Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի` արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացրած “Անունս Վիոլա է” հայ-ամերիկյան արտադրության ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 22-ին` Կաննի կինոփառատոնի կինոշուկայի շրջանակում, իսկ երեւանյան պրեմիերան նախատեսված է օգոստոսին կամ սեպտեմբերին:
Ռուբեն Քոչարը եւ Ջանեթ Սպիցերը
Կանն մեկնելուց առաջ` երեկ կինոռեժիսորը BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է, որ մեծ ակնկալիքներ ունի.“Նպատակ ունենք ֆիլմը վաճառել, որ տարածվի տարբեր տարածաշրջաններում”,-ասել է նա ու հավելել, որ այնուհետեւ մեկնելու է Լոնդոն` մասնակցելու ֆիլմի վաճառքի հետ կապված բանակցություններին:
"Անունս Վիոլա է" ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Կաննի փառատոնի կինոշուկայի շրջանակում
“Անունս Վիոլա է” ֆիլմում նկարահանվել են ազգությամբ հայ դերասաններ` ֆրանսահայեր Մաքսանս Կուզուբաշյանը եւ Երո Մուրյանը, Լուսինե Ալեքսանյանը, Միքայել Պողոսյանը, Կարեն Հովհաննիսյանը, Զարուհի Հակոբյանը, արմատներով հայ է նաեւ գլխավոր դերակատարներից մեկը` ամերիկաբնակ Ջանեթ Սպիցերը. “Բոլոր դերասաններն ընտրվել են քասթինգի միջոցով, նախապես նրանց չեմ ճանաչել: Ջանեթին ընտրեցինք Միացյալ Նահանգներում, հետո պարզվեց, որ հայ է: Որքան հնարավոր է` կենտրոնացած էի հայ դերասանների վրա, բայց ոչ միայն Հայաստանի, այլեւ արտերկրի: Տխուր էր, որ հայերեն չէին խոսում ու նկարահանումների ժամանակ իրար հետ անգլերեն էին շփվում”:
Որոնումների արդյունքում նա գտել է գլխավոր դերակատարին` Լուսինե Ալեքսանյանին, որը մոդելավորող-դիզայներ է եւ գլխավոր հերոսուհու դերակատարումը նրա դեբյուտն է գեղարվեստական ֆիլմում.“Նա շատ ազատ ու տաղանդավոր աղջիկ է, մանավանդ տեսնելով իր կողքին սփյուռքից եկած լուրջ դերասանների, հնարավորինս լավ խաղաց: Համոզված եմ` եթե իրեն լավ դրսեւորի, մեր կինոռեժիսորները կանդրադառնան իրեն”:
Լուսինե Ալեքսանյանը
Ֆիլմի բեմադրող օպերատորն է Գեւորգ Գրիգորյանը, կոմպոզիտորը` Էմմա Զարոբյանը, պրոդյուսերները ռեժիսորի կինը` Նարինե Քոչարը եւ Ալֆրեդ Ռոփը. “Նարինեն գործող, իսկ Ալֆրեդը ֆինանսավորող պրոդյուսերն է: Ցավոք, հայ ֆինանսավորող ու ներդրող չգտանք, բայց հայտնվեց ամերիկացի այս մարդը, որ ազգակցական կապ չունի, բայց ֆիլմերի բիզնեսի մեջ է եւ կարծում է, որ այլ երկրներում եւս կհետաքրքրվեն այս ֆիլմով: Նա Լուսինեին հավանեց, ասաց` ինչ լավ դերասանուհի եք գտել, դե, մենք էլ ասացինք, որ շատ խոստումնալից դերասանուհի է:)”:
Ռուբեն Քոչարն ասում է, որ պատրաստ է լսել քննադատություններ ու տարաբնույթ տեսակետներ: Երկու կնոջ պատմությունը էկրան բարձրացրած ռեժիսորը նշում է, որ կանանց հոգեբանությունը հասկանալով է գրել ֆիլմի սցենարը. “Այն կարդացողները, մանավանդ կանայք ուղղակի զարմանում են, որ գրողը տղամարդ է եւ գիտի` կանայք ինչ են մտածում: Կարծում եմ` գիտեմ, թե ինչ է ուզում կինը հարցի պատասխանը, որը ներկայացրել եմ այս ֆիլմի միջոցով”:
"Անունս Վիոլա է" ֆիլմի նկարահանումներին
Համացանցում հայտնված ֆիլմի թրեյլերն արդեն հետաքրքրություն է առաջացրել, ինչը ռեժիսորի համար ուրախալի է, բայց նա նշում է, որ ֆիլմի ասելիքը հանդիսատեսը կհասկանա միայն այն դիտելուց հետո.“Բոլորի առաջին տպավորությունն ու կարծիքները չհամապատասխանեցին ֆիլմի իրական ասելիքին: Բայց ես հասկացա, որ մեր հանդիսատեսը բավական ծարավ է եւ շատ բաներ է ուզում տեսնել էկրանին, ուղղակի մեր երկրում այդպիսի թեմաներով ֆիլմեր չեն նկարում: Շատերը կարծում են` լեսբուհիների մասին է, հասկացա, որ ուզում են նման թեմաներ շոշափվեն, եւ դրա մասին խոսք կա, բայց ֆիլմը գյուղից քաղաք եկած երիտասարդ աղջկա կյանքի, նրա տպավորությունների, զգացմունքների, հայրենիքի մասին է. ներկայացվում է այն ուրիշ իրականությունը, որտեղ ապրում է աղջիկը”, - BRAVO.am-ին պատմել է Ռուբեն Քոչարը:
Գլխավոր դերակատարներ Ջանեթ Սպիցերը եւ Լուսինե Ալեքսանյանը
1 ժամ 46 րոպե տեւողությամբ հոգեբանական դրաման այժմ հայերեն լեզվով է ու անգլերեն ենթագրերով, բայց կլինի նաեւ անգլերենով: Ֆիլմի գործողությունները ծավալվում են Հայաստանում եւ ամբողջությամբ նկարահանվել են այստեղ: Կինոռեժիսորի խոսքով` “Անունս Վիոլա է” ֆիլմը նպատակ ունի ներկայացնել միայն արտերկրի կինոփառատոններին.“Հայկական ներքին սպառման շուկան շատ փոքր է, օրինակ, “Ոսկե Ծիրան”-ին չեմ ներկայացնի, որովհետեւ մոտեցումների հետ չեմ համակերպվում. անգամ եթե հանճարեղ ֆիլմ անես, միեւնույնն է` հայը Հայաստանում չի գնահատվում”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Mynameisviola.com կայքի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: