Ռեժիսոր, անիմատոր, տեսողական էֆեկտների մասնագետ Ռոջեր Կուպելյանը համաշխարհային կինոարտադրությունում հայտնի է «Տիեզերական Ջեմը», «Մատանիների տիրակալը», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Բեթմենը եւ Ռոբինը», «Դա Վինչիի հրեշները», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ բազմաթիվ այլ ֆիլմերում ու հեռուստասերիալներում ստեղծած հեքիաթային աշխարհներով: Կուպելյանն ու նրա թիմն այժմ աշխատում են «Բյուզանդիայից արեւելք. պատերազմի աստվածները եւ պատերազմող սրբերը» վավերագրական էպիկական ֆիլմաշարի ստեղծման վրա, որն էկրաններին կհայտնվի հաջորդ տարի եւ նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյակին:
Ռոջեր Կուպելյանը
Ֆիլմի երաժշտությունը գրել է Սերժ Թանկյանը: Նկարահանումներն իրականացվում են մի շարք երկրներում: Այս օրերին Ռոջեր Կուպելյանն ու իր նկարահանող թիմը Հայաստանում են՝ շարունակելու հունիսին այստեղ մեկնարկած նկարահանումները: Նա պատասխանել է Մեդիամաքսի հարցերին:
- Պարոն Կուպելյան, որքանով տեղյակ եմ, «Բյուզանդիայից արեւելք» վավերագրական էպիկական ֆիլմաշար ստեղծելու գաղափարն ունի ավելի քան 12 տարվա պատմություն: Մոտ մեկ տասնամյակ առաջ սկսելով աշխատել գաղափարի վրա՝ ի՞նչը ստիպեց տարիներ անց վերջապես սկսել հիմնական նկարահանումները:
- Միգուցե տարօրինակ է հնչում, բայց դա ինքնըստինքյան եղավ: Ես չեմ պլանավորել նման ֆիլմաշար պատրաստել: Հասկացա, որ ունեմ գաղափար, որի միջոցով կարող եմ ներկայացնել Հայաստանի մշակույթը եւ պատմությունը, եւ այն, թե ես ինչպես եմ ինքս ինձ նույնացնում դրա հետ:
Ես մեծացել եմ Աֆրիկայում` Սիերա Լեոնեում, եւ, չնայած այն հանգամանքին, որ հայկական մշակույթն ինձ միշտ ուղեկցել է, դրսի աչքերով եմ դրան նայում: Ես կարող եմ այն դիտարկել թե դրսից, թե ներսից: Հայոց պատմության հերոսական էջերը մեծ ազդեցություն են ունեցել իմ` որպես հայ անհատի ձեւավորման վրա, ու եկավ այն պահը, երբ ես օգտագործեցի այդ պատմություններն ինքս ինձ բացահայտելու համար՝ օգնելով հասկանալ իմ ինքնությունը:
Երբ դեռ շատ փոքր էի, հայրս պատմում էր ինձ Հայաստանի պատմության ու մշակույթի մասին: Դա շատ կարեւոր էր, քանի որ, երբ հայը մեծանում է հեռավոր Սիերա Լեոնեում, այնքան էլ հեշտ չէ կապ պահպանել ինքնությանդ ու հայրենիքիդ հետ: Հայաստանի պատմությանը ծանոթանալու կարիք ես իսկապես ունեի, ու եկավ մի պահ, երբ հասկացա, որ հետաքրքրված եմ, եւ միգուցե դա այն պատճառով էր, քանի որ շատ մարդիկ եւս հետաքրքրված էին դրանով: Ինչքան ավելի շատ էի աճում ֆիլմարտադրությունում, այնքան ավելի շատ մարդիկ, որոնց մի մասը նույնիսկ հայեր էլ չէին, ասում էին, որ նման ֆիլմ պատրաստելը հիանալի գաղափար է…
- «Բյուզանդիայից արեւելք» ֆիլմի նախորդ թիզերները դիտելով` շատերն այն սկսեցին նմանեցնել «Գահերի խաղ» (անգլ.՝ Game of Thrones) ամերիկյան հեռուստասերիալին: «Բյուզանդիայից արեւելք»-ը երբեւէ կարո՞ղ է դառնալ հեռուստասերիալ:
- Իհարկե, հնարավոր եմ համարում նման դրամատիկ սերիալ նկարահանելու հնարավորությունը: Օրինակ, Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ թագավորի պատմությունն այնքան բովանդակալից է եւ հետաքրքիր՝ դավանանք, դաժանություն, զգացմունքայնություն... ամեն ինչ կա այնտեղ: Միայն այդ պատմության հիման վրա կարելի է մեկ եթերաշրջան տեւող հեռուստասերիալ նկարահանել:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք այստեղ:
BRAVO.am
Աղբյուրը` Mediamax.am
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: