Ռոզի Ավետիսովան դարձել է 28 տարեկան։ Թեեւ դերասանուհին փոքր-ինչ վատառողջ է եղել, բայց մտերիմ ընկերների հետ տոնել է տարեդարձը. “Կեսգիշերին չցանկացա նշել, որ հաջորդ օրվա հետաքրքրությունը չկորչի։ Նախընտրեցի, որ երեկոյան հավաքվենք, բայց հատուկ երեկույթ չէի կազմակերպել, նույնիսկ չեմ լուսանկարվել”։
Ռոզի Ավետիսովան
Նա նշել է, որ ծննդյան օրը հակասական զգացողություններ է ունենում.“Այս տարի առավելապես ուրախ էի, քանի որ այն ընկերներս, որոնք Հայաստանում չեն ապրում, կողքիս էին։ Փչեցի տորթի մոմերն ու երազանք մտապահեցի, չնայած` միշտ եմ երազում ու իմ առջեւ նպատակներ դնում։ Անձնական կյանքս չեմ պլանավորում, իսկ աշխատանքիս մեջ նպատակ եմ դնում, որ ավելի պրոֆեսիոնալ դառնամ եւ ավելի լավ ֆիլմերում նկարահանվեմ”։
BRAVO.am-ի հացին, թե որն է եղել է իր ամենատպավորիչ տարեդարձը, Ռոզին պատասխանել է.“Մանկությանս տարիները համընկան մութուցուրտ տարիների հետ, եւ հիշարժան ծնունդներ չեմ ունեցել։ Մանկությունս քաղցր օրերով չի անցել, բայց տխրությամբ չեմ հիշում”,-ասել է նա` հայտնելով, թե ինչպիսին է պատկերացնում կատարյալ տարեդարձը.“Քանի որ նոյեմբերին եմ ծնվել, Հայաստանում ցուրտ է, կցանկանայի որեւէ տարի ընկերներիս հետ նշել ծովափնյա երկրում՝ լողափին։ Կլինի տաք ամառ, կլինի արեւ, կլինեն լողազգեստներ…”։
Ռոզի Ավետիսովան` «Սահմանին» բազմասերիանոց ֆիլմի նկարահանումներին
Ռոզին այժմ նկարահանվում է “Շանթ” հեռուստաընկերության “Սահմանին” բազմասերիանոց գեղարվեստական ֆիլմում, որը կցուցադրվի դեկտեմբերի 5-ից։ Դերասանուհին մարմնավորում է դիպուկահարի եւ շատ է կարեւորում թեման. “Մեր ընտանիքներում մեծացած զինվորների մասին է, նրանց հերոսությունների մասին, որոնք մտացածին չեն։ Նկարվել եմ այն ոլորտում, որն ինձ բացարձակ անծանոթ էր իր դժվարություններով։ Իմ կերպարն ուժեղ ու մի քիչ սառն աղջիկ է, ամենուր տղամարդկանց հետ է, բայց ոչ պակաս ուժեղ կամք ունի եւ ոչ մի հարցում ընկերներին չի զիջում”։
Նա հայտնել է, որ ի սկզբանե քասթինգին մասնակցել ու ընտրվել է հենց դիպուկահարուհու կերպարի համար.“Նկարահանումները հեշտ ու հարմարավետ պայմաններում չեն անցել. պահանջվում էր գնալ սարեր, անտառներ։ Եղել է, որ երեք օր մնացել ենք այնտեղ, տղաները քնել են վրաններում։ Մարդիկ կտեսնեն մի հերոսուհու, որը նման չէ իմ նախորդ կերպարներին։ Հուսով եմ՝ կսիրվի թե' ֆիլմը, թե' իմ հերոսուհին”։
BRAVO.am
Լուսանկարները` “Շանթ”-ի եւ Ռոզի Ավետիսովայի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: