոհի կերպարներ եմ ունեցել: Դիանան հարուստ, ինքնասիրահարված հրեշ է, նրա մեջ լավ բան քիչ եմ տեսնում: Չեմ կարող ասել՝ կերպարս հետագայում ինչ զարգացում կունենա, ինչ իրավիճակներ կլինեն, բայց դեռ բացասական է:

«Հասցնում եմ կարոտել…»

Առաջարկներն ընդունելիս կարեւորում եմ նաեւ նախագծի երկարատեւությունը, թեեւ մի շրջան է գալիս, երբ սկսում ես ռոբոտի նման աշխատել, տեսարաններն ու տեքստերը հաճախ կրկնվում են: Կարեւոր է նաեւ, թե ովքեր են խաղընկերներս, ինչ զբաղվածություն եմ ունենալու, եւ նաեւ ֆինանսական հարցերը: Այս դեպքում միջին է զբաղվածությունս, ազատ օրեր եմ ունենում ու հասցնում եմ կարոտել նկարահանումները: Կարծում եմ՝ ամենօրյա նկարահանումներն էլ իրենց վատ կողմերն ունեն. գրասենյակային աշխատանք է դառնում, հոգնում ես, ձանձրանում:

Ռոզի Ավետիսովան


«Ես այն մարդը չեմ, որ…»


Անձնականումս դեռ նորություն չկա. սիրտս ազատ է: Այն, ինչ կատարվում է երկնքում, չես կարող իմանալ: Ես այն մարդը չեմ, որ անձնականս եւս ծրագրեմ, իսկ այ, ստեղծագործական, նյութական շատ բաներ հնարավոր է պլանավորել:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Ռոզի Ավետիսովայի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW