×


Ռոզի Արմենը՝ ձայնը կորցնելու, ապրումների եւ հայերի շնորհիվ նոր շնչով երգելու մասին

Մայիսի 25-ին հանրահայտ ֆրանսահայ երգչուհի Ռոզի Արմենը ելույթ ունեցավ Երեւանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Լեգենդար երգչուհու անունը վերջերս շատ է հնչեցվում, իսկ ինչու էր երաժշտական ասպարեզից անհետացել մեր հայրենակացուհին, ինչպես վերակենդանացավ իր երաժշտական կարիերան, նա պատմել է BRAVO.am-ի հետ զրույցում:

Ֆրանսիայից հատուկ համերգի համար Երեւան ժամանած երգչուհին անչափ ուրախ է, որ իրեն այստեղ սպասում են եւ հետաքրքրված են իրենով, հայրենակիցների հետ ինքն էլ վերադառնում է երիտասարդության տարիներ՝ հին երգերը հնչեցնելով: «Չցանկացա շատ նոր երգեր հնչեցնել, քանի որ կարծում եմ` այն մարդիկ, ովքեր ինձ ու իմ երգերը գիտեն ու հիշում են, կամ Հայաստանից դուրս են ապրում, կամ արդեն չկան, եւ ուզում էի, որ նոր սերունդները ճանաչեն իմ երգերը, որովհետեւ նրանք գիտեն իմ անունը, բայց այդքան էլ ծանոթ չեն իմ երգերին: Շատ ուրախ եմ, որ այս համերգը եղավ, նաեւ այլ հրավերներ ունեմ, ինչը նշանակում է, որ մարդիկ հետաքրքրված են ինձնով: Մի քանի տարի առաջ որոշել էի այլեւս չերգել, մոտ 10 տարի չէի երգել»,- ասաց նա: Երգչուհին պատմեց, որ երաժշտական գործունեությունը դադարեցրել էր առողջական խնդիրների պատճառով. «2004 թվականին վիրահատվեցի, այլեւս չկարողացա երգել, ձայնս լրիվ փոխվել էր: Ինքս ինձ ասացի, որ սա իմ կարիերայի վերջն է, բայց շատ ափսոսում եւ տխրում էի, ուղղակի սարսափելի էր ինձ համար»:

Ռոզի Արմենը


«Երաժշտական լռությունը» խախտել է Մոսկվայից հնչած հեռախոսազանգը՝ երգչուհու հայրենակիցներն իրեն չէին մոռացել եւ ցանկանում էին մրցանակ հանձնել Մոսկվայում կազմակերպվող մրցանակաբաշխությանը:

«Շատ-շատ էի զարմացել, ասացի, հրաշալի է, Աստված իմ, բոլորը հիշում են ինձ: Ինձ շատ լավ ընդունեցին: «Լեգենդ» մրցանակին արժանանալը շատ հաճելի էր ինձ համար, բայց չցանկացա երգել, միայն խոսքով հանդես եկա՝ պատրաստ չէի երգելու, քանի որ որոշել էի, որ այլեւս չեմ երգելու: Բայց դրանից հետո կրկին հրավերներ ստացա, այդ թվում՝ Հայաստանից, եւ բազմաթիվ հորդորների շնորհիվ սկսեցի կրկին աշխատել եւ երկու նոր երգ ձայնագրեցի»,- պատմեց երգչուհին:

Ռոզի Արմենը


Արտիստին Հեղափոխության օրերին անընդհատ գրել եւ հայրենիք են կանչել, նա էլ իր մասնակցությունն է ունեցել Հանրապետության հրապարակում երգելով: «Ես այնքան տպավորված էի այն ամենով, ինչ կատարվում էր: Երջանիկ էի իմ հայրենակիցների համար: Ելույթիցս հետո ինձ սկսեցին ասել՝ լավ կլինի, որ համերգ տամ, մարդիկ ցանկանում են ինձ տեսնել, ես էլ ասում էի՝ այո, այո, բայց այդպես էլ չէի կարողանում որոշում կայացնել, մինչեւ համերգի կազմակերպիչն ինձ գրեց եւ ցանկացավ համերգի օրը նշանակել»,-ժպիտով հիշում է նա ու ավելացնում.«20-30 տարեկանում ունեցածս ձայնը չունեմ, բայց աշխատել եւ պարապել եմ համերգից առաջ»:

Ֆրանսահայ երգչուհին իր հետ երաժիշտներ չի բերել, իրեն նվագակցել է Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի գլխավորությամբ: Ասում է՝ նրա հետ համագործակցության փորձ արդեն ուներ եւ վստահ էր, որ լավ կստացվի: «Երվանդ Երզնկյանը հանգիստ ու բարի անձնավորություն է, վստահություն է ներշնչում, ուրախ եմ, որ նորից միասին աշխատեցինք, քանի որ 15-ամյա բացակայությունից հետո ավելի դժվար կլիներ, եթե «լավ շրջապատված» չլինեի»,- նշեց արվեստագետը:

Ռոզի Արմենը


Հայ հանդիսատեսի սերը Ռոզի Արմենին բեմ է վերադարձրել, այժմ տարբեր երկրներից հրավերներ ունի, առաջիկայում հանդես կգա Վրաստանում:

Ռոզի Արմենի իսկական անունը Ռոզի Խուրշուդի Հովհաննիսյան է:

Մեծ եղեռնից հետո՝ 1920-ական թվականներին, նրա ծնողները գաղթել են Փարիզ, որտեղ էլ ծնվել է երգչուհին: Ռոզիի ծնողների ցանկությունն էր, որ դուստրն ընտրեր բժշկի մասնագիտությունը, սակայն 4-ամյա աղջնակը սկսել է երգել եւ հետագայում հայտնի դարձել Ռոզի Արմեն բեմական անվամբ:

Զրուցեց Էլլադա Բարսեղյան-Ղուկասյանը/BRAVO.am-ի թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները՝ համացանցից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport